Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո հանրության մտածող հատվածը փորձում է լուծել գլուխկոտրուկը` ի՞նչ են ուզում հանրահավաք հրավիրող բազմատարր հարթակի ղեկավարներն ու նրանց վերադաս-ԲՀԿ առաջնորդը, ի՞նչ կա այն «եթեի» տակ, որ ասաց Ծառուկյանը («եթե իշխանությունը շարունակի անտեսել եւ մերժել համաժողովրդական շարժման պահանջները, կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում եւ արտահերթ ընտրություններ»), եւ ընդհարապես` իշխանությունն ու ոչ իշխանության տարբերակիչը ո՞րն է: Կամ ինչո՞ւ են հրավիրվում այդ հանրահավաքները հիմա, այդ հիմայի տակ ի՞նչ կա:
Այդ գլուխկոտրուկի լուծումն առաջին հայացքից կարող է հեշտ թվալ, բայց դա միայն առաջին հայացքից, որովհետեւ ամենաանհավանական ենթադրություններն անգամ որեւէ լույս չեն սփռում հանրության մտածող հատվածի մոտ ծագող հարցերի վրա: Ասենք` խորհրդարանական հանձնաժողովներում սկսված բյուջետային քննարկումներում ԲՀԿ-ականների գլուխ պահելը սուր հարցադրումներիցՙ ամենեւին չի բռնում հանրահավաքի կոչերի բուռն ոգու հետ: Ու ընդհանրապես` ԲՀԿ-ական անհատների վարվելակերպը չի խոսում այն մասին, որ նրանք սուր հակադրություն ունեն իշխանության հետ` սկսած ԲՀԿ-ական գործարարներով, վերջացրած մի քանի ինտելեկտուալների ոչ մի տեղ չերեւակվելուց: Սուր հակադրություն չի երեւում նաեւ իշխանականների` ոչ իշխանությանը տեղը դնելու ջերմեռանդության առումով, դրա հատուկենտ դրսեւորումները կենտ մարդկանցով մի առանձնակի անհանգստացածության նշան չեն, ոչ էլ սովորական ՀՀԿ-ականների մոտ է անհանգստություն տեսանելի առանձնապես: Նախագահ Սարգսյանն էլ հանգիստ շարունակում է իր գրաֆիկն իրակացնել ու հատկապես հետաքրքրական էր նրա ` ֆրանսիական հանդիպումների օրակարգը:
Բայց մի բան հստակ տեսանելի է` իշխանությունն ու ոչիշխանությունը մի տեսակ ոչ թե հիմնական գործողությունների են դիմում, այլ ամեն մեկն իր դիտակետում լայն դիրքավորված կարծես սպասում են ինչ-որ բանի: Ինչի՞ են սպասում` դա էլ այլեւս գաղտնիք չի կարող լինել, պարզ է, որ հունվարի մեկից Եվրասիական կառույցին Հայաստանի անդամակցումը փոփոխությունների է բերելու ամեն ինչում, ու այն , ինչ հիմա ամուր եւ շոշափելի է թվում, այն ժամանակ կարող է հոսել հեղուկի տեսքով:
Ոչ պաշտոնական տարբեր գնահատականներին ու սպասումներին երբեմն անսպասելի ի պաշտոնե գնահատականներ են գումարվում, ու մտածող մարդը ոչ իշխանական եւ իշխանական հարթույթներում տեղի ունեցողի պատճառահետեւանքային կապերը կարող է գտնել: Օրինակ` պրոֆեսիոնալիզմի առումով երբեք կասկածի տակ չդրված ֆինանսների փոխնախար Պավել Սաֆարյանն Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննակման ժամանակ չթաքցրեց, որ հաշվարկված չէ ԵՏՄ անդամակցության տնտեսական ազդեցությունը Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վրա, այսինքն` մեր բյուջեն հաշվարկված է այն մեթոդաբանությամբ, որով նախորդ տարիներին էր հաշվարկվում, բնականաբար նոր տարում հարկ կլինի կյանքի իրողություններից ելնելով նոր հաշվարկներ անել բյուջետային ցուցանիշներում: Այսինքն` հիմա հայտարարվող թվերը ոչինչ չարժեն, դրանք փոխվելու են, ու անգամ հայտնի չէ` դրանք փոխելու են նոր մարդի՞կ, թե… ուրիշները: Մանավանդ, որ անկախ արդեն առկա եվրասիական պայմանագրի կետերից, դեռ պարզ չէ, թե Ռուսաստանն արագ-արագ ինչպե՞ս է փոփոխելու օրենքները` պաշտպանելով իր շուկան անցանկալի կորուստներից, եւ սրա դեմ ոչինչ չի կարող անել եվրասիական պայմանագիրը: Օրինակ, այդ պայմանագրով մեր աշխատուժն ազատ կարող է հոսել Եվրասիական տարածք, մինչդեռ Ռուսաստանն արդեն օրենք է ընդունել, մի շարք ոլորտներում սահմանափակելով այլ երկրների աշխատուժի օգտագործումը (հին ոլորտներում արգելանքին հիմա ավելանում են շինարարության, տրանսպորտի ու գյուղատնտեսության ոլորտները, որտեղ ավանդաբար հայ միգրանտներն աշխատում էին):
Մենք չգիտենք նաեւ` ինչպե՞ս կփոխվեն մեր երկրում գները, բյուջեի եկամուտներն ի՞նչ մակարդակի կլինեն, ու չնայած ռուսաստանցի, բայց ԱՄՆ-ում ապրող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը համոզված ասում էր, թե հայ գործարարներն անհամբեր սպասում են, որ ԵՏՄ պայմանագիրը սկսի գործել, ու մերոնք իրենց ապրանքներն ավելի մեծ ծավալով արտահանեն կամ ներկրման ծավալները բազմապատկեն, բայց մենք հո գիտե՞նք, որ գործարարները դեռ լայն հանրությունը ու նրա շահերը չեն: Ուրիշ բան, որ Հայաստանում գործարարները նույնացել են ղեկավարության հետ, բայց արդյոք դրանից կշահի՞ երկրի բյուջեն այնպես, որ հանրությունն իր կաշվի վրա զգա դա, թե՞ միայն գործարարների գրպանները կուռչեն: Այս բոլորն ասում ենք` նկատելու համար, որ հունվարից մեր կյանքի փոփոխությունների ողջ բացվածքն այժմ հնարավոր չէ կանխատեսել, բայց որ դրանք կլինեն եւ դրական, եւ բացասական վեկտորներով, դա ակնհայտ է: Տնտեսական սպասումները Հայաստանում, բնականաբար պրոյեկտվել են քաղաքական սպասումների վրա:
Նույն կերպ շատ հնարավոր է, որ երկրի ղեկավարության առումով եւս փոփոխություններ լինեն` մասնակի կամ նույնիսկ առանցքային դեմքերի փոփոխության տեսքով, քանի որ հնարավոր չի լինի խուսափել զանազան վերպետական թելադրանքներից: Միգուցե հենց այդ սպասումն է դուրս թողնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունների ջինը շշից. սովետիզմից, այո, մերոնք դեռ չեն ազատագրվել, ինչի հետեւանք են այն փսփսոցները, թե միգուցե հարկ լինի քանդել ու հավաքել առավել ռուսամետ խորհրդարան, իբր, սա` գործողը ռուսամետ չէ՞: Միգուցե այս լեգենդն են սնում կամ հենց այս լեգենդից է սնվել նաեւ Գագիկ Ծառուկյանի խոստացած տարածքային շտաբների ձեւավորումը, որը նա խոստացավ վերջին հանրահավաքում:
Այնպես որ` այդ հանրահավաքի ուղերձները պետք է որոնել ոչ թե իշխանությանը, կամ էլ ժողովրդին, այլ ԵՏՄ անունով նոր ձեւավորվող աշխարհաքաղաքական միավորին ուղղված լինելու մեջ, ենթատեքստով, թե այլ մարդկանց մի փնտրեք, մենք ամենաարժանին են նոր, ռուսամետ իշխանություն լինելու, ուրիշները չկան էլ: Միգուցե` ներկա նախագահով, կամ` առանց նրա, միեւնույն է, դրա համար դեռ հստակ իշխանափոխության կոչեր հանրահավաքում չեն դրվում:Համենյանդեպս` այդպիսի ենթատեքստ ու նույնիսկ բաց տեքստ կար ե՛ւ առաջին նախագահի ելույթում, ե՛ւ Գագիկ Ծառուկյանի խոսքում: Իսկ մենք երկրում ըստ էության փոփոխությունների սպասողներին հիասթափեցնենք` դրանք կարող են լինել կամ չլինել այնքանով, որքանով նոր օկլիգարխիական խմբի շահերը դրանք թույլ կտան: Ի դեպ` Հայաստանում բոլոր ընդդիմությունները մեծ հաշվով ոչ թե հանրության շահն են սպասարկել միշտ, այլ իրենց խմբային շահերի բազմապատկումը, ու այդ խմբային համախմբումը հենց տեսանելի է այսօրվա հարթակում: Թե չէ` ի՞նչ գործ ուներ ինքնաբավ ԲՀԿ-ն լուսանցքային ՀԱԿ-ի հետ (Տեր-Պետրոսյանի ասած մարգինալը հենց հանրության աջակցությունը չվայելող ՀԱԿ-ն է), որին դեն կնետեն իշխանություն ստանալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում, իսկ «Ժառանգությունը» հարթակում է, քանի որ պարզապես իր տեղը չի գտնում քաղաքական խմբային պայքարում, վերջին նախագահական ընտրություններց հետո հանրության լայն շերտի աջակցությունը կորցնելով:
Հանրահավաքների` հիմա սկսվելու եւ եկող տարվա սկզբին կազմ-պատրաստ դիմավորելու մեկնարկին զուգահեռ` իշխանությունը կարծես նույն սպասումն ունի, սակայն մի փոքր ավելի քողարկված ձեւով: Նախագահ Սարգսյանը հետաձգեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի վերաբերյալ իր վերջնական տեսակետի հայտնումը` էլի եկող տարվա փետրվար-մարտին, երեւում է` ոչ իշխանությունն ու իշխանությունը գիտի մի բան, որ հանրությունը չգիտի: Միգուցե դա իսկապես էլ վերաբերում է խորհրդարանն արձակելուն` նոր իրողությունների համապատասխան խորհրդարան հավաքելով եւ այնտեղ ներառելով այն մարդկանց եւ ուժերին, որոնք չեն «ջղաձգվի» (Տեր-Պետրոսյանի բառերով) եւ ավելի նեղացնելով շրջանակը, միաժամանակ ապահովելով իշխանության անցնցում փոխանցումն այդ նեղ շրջանակին: Պատահական չէ, որ երբ արդեն շատ ժամանակ ՀՅԴ-ականների բերանը ցավեց 100 տոկոս համամասնական ընտրակարգ պահանջելով եւ մերժում ստանալով, այժմ այդպիսի նախագիծ է մեջտեղ բերում ԲՀԿ-ն: Ասել է թե` հիմա ե՛ւ իշխանական քաղաքական ուժը եւ ո՛չ իշխանականները պայքարում են այդ նեղ շրջանակում մնալու համար` խաղից հանելով որքան հնարավոր է շատ մարգինալների (եւ անհատների, եւ քաղաքական խմբերի):
Հանրահավաքները նաեւ զբաղեցնում են մարդկանց, ովքեր իրենց հույսով լի հայացքները հարթակին ուղղելով` ելք չեն որոնի այլեւս, հարյուր քայլ առաջ չեն նայի, նոր մարդկանց առաջ չեն մղի, նոր ընդդիմություն չեն ձեւավորի, որն ի դեպ մեր երկրին շատ անհրաժեշտ է` լավ իշխանություն ունենալու համար: Մեր ներկա ոչ իշխանականների համար չէ՞ որ դժվար է, ու բացի այդ` խմբային շահերից չի բխում երկրի մոտակա քայլերի վերաբերյալ ծրագիր մշակել, փնտրել-գտնել հանրության մեջ առկա ինտելեկտուալներին, նրանց ներուժն օգտագործել, կրթել ժողովրդի: Չէ՞ որ այս դեպքում ժողովուրդն իրական փոփոխությունների պահանջ կձեւավորի, որ կսրբի-կտանի այժմ առկա օլգարխիական խմբերին եւ օլիգարխիական կառավարումը: Հեշտը միասին դամ պահելն ու փոփոխությունների խաբկանք ստեղծելն է: