Անկարայում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա սահմանի հեռանկարների քննարկումը` Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպմամբ
Երբ խոսում են անցյալը կարեւորելու, անցյալը հիշելու մասին, առավել ապագային հայացքն ուղղած մարդկանց զգալի մի բազմություն հակառակվում է, թե անցյալին նայելու փոխարեն պետք է ապագային նայել ու մտածել այդ ուղղությամբ: Սրան բերվող հակափաստարկն էլ անցյալի անգիտության ու մոռացության վրա ապագա կառուցելու անհնարինության մատնանշումն է: Իսկ երբ անցյալի հետեւանքները ներկան են պայմանավորում, ավելին` ուրվագծում ապագան, հստակ է, որ ապագայի մասին մտքերն անցյալից կտրելու դեպքում ամբողջականություն չի լինի եւ ոչ մի բանում:
Նոյեմբերի 22-23-ին Անկարայում Հրանտ Դինքի անվան հիմնադրամը` Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի տնտեսագիտության ամբիոնի հետ համագործակցությամբ (Թուրքիայի բազմաթիվ «կարկառուն» դեմքերի կրթարան լինելով հայտնի ֆակուլտետ Ա.Հ.) տեղի ունեցավ «Կողպված դարպասը. խորհրդաժողով Թուրքիա-Հայաստան սահմանի հեռանկարների մասին» թեմայով գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես եկավ Հրանտ Դինք հիմնադրամի նախագահ, Դինքի այրի Ռաքել Դինքը , նշելով, որ անհրաժեշտ է հաղթահարել մարդկանց պատանդ վերցնող ու խղճից հեռու պահող բոլոր սահմանները: Ողջույնի խոսք ասաց նաեւ Անկարայի համալսարանի հյուրընկալ ամբիոնի ղեկավար Օնուր Օզսոյը ` կոչ անելով բացել սահմաններն հանուն խաղաղության եւ կայունության:
Գիտաժողովի բացման եւս մեկ ելույթի հեղինակը թուրք գրող, հիմնադրամի խորհրդի անդամ Ջենգիզ Աքթարն էր, որի խոսքում հիշատակվեց, թե ուղեղի նույն հատվածում են հիշողություններն ու երեւակայությունը, ուստի անցյալի ու ապագայի փոխկապվածությունը չի կարող բացառվել: Հետաքրքրական մի դիտարկում, որի տարաբնույթ մեկնաբանություններին Թուրքիայում կարելի է հանդիպել մարդկանց հետ ուղղակի շփումների ժամանակ, մինչեւ անգամ գիտական նյութերի բովանդակությունում:
Թեեւ վերջին շրջանում Թուրքիայում հայկական իրականությանն ու իրողություններին առնչվող տարբեր հարցերով հանդիպումներ ու քննարկումներ շատ են տեղի ունենում, բայց գիտաժողովն իսկապես ներկայացուցչական էր ոչ միայն մասնակիցների, այլեւ ներկայացված զեկույցների առումով:
Փակ սահմանը ներկայացվեց ու դիտարկվեց տարբեր հարթություններում` քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մարդասիրական, մշակութային, տարածաշրջանային` ընդհանրական մատուցված դեպի խաղաղություն մոտեցմամբ:
Թեմաների բազմազանության պակաս չէր զգացվում` ընդհանրապես Կովկասում սահմանների պատմությունից մինչեւ սահմանի դերակատարությունըՙ Թուրքիայում հայտնված հայ միգրատների կյանքում: Հետաքրքրական էր, որ Անկարայում հավաքված փորձագետները չխոսեցին ու այդկերպ չներկայացվեց միայն հայ-թուրքական սահմանը, այլեւ զեկույցներ եղան ռուս-վրացական սահմանի, եզդի համայնքի տեսնակյունների, ադրբեջանական դերակատարության, ղարաբաղյան հակամարտության շահարկման, Ռուսաստան-Եվրասիական միության, Միջին Արեւելքի փորձի, մշակութային հուշարձանների ու երաժշտության, լեզվի մասին:
Բանախոսների զգալի մասը հայեր չէին, եւ թերեւս միասնական էր մոտեցումը փակ սահմանը բաց տեսնելու հեռանկարի առնչությամբ: Անկախ ամեն ինչից, բոլորի համար էլ հստակ էր, որ միայն Հայաստանը չէ, որ կշահի բաց սահմանից, այլեւ Թուրքիան, որի համար Կարսից դուրս եկող ճանապարհները ինչպես այդ տարածաշրջանը զարգացնելու, այնպես էլ Հայաստանով անցնող ուղիների օգտագործմամբ կարելի է շահողի դերում լինել:
Ընդհանուր առմամբ, երկօրյա գիտաժողովում 27 զեկույց ներկայացվեց` առաջինը օրը կենտրոնանալով փակ սահմանի տեղական ու գլոբալ համատեքստերի վրա, իսկ երկրորդ օրն առավելապես գերակայում էր անդրսահմանային հնարավոր համագործակցության հնարավորությունների, ինչպես նաեւ սահմանի սոցիալ-տնտեսական ազդեցության թեման:
Գիտաժողովն արտաքուստ խաղաղ պայմաններում էր ընթանում, ոչինչ չխոչընդոտեց ազատորեն Հայոց ցեղասպանության թեմային եւս անդրադարձի պահերը: Սակայն առաջին իսկ օրն ակնհայտ դարձավ, որ Անկարայի իշխանությունները հանգիստ դիտողի կարգավիճակում չէին, քանի որ գիտաժողովի առնվազն երկու մասնակցի, որոնք թեմայով հետաքրքրված էին ներկայանում, առավել հետաքրքրում էին ոչ թե սահմանի փակությանն առնչվող հարցեր, այլ «հայ ահաբեկիչների, Հայաստանում քանդված մզկիթների, նժդեհականության` որպես ֆաշիզմի, Ցեղասպանության փաստի քննարկման» հայտարարություն անելու հնարավորությունները:
Որոշ զեկույցների դեռ անդրադառնալու ենք «Ազգի» առաջիկա համարներում: Այս հրապարակմամբ նշենք, որ զեկույցներից որոշների պարագայում ապատեղեկատվության առատություն էր զգացվում: Որոշներն էլ այնքան հագեցած էին ադրբեջանական իրականությանն առնչվող նյութերով ու մեջբերումներով, որ ակամա տպավորություն էր ստեղծվում, թե գիտաժողովին մասնակցության հիմնական նպատակը ադրբեջանցի փախստականի կերպարին ու խնդիրներին անդրադարձն էր:
Այդուհանդերձ, փաստ էր նաեւ, որ թուրքական գիտական, հատկապես երիտասարդ մտքի տարբեր ներկայացուցիչներն անդրադառնում էին հայ-թուրքական սահմանի տարբեր ասպեկտներին, ինչն ինքնին ողջունելի է: Ողջունելի է նաեւ, որ հարցադրումներ անելիս երիտասարդ գիտնականները թուրքական կառավարական մոտեցմամբ չեն առաջնորդվում, այլ փորձ են անում ելնել զուտ գիտական ձեւակերպումների ու փաստարկման տեսանկյունից:
Գիտաժողովի ընթացքում հանրությանը ներկայացվեց նաեւ Թոմաս դե Վաալի «Սեւ այգի» գրքի թուրքերեն թարգմանությունը` հեղինակի մասնակցությամբ եւ Հրանտ Դինքի հիմնադրամի միջոցներով: Նույն հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսության ծրագրի» շրջանակներում կոնֆերանսին մասնակցում էին նաեւ Հայաստանից Ստամբուլ, ապա Անկարա հասած հայ լրագրողների մի խումբ, որի ունեցած հանդիպումների մասին եւս կարող եք կարդալ «Ազգի» առաջիկա համարներում:
Անկարայի հավաքն ավարտվեց տեղի ունեցածի ընդհանրացմամբ Ջենգիզ Աթքարի եւ Սիվիլիթաս հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Սալբի Ղազարյանի մասնակցությամբ: Աքթարն իր խոսքում նշեց, որ 1915թ.-ն է մտավոր սահմաններ գծել ու ստատուս քվո հաստատել, սակայն ջինն արդեն շշից դուրս է հանվել ու ոչ ոք նրան շիշը նորից խցկել չի կարող:
Անկարա-Երեւան
Հ.Գ. Հայաստանից եւ սփյուռքից մի շարք հայկական լրատվամիջոցների լրագրողներ Անկարայի գիտաժողովում մասնակցում էին Հայաստան-Թուրքիա լրագրողական երկխոսության ծրագրի շրջանակներում` կազմակերպված Հրանտ Դինք հիմնադրամի կողմից: