Տոնավաճառների առեւտրականներն ու խոշոր մատակարարները միասնական են իրենց ստվերը խորացնելու հարցում
Տոնավաճառների առեւտրականների դժգոհությունը նոր` քաղաքական փուլ է մտնում: Այն սկսել են օգտագործել քաղաքական ուժերը, ինչն, իհարկե, բնական է: Նույն կերպ տարիներ շարունակ վարվում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը` տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման դեմ բողոքը առաջնորդելով եւ իր նպաստը բերելով մեր երկրում ստվերի մեծ ծավալների տարիներ շարունակ պահպանվելուն: Փոխարենը նաեւ դրա շնորհիվ վերոնշյալ քաղաքական ուժը բավականին երկար ժամանակ մաս կազմեց իշխանությանը:
Հարկային բեռի 3,5 անգամ թեթեւացման դիմաց մատակարարներից պարտադիր փաստաթուղթ ունենալու օրենսդրական պահանջից առկա դժգոհությունից իրենց շահաբաժինն է ձգտում ստանալ հիմա էլ ընդդիմադիր քառյակը, ավելի շուտՙ եռյակն ու քաղաքական մուտացիայի նոր դրսեւորում «այլընտրանքը»` ԲՀԿ-ն: Սակայն քաղաքական ուժերը մշտապես աջակցելով այս կամ այն խավի կամ խմբի դժգոհությանը, որեւէ կերպ չեն մտահոգվում դրա սուբյեկտիվ լինելու եւ երկրի ու ամբողջ բնակչության շահերին հակասելու հարցով: Համենայնդեպս տվյալ դեպքում դժգոհության սուբյետիվությունն պարզորոշ է:
Չեն տրամադրում փաստաթուղթ, թե՞ չեն ցանկանում այն պահանջել
Բոլոր առեւտրականներն էլ գործընկերային հարաբերություններ ունեն մատակարար (խոշոր) ընկերության հետ եւ վերջինս է խնդրողի դերում, որ իր ապրանքը վաճառեն մանրածախ առեւտրականները` լինի դա տոնավաճառում, թե առեւտրի այլ օբյեկտներում: Այսինքն, առեւտրի մանրածախ որեւէ կետ, այդ թվում տոնավաճառներում, ցանկության դեպքում կարող է մեծածախ մատակարարից պահանջել եւ ստանալ փաստաթուղթ մատակարարված ապրանքի համար: Եթե նման փաստաթուղթ զանգվածաբար պահանջվի, խոշոր ընկերություններին այլ բան չի մնա անել, քան տրամադրել այդ փաստաթուղթը, քանի որ հակառակ դեպքում իրենց ներմուծած ապրանքը ոչ ոք չի վաճառի: Բնականաբար, դարձյալ ամբողջությամբ փաստաթղթաշրջանառությունը չի բացահայտվի, ստվերը կմնա, բայց գոնե որոշ չափով կնվազի: Հետեւաբար, պատճառաբանությունը, թե խոշոր ընկերությունները իրենց փաստաթուղթ չեն տրամադրում, իրականում լուծելի է, ինչի մասին շատ լավ գիտեն առեւտրով զբաղվողները:
Երկրորդ պատճառը, որը խոսում է առեւտրականների դժգոհության սուբյեկտիվության մասին, այն է, որ նրանք չեն ցանկանում հարկային ծառայությանը հայտնել այն մատակարարին, որն իրենց ապրանքի համար փաստաթուղթ չի տրամադրել : Նման հնարավորություն իրենք ունեն, բայց դարձյալ չեն օգտվում դրանից: Նման հնարավորություն նրանք ունեին նաեւ պարզեցված շահութահարկի դաշտում գործելու ժամանակ, բայց դարձյալ որեւէ մեկը չօգտվեց դրանից եւ չանվանեց իրեն մատակարարած ապրանքի դիմաց փաստաթուղթ չտրամադրող որեւէ ընկերության անվանում:
Երրորդ, շրջանառության հարկի նվազեցումը 3,5 տոկոսից մինչեւ 1 տոկոսի նշանակում է հարկային բեռի աննխադեպ` 3,5 անգամ թեթեւացում : Սա նշանակում է, որ առեւտրականները իրենց շրջանառությունը կարող են մինչեւ 3,5 անգամ ավելի ցույց տալ եւ շարունակել վճարել նույն հարկը կամ 2 անգամ ավելի ցույց տալով, վճարել ավելի քիչ, քանի 3,5 տոկոսի դեպքում ներկայացվող շրջանառության ժամանակ: Ներկայացնենք օրինակի վրա: Տարեկան 5 մլն դրամ շրջանառություն ցույց տվող տնտեսվարողը 3,5 տոկոս հարկի դեպքում վճարում է 175 հազար դրամ : Հոկտեմբերի 1-ից հետո, նա 175 հազար դրամ հարկ կվճարի, եթե ցույց տա 3,5 անգամ ավելի` 17 մլն 500 հազար դրամ շրջանառություն , իսկ եթե ցույց տա օրինակ 10 մլն դրամ շրջանառություն, ապա վճարելիք 1 տոկոս հարկը կկազմի 100 հազար դրամ :
Իրականության մեջ տոնավաճառների առեւտրականներն իրենց իրական շրջանառությունն այդ չափով չեն էլ բացահայտի, ինչը նշանակում է, որ այս փոփոխության դեպքում զգալիորեն ավելի քիչ հարկ են վճարելու անգամ իրենց ստվերը 2-3 անգամ բացահայտելուց հետո: Հետեւաբար, եթե նրանց իրական շրջանառությունը ցույց տրվող շրջանառությունից 3,5 անգամից ավելի չէ, մատակարարից փաստաթուղթ պահանջելու դեպքում ոչ մի վնաս չեն ունենա:
