Այս ի՞նչ է կատարվում: Անարգ թշնամու արյունոտ սանձարձակությունը ջոկ, Արցախի խնդրի այս անհասկանալի «սվաղվածությունը» ջոկ: Հայ Արցախն ինքնորոշվել է, օրինական կարգով անկախացել ու շատերից լավ պետություն կառուցել, հետո դրա համար անգամ ագրեսիայի եւ տարածքի մեծ մասի օկուպացիայի է ենթարկվել, հիմա էլ՝ տեւական դաժանագույն շրջափակման… իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր է հորինվում ու պարտադրվում Հայաստանի Հանրապետությանը (իհարկե՝ այդ պետությունն այստեղ էլ է խնդիրներ ստեղծել): Ու սա երեւի այն միակ բանն է, որում, ցավոք, կարծես թե աշխա՛րհը միակամ է:
Բոլորը խոսում են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման խնդրի մասին, եւ դրա մեջ միտումնավո՞ր, թե ինքնաբերաբար կորչում է Արցախի, սեփական հայրենիքում նրա արմատական բնակչության ինքնորոշման իրավունքի խնդիրը: Այս ամենի ետեւում մի զորեղ ո՞ւժ է կանգնած, գուցե թաքնված, թե՞ սա միջազգային միասնական դավադրություն կամ դատավճիռ է հայ ազգի դեմ:
Մյուս կողմից, արդյոք սա այնուամենայնիվ այն բանի ընդհանուր անշրջանցելի գիտակցումն ու ակամա խոստովանությունը չէ՞, որ հնամենի հայ Արցախն իրականում Հայաստան է, նրա անօրինական խլված մի մասը: Որը սակայն ուզում են հիմա էլ մեր ձեռքով, «օրենքով» վերջնականապես հանձնել մարդկային պատմություն չունեցող հայատյաց, վայրագ մեր թշնամուն ի կեր…
Այդ վայրագության լոկ մի սահմռկեցուցիչ դրսեւորումն էր Մարաղայի ողբերգությունը, որի 31 տարին լրացավ ապրիլի 10-ին: Ըստ Սանկտ Պետերբուրգի եւ Ռուսաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում ռուսագիր հեղինակ Աշոտ Սաֆարյանի կատարած մեջբերման, այդ ոճրագործությանը հաջորդած պատկերից ցնցված ականատես, անգլիացի իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը գրել է. «Այն, ինչ մենք տեսանք այնտեղ, աննկարագրելի է: Գյուղը բացարձակապես ավերված էր, ավելի ճիշտ՝ ջախջախված: Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ստույգ՝ այն, ինչ կարելի էր թաղել. կտրատած ու սղոցված, ողջ-ողջ այրված, տանջահար մարմինների մնացորդներ: Կային այնպիսիք, որոնք նախօրյակին էին թաղվել, ու մենք արտաշիրիմում կատարեցինք՝ այդ պատկերները լուսանկարչական ժապավենին հանձնելու համար, չնայած հասկանում էինք դա որքան դժվար է հայերի համար:
Այդ օրերին Մարաղայում արված կադրերում դրոշմվել են այնտեղ տեղի ունեցած սարսափելի կոտորածի վկայություններ՝ գլխատված ու անդամահատված մարմիններ, երեխաների աճյուններ, արյունոտված հող եւ մարմինների կտորներ այն տեղերում, որտեղ ողջ-ողջ սղոցել էին կենդանի մարդկանց:
Մենք տեսանք սուր, վրաները չորացած արյամբ մանգաղներ, որոնք գործածել էին անդամահատման համար…Այդ կերպ սպանելով Մարաղայի բնակիչներին, նրանք հետո թալանել ու կրակի էին տվել գյուղը:
Դա տանջանքների ու դաժանությունների վայր էր: Նոր օրերի Գողգոթա… Մարդիկ նման բան չէին կարող անել»:
Այդ ժամանակ էլ բարոնուհի Քոքսը պայմանավորվել է բրիտանական «Դեյլի թելեգրաֆ» թերթի խմբագրության հետ՝ Մարաղայից լուսանկար-ապացույցներով բացառիկ ռեպորտաժի համար, սակայն հետո… խմբագիրը որոշել է այն չտպագրել: Իսկ մի քանի շաբաթ առաջ հրապարակած է եղել ադրբեջանաերգ ռեպորտաժ Խոջալուի դեպքերի մասին…
Ինչպես տեսնում ենք, գրում է ֆեյսբուքյան հեղինակը, մեր հարեւանի հետ մառախլապատ Ալբիոնի հուզիչ բարեկամությունը, որը սնուցվում է BP ( երեւի «Բրիթիշ պետրոլիում» – Գ. Մ.) անդրազգային ընկերության կողմից, չի սկսվել երեկ և ոչ էլ անգամ դրա նախօրեին: Աշխարհն, ինչպես նշում է նա, Մարաղայի ողբերգությունն այդպես էլ չտեսավ ու այսօր էլ շարունակում է չնկատել. չի ուզում նկատել: Իսկ Մարաղայի ոճրագործությունը ղեկավարած՝ Ադրբեջանի ԶՈւ «Գուրտուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Տագիեւն այսօր բարեհաջող բնակվում է Շվեդիայում՝ փախստականի կարգավիճակով, երեւի այնտեղի օրենքի գուրգուրանքից ու ընձեռած բարիքներից օգտվելով…
Մնացողներն էլ անպատիժ շարունակում են արցախահայության բուն գոյությանը եւ արդեն մեր ինքնիշխան հանրապետությանը սպառնացող իրենց վարքը:
Մինչդեռ եթե աշխարհում իրավունքն ու արդարադատությունը քաղաքականության ստրուկն ու ճորտը չլինեին, արցախյան գոնե 44-օրյա պատերազմի ավարտն այնպես չպետք է լիներ, ինչպես եղավ: Նույնիսկ մեր պարտության դեպքում: Դա՛տ պետք է լիներ, միջազգային: Աշխարհում հայտարարված համավարակային արգելքի պայմաններում լայնածավալ պատերազմ սկսողի, ագրեսորի, հայ Արցախի դեմ միջազգային վարձկան ահաբեկիչներով, արգելված զինատեսակներով ու մեթոդներով ահաբեկչական պատերազմ վարած կողմի հետ (մեկ կողմ, երկու երկիր) ոչ թե պիտի բանակցություն վարվեր եւ նրա հանցավոր ճանապարհով զավթածից բացի դեռ իր պահանջածն էլ նրան մատուցվեր, այլ նա պետք է դատվեր ու պետք է դատվի՝ դրանից բխող բազմակողմ բոլոր հետեւանքներով: Պատերազմից հետո արդեն՝ նաեւ գերիների ու անգամ դիակների նկատմամբ գազանաբարո վերաբերմունքի, դեռ վերջ չունեցող անհաշիվ այլ հանցագործությունների համար:
Գոնե քաղաքական ու բարոյական դատապարտման պետք է արժանանար նաեւ այն, որ խախտվել էին 1994 թ. մայիսի 12-ին Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված անժամկե՛տ հրադադարը, Մինսկի խմբի շրջանակներում շարունակվող միջազգային բանակցային գործընթացի հիմքում ընկած բոլոր երեք սկզբունքները (ներառյալ Արցախի՛ ինքնավար միավորի տարածքային ամբողջականության սկզբունքը):
Դեռ 2020 թ. դեկտեմբերին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ստորագրությամբ միջազգային մարմիններին է ուղարկվել Ադրբեջանի պատերազմական հանցանքների 223 ապացույց: Բայց… ձայն բարբառո հանապատի:
Իսկ ամենից ցավալին մեր դարավոր դաշնակցի վերաբերմունքի որոշակի դրսեւորումներն են, նրա տարբեր գործիչների, կառույցների կողմից հաճախ հնչող տարակուսելի գնահատականներն ու ձեւակերպումները: Որպես զուտ անձնական զգացողություն, որից ազատվել այդպես էլ չի հաջողվում, 44-օրյա պատերազմի մասին մտածելիս ինքս չգիտես ինչու նախ անպայման հիշում եմ դրա հետ ուղղակի եւ ժամանակային առումով էլ կարծես թե կապ չունեցող մի դրվագ: Լրատվական ոլորտի ըստ ամենայնի կրեմլամերձ մի հայտնի գործիչ՝ Կիսելյով ազգանվամբ, դեռ անամպ 2014 թվականին եկել Երեւան ու հրամայաբար, համարյա հոխորտանքով ասում էր՝ եթե ձեր երկրում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ չտաք, ձեր անվտանգությունը կտուժի… Բնականաբար չտվեցինք, իսկ արդեն 2016-ին տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան: Գուցե համընկնում էր, ո՞վ գիտե… Արցախի դեմ հետագա երկրորդ լայնածավալ պատերազմի գլխավոր փորձն ու փորձարկումն էր: Երբեմնի ռազմական եզրաբանությամբ՝ հետախուզություն մարտով:
Երեւի մոտավորապես այդ տարիներին Հայաստանում ՌԴ մի դեսպան կար, հիմա անունն էլ հիշելի չէ, որը եւս հաճախ իրեն թույլ էր տալիս մեզ հետ խոսել ոչ պատշաճ հարգանքի լեզվով: Հետո էլ երբեմն ասում էին՝ ո՞վ է Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքում:
44-օրյա պատերազմի նոյեմբերի 9-ի գիշերվա հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի (ֆակուլտետի) դեկան Վիտալի Տրետյակովն իր թվիթերյան էջում գրել էր. «Անկախ Հայաստա՜ն: Դու հասկացա՞ր վերջապես՝ ով է քո ՄԻԱԿ բարեկամը: Ով էր միակը, որ կարող էր ու կարողացավ քեզ փրկել լիակատար կործանումից: Օգնեցի՞ն քեզ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի «հզոր» հայկական սփյուռքը, Արեւմուտքը, Երեւանում ԱՄՆ-ի հսկայական դեսպանատունը: Նորից՝ միա՛յն Ռուսաստանը: Նորի՞ց կմոռանաս»:
Այս կապակցությամբ ակամա հիշում ես նախ ավանդաբար հայկական ռադիոյին վերագրվողներից մի տխուր զվարճապատում: Հերթական ագամ փրկելու մասին հարցին մեր ռադիոն պատասխանում է՝ իսկ չի՞ լինի մի անգամ էլ Ադրբեջանին փրկեք, որովհետեւ մեր տարածքներն արդեն սպառվում են: Ինչ մնում է մոռանալու խնդրին, այստեղ մենք էլ կարծես թե ունենք հիշեցնելու բան. մանավանդ Հայրենական պատերազմում, վելիկոռուսական անծայրածիր տարածքների, բնակավայրերի պաշտպանությանն ու ազատագրմանը հայ ժողովրդի այդպես էլ պատշաճ չգնահատված մեծ ներդրումը՝ ցեղասպանված ազգի նվիրյալ զավակների, նրանցից հարյուր հազարավորների արյան գնով: Պատերազմ, որում, ըստ մեզ մի անգամ հանդիպած չգիտենք որքանով հավաստի մի տվյալի, մյուս հայորդիների թվում անձնվիրաբար կռվել է ամեն 3 արցախցուց մեկը, իսկ ձեր սիրելի ադրբեջանցիներից մասնակցել է ամեն 18-ից մեկը:
Ռուսական լրատվամիջոցների (եւ ոչ միայն նրանց) մի ստվար մասը, արցախյան հիմնախնդիրը սովորաբար ներկայացնելով իբրեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ եւ հավասարություն դնելով ագրեսորի ու ագրեսիայի ենթարկվողի միջեւ, հայկական Շուշիի ցավալի անկումից հետո քաղաքի անունը սկսեց նշել ադրբեջանական աղավաղված տարբերակով: Հեղինակավոր «Կոմերսանտ» թերթի թղթակիցը 2021 թ. հուլիսին, Ադրբեջանի իշխանության կազմակերպած օտարերկրյա դիվանագետների շրջայցի օրերին լինելով այնտեղ, փորձել է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում այդ գոտում, Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներում: Եվ հասկացել է, ինչպես երեւում է, ադրբեջանական «քաղցր» մուղամից ազդված: Իր «Ով է Շուշա պարում» վերնագրված բավական ծավալուն հոդվածում մասնավորապես նկատելով, թե մի քանի հարյուրամյակների ընթացքում այստեղ ստեղծված մշակութային ու պատմական հուշարձանների մեծ մասը ոչնչացված է, հեղինակն ուրիշ օրինակ չի գտել բերելու, քան այն, թե այդտեղ 17… մզկիթներից պահպանվել են երեքը… Իհարկե, մեր բարեկամ երկրի լրագրողը ադրբեջանական նաեւ այլ «ավանդական» հուշարձաններից բացի մի երկու, այն էլ՝ ոչ ավերված հայկական «հուշարձան» էլ է տեսել՝ ի դեմս վերջին տարիներին կառուցված մի քանի ռեստորանների ու հյուրանոցների, որոշ հայտնի մարդկանց պատկանող կամ գուցե վերագրվող վիլլաների: Հայկական այլ հետք չի գտել: Եվ նույնիսկ զարմանում է, որ հայերը, չնայած նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին, դեռ չեն կարող հաշտվել Շուշիի կորստի հետ:
Իսկ այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը խախտել է Ադրբեջանը, Ռուսաստանի այսօրվա իրավիճակից օգտվելով նաեւ վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածություններն արհամարհում է Ադրբեջանը, իսկ ՌԴ ԱԳՆ-ն հակառակվել է Հայաստանի հետ: Նախարար Լավրովը մեզ անցյալ ժամանակով օկուպանտ համարեց, ինչը մինչ այդ արել էին միայն ադրբեջանցիները, ԱԳՆ խոսնակն էլ շատ անգամ կամ հեգնում, կամ շանթ ու որոտ է տեղում մեր հասցեին:
Հարեւան պետության նկատմամբ աշխարհի լուռ հանդուրժողականությունը, միջազգային իրավունքի նորմերի ընտրովի կիրառումը կամ չկիրառումը, ալիեւյան վարչակարգի անպատժելիությունն այնտեղ է հասել, որ վերջինիս կողմից արդեն ի թիվս շատ այլ բաների անտեսվում է նույնիսկ Բերձորի ճանապարհը բացելու Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը:
Երեւի իրենց լրատվամիջոցներից մեկն է գրել, թե վերջերս Ղազախստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասել է՝ իրենք հաստատակամ են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Եվ նշել է, թե իրենք հավատում են, որ հնարավոր է հասնել խաղաղության, որը «կշրջի երկարատեւ թշնամության էջը»: Աշխարհը հավատում է այժմ արդեն ոմանց «հուսալի գործընկերոջ» այս հուզիչ խոսքերի՞ն, թե՞ դրանց անմիջապես հաջորդած նոր արյունոտ սադրանքին՝ մեր տարածքում գտնվող Տեղ գյուղի մոտ: Իսկ մե՞նք…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Լուսանկարը ռուսական «Կոմերսանտ» թերթի հոդվածից է: