Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՆՈՐ ԼԻՑՔ ԿՀԱՂՈՐԴԻ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ. ԱՆՐԻ ՌԵՆՈ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ ունի Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Ըստ դեսպանի եռակողմ հանդիպումը պետք է բովանդակային առումով նոր լիցք հաղորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ու նպաստի խաղաղության երկարաժամկետ հաստատմանը:

«Հանդիպման նպատակն է բովանդակային առումով նոր լիցք հաղորդել հակամարտության կարգավորման գործընթացին: Ինչպես նաեւ` խթանել երկու երկրների միջեւ փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը, որն իր ազդեցությունը կունենա շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վրա»,- ասաց Ռենոն` հավելելով, որ հանդիպմանը եւս մեկ անգամ պետք է վերահաստատվի, որ արցախյան հակամարտության կարգավորման բանակցված տարբերակին այլընտրանք չկա: Ըստ Ռենոյի այլընտրանք չկա նաեւ այն հարցում, որ Հայաստանը ԵՄ Արեւելյան գործընկերության ուժեղ գործընկերն է: Ըստ դեսպանի, այդ հարաբերություններին այլընտրանք չկա անգամ այն բանից հետո, երբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո եւս Հայաստանն ընդգծել է իր խորը կապը եւ պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ: Հայաստանի` ԵՄ-ի հետ գործընկերությունը շարունակելու այդ ցանկությունն արտացոլվեց անցյալ տարի Վիլնյուսում կայացած ԱլԳ գագաթաժողովի հայտարարության մեջ, որում հստակ նշված են Հայաստան-ԵՄ ապագա համագործակցության ոլորտները: Իսկ այդ հայտարարության դրույթների կենսագործումը գալիք ժամանակի խնդիր է»,- ասաց դեսպանը` հավելելով, որ Ֆրանսիան շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ Հայաստանին պետք է հնարավորություն ընձեռվի Ասոցիացման պայմանագիրը ստորագրելու: Անրի Ռենոն հիշեցնում է, որ նման հայտարարություն մայիսին Երեւանում պետական այցի շրջանակներում կատարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն եւ պաշտոնական Փարիզը շարունակում է այդ գաղափարը պաշտպանել:

«Ես կարծում եմ, որ սա առանց երկիմաստությունների արված կարեւոր հայտարարություն էր, որը լսելի եղավ ոչ միայն Հայաստանում, այլեւ ՀՀ սահմաններից շատ հեռու: ԵՄ խնդիրն է պահպանել սերտ հարաբերություններ Հայաստանի հետ: Ես կարող եմ ասել, որ ապագան խոստումնալից է Հայաստանի համար»,- կանխատեսեց Անրի Ռենոն: