Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առեւտրի կենտրոնի նոր համալիր: Բացումը տեղի է ունեցել 2011 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետեւանքով նախկին կենտրոնի զույգ աշտարակների կործանումից ավելի քան 13 տարի անց:
BBC-ն հաղորդում է, որ Conde Nast հրատարակչական ֆիրմայի աշխատակիցներն արդեն տեղափոխվել են նոր կենտրոնի 104 հարկանի շենք եւ կզբաղեցնեն 5 հարկ:
Այդ երկնաքերի շինարարությունն արժեցել է 3,8 մլրդ դոլար եւ տեւել է 8 տարի: Ներկայումս դա ԱՄՆ-ի ամենաբարձր շենքն է: Դրա ամբողջ մակերեսի 60 տոկոսը տրվում է վարձակալության, եւ պետական ծառայություններն արդեն պայմանագրեր են կնքել շենքի մեծ մասի վարձակալման վերաբերյալ:
Համաշխարհային առեւտրի նոր կենտրոնը կառուցված է այն հողատարածքում, որի սեփականատերը Նյու Յորքի նավահանգստի վարչությունն է: Վերջինիս գործադիր տնօրեն Պատրիկ Ֆոյը կարծում է, որ 104 հարկանի երկնաքերի կառուցման շնորհիվ «քաղաքի բնապատկերը վերականգնվել է»:
Երկնաքերի բարձրությունը 541 մետր է: Շենքը կենտրոնական դիրք է զբաղեցնում այն տարածքում, որտեղ գտնվում են նախկին կենտրոնի տեղում կառուցված հուշահամալիրը եւ այս տարի բացված թանգարանը:
Առաջիկա ամիսներին շենքի կտուրի վրա կբացվեն այցելուների սրահ եւ դիտահարթակ:
Պատրիկ Ֆոյի խոսքերով, Համաշխարհային առեւտրի նոր կենտրոնը Ամերիկայի ամենաապահով գործարար շենքն է: Այն կառուցված է երկաթբետոնից եւ զգալիորեն գերազանցում է շինարարական նորմերով պահանջվող ամրության պարամետրերը:
Համաշխարհային առեւտրի նոր կենտրոնը գտնվում է վեցուկես հեկտարանոց հողատարածքի միջնամասում, կործանված զույգ երկնաքերների (2700 զոհ) տեղում: