Երեւան-Իֆրան (Մարոկկո) – Աֆրիկայի հայերի պատմությունն ուսումնասիրելու շնորհիվ առիթ ունեցա ճանաչել մեր որոշ ուշագրավ հայրենակիցների աֆրիկյան տարբեր երկրներից: Նրանցից է Մարոկկոյի Իֆրան քաղաքի Ալ Ախաուայն համալսարանի Հումանիտար եւ սոցիալական գիտությունների դպրոցի միջազգային հետազոտությունների դոցենտ Ջեք Վահրամ Գալփագյանը (Քալփաքյան): Սուդանում ծնված եւ Միացյալ Նահանգների քաղաքացիություն ստացած Գալփագյանը բակալավրի աստիճան է ստացել Կալիֆոռնիայի Սանտա Կլարա եւ միջազգային հետազոտությունների դոկտորի կոչում՝ Օլդ Դոմինիոն համալսարանում (Նորֆոլք, Վիրջինիա): Մասնագիտացած է անվտանգության ուսումնասիրությունների, միջազգային քաղաքական տնտեսության եւ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի ոլորտներում: Գալփագյանը հեղինակ է անգլերեն եւ արաբերեն գիտական հոդվածների, որոնք վերաբերում են ահաբեկչության, միջազգային անվտանգության, միջազգային քաղաքական տնտեսության, ջրի, Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Աֆրիկայի հիմնախնդիրներին:
–Ջե՜ք, եկե՜ք նախ քննարկենք ձեր մասնագիտությանն առնչվող որոշ հարցեր: Որքանո՞վ են զարգացած միջազգային հարաբերությունները որպես գիտության ոլորտ Մարոկկոյում եւ այն ունի՞ որեւէ ազդեցություն քաղաքականության վրա:
-Միջազգային հարաբերություններն այստեղ ավանդաբար դասավանդվում են որպես իրավունքի ճյուղ, ո՛չ պարտադիր կերպով որպես սոցիալական գիտություն: Այն եղել է իրավունքի ճյուղ, եւ մոտեցումը շատ ֆրանսիական էր, բայց Իֆրանի Ախաուայն համալսարանը ձգտում է առաջարկել միջազգային հարաբերությունները որպես սոցիալական գիտություն՝ երկրում միջազգային գործերով զբաղվող մարդկանց թիվն ընդլայնելու համար: Գիտաճյուղի նպատակը քաղաքական չէ, ավելի շուտ ուղղված է դեպի միջազգայնացումը:
–ՄԱԿ-ի ստեղծմամբ մարդկությունը կարծում էր, որ գլոբալ անվտանգության իր երազանքն իրականություն կդառնա: Սակայն դրան հաջորդեցին բազմաթիվ պատերազմներ, եւ այժմ միջազգային իրավիճակը հեռու է անվտանգ լինելուց: Հատկապես մեր տարածաշրջանում: Հավանաբար մարդկությանը պետք է մեկ ա՞յլ մոտեցում՝ նոր մեծ պատերազմներից խուսափելու եւ վերջապես միջազգային անվտանգության հասնելու համար:
-Հիվանդությունների, սովի, կլիմայի փոփոխության եւ ծայրահեղականության սպառնալիքները չպետք է անտեսվեն: Լուծումների հիմնական խոչընդոտն այն է, որ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը հակված են միմյանց գոյությունը դիտարկել որպես խնդիր: Վիկտորյա Նուլանդի, նրա ամուսնու եւ նրա գլխավոր ղեկավար Բայդենի նմանների համար շատ դժվար է հասկանալ, որ իրենք ավելի մեծ խնդիրներ ունեն, քան Պուտինը:
–Երկու տարի առաջ կարդացի Տիգրան Եկավյանի «Արեւելքի փոքրամասնությունները» ուշագրավ վերլուծական հետազոտությունը, որտեղ հեղինակը ցույց է տալիս Մերձավոր Արեւելքի ոչ մահմեդական բնակչության անորոշ ապագան: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Մաղրեբի երկրներում:
-Ամազիղները (բերբերները) բառի ոչ մի իմաստով փոքրամասնություն չեն Մաղրեբի չորս երկրներում (Մարոկկո, Լիբիա, Թունիս, Ալժիր): Նրանք շատ լավ ինտեգրված են եւ իրականում կարող են լինել մեծամասնություն կազմող համայնք բոլոր չորս երկրներում, որտեղ փոքրամասնության լեզուն տարանջատված է խնդրից: Հրեական համայնքը վերացել է, բացառությամբ Թունիսի եւ Մարոկկոյի, եւ նույնիսկ նախկինում նրանց թիվը շատ փոքր էր:
–Հետեւու՞մ եք Հայաստանում տիրող իրավիճակին եւ ի՞նչ կարծիքի եք դրա ներկայիս զարգացումների մասին:
-Այո՛, հետեւում եմ: Ներկայիս զարգացումները ես դիտարկում եմ որպես հայկական գործերին արտաքին միջամտության տրամաբանական արդյունք, որը, ցավոք, սկսվեց Սառը պատերազմի ժամանակ, իսկ այժմ ի հայտ է գալիս միջամտությամբ եկեղեցու գործերին:
–Ինչպե՞ս է Գալփագյան ընտանիքը հայտնվել Սուդանում.
-Եգիպտոսի ճանապարհով: Պապիս զարմիկը՝ արաբկիրցի Ֆիլիպ Գալփագյանը, եկել էր ցեղասպանությունից առաջ՝ 1906 թվականին, եւ գործակալներ էր ուղարկել՝ փրկվածներին հետ բերելու համար: 1930-ականներին նրա մի զարմիկը գտնվել է Կահիրեում, որն ապրում էր որպես փախստական, եւ նա նույնպես գաղթել է Սուդան:
–Ինչպե՞ս էր կյանքը Սուդանում մեծացող հայի համար:
-Հեշտ չէր: Թեեւ շատ լավ բաներ կարող ենք ասել Սուդանի ժողովուրդների մասին, բայց նրանց մեջ կային շատ կրոնական մոլեռանդներ, եւ նրանցից ոմանք մինչեւ անգամ քարկոծեցին ինձ ու քրոջս, երբ մենք խաղում էինք հորս բեռնատարում, մեր ծննդավայր Գեդարիֆում: Քույրս վիրավորվեց, ճակատին սպի էր մնացել… կլիներ հազիվ հինգ տարեկան: Ծնողներս տեղափոխվեցին Խարթում՝ հիմնականում Գեդարիֆի այս միջադեպի պատճառով:
–Այժմ ապրում եք Մարոկկոյում, մի երկրում, որտեղ 1920-1980-ականներին փոքրաթիվ հայկական համայնք կար: Իսկ հիմա՞:
-Կասաբլանկայում կա «Արարատ» տունը, նրա աշխատողները զանգահարել են ինձ. ֆրանսահայ մի ընտանիքի պատկանող առանձնատուն է: Նրանք ամիսը մեկ անգամ բոլոր հայերի համար բացում են իրենց տունը: Բայց ես ապրում եւ աշխատում եմ մի վայրում, որը հեռու է Կասաբլանկայից: Մարակեշում մի վաճառական կա՝ Ջոնի Չաթարճյան անունով, որն ամուսնացած է մարոկկոցի կնոջ հետ, ունեն երեխաներ: Բացի այդ, կան ինձ նման մեկուսացված անհատներ: Ինձ հետ մտերիմ է Բուլբուլյան ընտանիքի մի անդամը: Աղջկաս հետ խոսում եմ արեւմտահայերեն, իսկ նա մոր հետ խոսում է ֆլամանդերեն: Ֆրանսահայերը շատ հաճախ էին գալիս այստեղ, հատկապես Ցեղասպանությունը վերապրածները, քանի որ տեղանքը շատ նման է Արեւմտյան Հայաստանին:
–Ձեր սիրելի մեջբերումներից է Պարույր Սեւակի «Կա՛նք, պիտի լինե՛նք ու դեռ շատանա՛նք»: Բայց ինչպե՞ս: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հազարավոր դրդապատճառներով մարդիկ խուսափում են շատ զավակներ ունենալուց՝ ի տարբերություն մեր հարեւանների, որոնց թիվը կտրուկ ավելանում է:
-Արդյո՞ք «կտրուկ ավելանում է»: Թուրքիայի ժողովրդագրությունը վտանգված է. Ադրբեջանի թվերը կասկածելի են:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