Ինչո՞ւ են ստվերի բացահայտման մեխանիզմին դեմ ստվերից խոսողները
Այժմ ընդդիմադիր քառյակի, այսպես ասած, հակընդդեմ առաջարկների մասին: Դրանիցից առաջինն այն է, որ տոնավաճառների առեւտրականները կամավորության սկզբունքով անցնեն 1 տոկոս հարկման դաշտ, իսկ չցանկացողները մնան 3,5 տոկոս հարկման դաշտում, երկրորդը, որ շրջանառության հարկի շեմը ներկայիս տարեկան 58 մլն դրամից բարձրացվի 150 մլն դրամի: Վերջինիս հիմնավորումն այն է, որ փաստաթղթավորմամբ աշխատելով, փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանառությունը կարող է գերազանցել 58 մլն դրամը: Թե ինչպե՞ս է դրանից հետո 150 մլն դրամ (գրեթե 4 մլն դոլար) շրջանառություն ունեցող ընկերությունը համարվելու փոքր կամ միջին, մեղմ ասած, անհասկանալի է:
Նախ` առաջարկելով պահպանել 3,5 տոկոսը, փաստորեն առաջարկվում է պահպանել ստվերային ահռելի շրջանառությունը տոնավաճառներում , մաքսանենգ, կեղծված, ժամկետանց, առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման հնարավորությունը, անհավասար մրցակցությունը մյուս տնտեսվարողների հետ: Սրանով միաժամանակ պահպանվում են այս երեւույթների դեմ խոսելու եւ կառավարությանը «օլիգարխների» դեմ պայքարել «չցանկանալու» համար մշտական քննադատությամբ հանդես գալու հնարավորությունները: Ի դեպ, ուղղակի զավեշտ է, երբ օլիգարխների մասին խոսում են ԲՀԿ պատգամավորները:
Երկրորդ` առեւտրի ոլորտում երկու տարբեր տոկոսադրույք պահելը` 3,5 տոկոս եւ 1 տոկոս, ոչ այլ ինչ է, քան անհավասար հարկային եւ մրցակցային դաշտի ստեղծում , դրանից բխող բացասական հետեւանքներով: Տոնավաճառները, ի տարբերություն մյուս առեւտրային օբյեկտների, կհայտնվեն ավելի մեծ ստվերում:
Հաջորդը: Խոշոր մատակարարները կշարունակեն մատակարարված ապրանքի դիմաց փաստաթուղթ չտրամադրել, անխաթար պահպանելով իրենց գերշահութաբերությունը: Օրինակ` շինանյութերի տոնավաճառներին ցեմենտ մատակարարող «Արարատցեմենտը» կշարունակի դա անել առանց փաստաթուղթ տրամադրելու մանրածախ վաճառողներին, շրջանցելով պետական բյուջեն: Կշահեն երկու կողմն էլ:
Շրջանառության շեմը 58 մլն դրամից 150 մլն դրամ դարձնելու վերաբերյալ: Սա հրաշալի հնարավորություն է ստեղծում խոշոր տնտեսվարողների համար ավելացված արժեքի հարկից ավելի թեթեւ` շրջանառության հարկի դաշտ անցնելու համար: Այլապես անհասկանալի է, թե տարեկան մինչեւ 5 մլն դրամ շրջանառություն ցույց տվող մոտ 40 հազար տնտեսվարողներից քանիսի՞ շրջանառությունը փաստաթղթերով աշխատելու դեպքում կարող է գերազանցել 150 մլն դրամը: Հաստատ շատ քչերի, ինչը բացահայտվելու դեպքում կպարզվի, որ նրանք 30 անգամ ավելի քիչ են ցույց տալիս իրենց շրջանառությունը: Հետեւաբար, այդ ընկերությունները ոչ միայն պետք է իրական շրջանառություն ցույց տան եւ դրանից հարկեր վճարեն, այլեւ խստորեն պատժվեն այդ ծավալի շրջանառություն թաքցնելու համար: Սակայն, եթե այդպիսիք չկան, ինչն ավելի հավանական է, այդ դեպքում շրջանառության շեմը բարձրացնելու նպատակը մեկն է` հնարավորություն ստեղծել խոշորներին անցնելու ավելի թեթեւ հարկման դաշտ եւ խորացնելու ստվերը :
Արդյունքում ստացվում է, որ տոնավաճառների առեւտրականներն ու նրանց խոշոր մատակարարները միասնաբար են գործում, պահպանելու համար երկուստեք շահավետ ստվերային առեւտուրը ի վնաս պետության եւ հասարակության, իսկ քառյակն էլ ապահովում է այդ գործընթացի իրավական կողմը: Այս իրավիճակում անտանելի է տոնավաճառների առեւտրականների երեսպաշտությունը, թե իրենք «հազիվ հացի փող են» աշխատում եւ խոշորների ստվերի հետ կապ չունեն:
Միամիտներ առեւտրում չեն լինում եւ այստեղ բոլորն էլ ամեն ինչի մասին ավելի լավ գիտեն, քան թե մեզանից շատերը կարող են ենթադրել: