Սամվել Գասպարյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
109 կգ քաշային կարգում Գասպարյանը երկամարտի 395 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։
Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով բրոնզե մեդալակիրն է։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում ընթացողԵվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտան Հայաստանի երկու ներկայացուցիչ` Պետրոս Պետրոսյանը և Սամվել Գասպարյանը:
21-ամյա ծանրորդ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 160 կգ և 165 կգ: Այս վարժությունում նա 6-րդն է: Հրում վարժությունում Պետրոսյանը բարձրացրեց 210 կգ, այնուհետ` 214 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ և 175 կգ: Նա այս ձևում դարձավ ոսկե մեդալակիր: Գյումրեցի մարզիկը ոսկե նվաճեց նաև հրում վարժությունում` նա բարձրացրեց 211 կգ և 220 կգ: Երկամարտի 395 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Պոկում վարժությունում ԵԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը: