ԱՄՆ Կոնգրեսի տասնյոթ ներկայացուցիչներ միացել են կոնգրեսական Ադամ Շիֆին (D-CA)՝ կոչ անելով Բայդենի վարչակազմի առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին արգելափակել առաջարկվող լիցենզիան, որը թույլ է տալիս ամերիկյան արտադրության գերհզոր հրացաններ վաճառել Ադրբեջանին․ հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից:
Շիֆի նամակը հաջորդում է անցյալ ամիս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (D-NJ) կողմից ուղարկված նմանատիպ նամակին և այս տարվա փետրվարին ուղարկված ANCA-ի ավելի վաղ նամակին:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ներկայացուցիչ Շիֆին և բոլոր նրանց, ովքեր միացան նրան՝ պահանջելով քարտուղար Ռայմոնդոյից վաղուց ուշացած պատասխաններ Կոնգրեսի բազմաթիվ հարցումներին և այս տարվա փետրվարի 13-ի մեր դեռևս անպատասխան նամակին», – ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Շիֆի նամակը յոթ հիմնական հարց է տալիս քարտուղար Ռայմոնդոյին, ով նախկինում ծառայել է որպես Ռոդ Այլենդի նահանգապետ:
Ադրբեջանին ամերիկյան հրացանների հնարավոր վաճառքի մասին լուրը, ներառյալ հարձակողական ոճի և կիսաավտոմատ դիպուկահարների մոդելները, առաջին անգամ տարածվել է փետրվարի 1-ին, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (D-NJ) հայտարարեց առաջարկվող վաճառքի շուրջ իր «խոր մտահոգության և խիստ հակազդեցության» մասին։
«Զենքի արտահանումը ավտորիտար երկիր, որը պատերազմ է մղում հարևանի դեմ, շրջափակում է խոցելի բնակչությանը և թույլ է տալիս մարդու իրավունքների ոտնահարում, համահունչ չէ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին ուղղված վարչակազմի հավատարմությանը», – ասվում է սենատոր Մենենդեսի՝ քարտուղար Ռայմոնդոյին ուղղված նամակում: