«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջիկայում այց չի նախատեսում Արցախ: Այսպիսով, Արցախն արդեն 5 ամիս է՝ շրջափակման մեջ է. միայն երեկ հայտարարեցին, թե անցակետը դրել են, միջանցքը մտադիր են բացել: Դեռեւս 2020թ.-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Հայաստանն Արցախին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ արդեն ապրիլի 12-ից ամբողջական շրջափակման է ենթարկել Արցախը՝ փակելով նաեւ Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:
Արցախում մարդու իրավունքների խախտումերի վերաբերյալ բազմաթիվ աղաղակող դեպքեր են արձանագրվել. արցախցիները թշնամու կողմից թե՛ հոգեբանական թե՛ ֆիզիկական ճնշումների են ենթարկվում մշտապես:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ՄԻՊ աշխատակազմ՝ հասկանալու՝ շրջափակումից ի վեր այցելել են արդյոք Արցախ կամ դիմել են Կարմիր խաչին այցը կազմակերպելու համար: ՄԻՊ աշխատակազմից մեզ տեղեկացրին, որ շրջափակումից հետո Պաշտպանի աշխատակազմից այս ընթացքում չեն այցելել Արցախ, որպեսզի տեղում հասկանան, թե ինչ խնդիրների են բախվում արցախցիները:
ՄԻՊ աշխատակազմից հետաքրքրվել էինք նաեւ, թե երբ է արդյոք պատրաստվում նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել Արցախ։ Մեզ աշխատակազմից տեղեկացրին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Պաշտպանը կմեկնի Արցախ՝ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակին ծանոթանալու եւ այդ բնագավառում առկա խնդիրներն արձանագրելու նպատակով: «Այցի հնարավորության հետ կապված հարցերն այժմ գտնվում են քննարկման փուլում»,-ասվում է Պաշտպանի աշխատակազմից մեզ տրված պատասխանում: Այսպիսով, պատասխանից պարզ է դառնում, որ Անահիտ Մանասյանը համենայնդեպս առաջիկայում այց չի նախատեսում Արցախ շրջափակմամբ պայմանավորված խոչընդոտների պատճառով: Հատկանշական է, որ, օրինակ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ ՄԻՊ-ի առջեւ փակ դռներ չկային. վերջինս ցանկացած միջոց գտնում էր, որպեսզի այցելի ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր, տեղում արձանագրում էր, թե դրա հետեւանքով քաղաքացիներն ինչ խնդիրների են բախվել»: