«Ազգ» թերթի աշխատակիցներիս համար այսօր դժվար է հրատարակել մեր շաբաթաթերթն՝ առանց մեր ավագ գործընկերոջ բազմաշերտ վերլուծության, առանց նրա ստորագրության՝ Երուանդ Ազատեան անուն ազգանվան: Նրա վերջին հոդվածը մեր թերթի ընթերցողին մատուցվեց մարտի 10-ի համարում: Մարտի 15-ին մեր կայքի այցելուների նման ուրախությամբ հետեւեցինք, որ Ազատյանը Բուենոս Այրեսում է, եւ նրա ղեկավարությամբ վերաբացվել է տեղի Թեքեյան մշակութային միության կենտրոնատեղին: Ուստի հասկանալի էր, որ երիտասարդի առույգությամբ 88-ամյա Ազատյանի հոդվածը կարող էր եւ չլինել մարտի 17-ի տպագիր «Ազգ»-ում: Մարտի 24-ի մեր 12 էջանոց համարն էլ լույս ընծայեցինք՝ առանց Երվանդ Ազատյանի մտավոր կապիտալի, բայց՝ աղոթքով ու մեծ հույսով, որ Բուենոս Այրեսից Մայամի, ապա տեղի հիվանդանոցում հայտնված Ազատյանը կհաղթահարի թոքաբորբը…
Նա շատ բան էր հաղթահարել, հայրենի եզերքից՝ Ադանայից Բեյրութ, ապա՝ Եգիպտոս, այնուհետ ԱՄՆ նավարկող մարդը, սովորել էր կորուստները փոխարինել անկորնչելի հարստությամբ, գիտելիքի, իմացության, իմաստնության առուներն ընդարձակելով՝ գետերը ծով ու օվկիանոս էր դարձրել՝ իր տաղանդով, աշխատասիրությամբ նաեւ: Ունեցածը միշտ ավելին էր. նա գաղափարի մարդ էր՝ կուսակցական գործիչ, մշակույթի մարդ էր ու մարդ-մշակույթ՝ իր օծանաբույր, գույների ներդաշնակ համադրությամբ կոկիկ հագուկապով, ջենթլմենին վայել վարքականոնները չթաքցնող, աչքերի հաճախակի թարթոցի մեջ՝ ժպիտ պարգեւող, կանանց հանդեպ ընդգծված ուշադրությամբ… Նա արեւելք- արեւմուտք կամրջողն էր, նաեւ իր տողով, բայց կյանքն այնքան հորդուն էր անընդհատ ճամփորդող Ազատյանի մեջ, որ նրան Երեւանից ԱՄՆ՝ Արեւմուտք ճանապարհելիս էլ գիտեինք, որ գնում էր մտնելու արեւի մեջ, ինչպես որ ելել էր մայր արեւից՝ Մերձավոր Արեւելքից:
Ազատյանը բառ եւ մեղեդի դարձող հնչյունի, թատրոնի գիտակ էր, նրա հայոց լեզուն Թեքեյանն էր, որին պաշտում էր, ուստի բաշխելիս՝ առատաձեռն ու զգույշ էր, իսկ սեր թողնում էր նույնիսկ մերժելիս: Զրուցելիս՝ ունկնդիր էր նախ: Մեծարում էր՝ առանց քծնանքի, գնահատում էր՝ առանց սպասելիքի: 2021 թվականի սեպտեմբերին՝ իր գրքի շնորհանդեսին նա ինձ գրկեց իր բառերով՝ «շնորհակալություն, որ «Ազգի» ամեն համարում իմ հոդվածի կողքին քոնն էլ կա»: Նա՝ Աստծո շնորհները վաղուց կալած, գիտեր հանձնարարությունը հանձնառություն դարձնելու լավագույն ճանապարհը, գիտեր, որ միշտ հիշելու եմ նրա՝ բացառիկ «խոնարհությամբ», սիրտ ու միտք գուրգուրող նախադասությունը:
Նա իր գրությունները չէր պահում՝ ո՛չ ձեռագիր, ո՛չ մեքենագիր, ոչ էլ տպագրված: Երեւի գիտեր, որ իր մտավոր սեփականությունը, որ հավաքված է «Արմինիըն միրոր-սփեքթեյթրում», «Պայքարում», «Ազգում», երբեք չի կորչի, ինչպես ականատես եղավ Երվանդ Տեր-Խաչատրյանի անխոնջ աշխատասիրությամբ լույս տեսած իր գրքերի շնորհանդեսներին: Նա վկան եղավ, որ իր եւ Հակոբ Ավետիքյանի հիմնած 32-ամյա տպագիր «Ազգ»-ի աշխատակազմը, արհեստական բանականության մեր ժամանակներում հրաժարվում է հանձնել բանականության իր ամրոցը՝ 12 էջանոց թերթը: Ավանդույթը, թերթ կարդալու մշակույթը պահպանելը խնամք է պահանջում, հավատարիմ կմնանք մեր ուխտին:
Երվանդ Ազատյանի մարմինը դեռ հողի մեջ չի ամփոփվել, դեռ ներկա է ամենօրյա լրահոսում, դեռ «սրբապատկեր» չի դարձել: Նրա մահը որքան էլ տխուր, այդուհանդերձ շարունակվող կյանքն է՝ իր հետմահուն հսկայական ժառանգություն, որ Թեքեյան հիմնադրամից բացի երեք թերթերի ճակատագիր է: Ազատյանն իր կյանքի օրոք ստեղծեց եւ խնամեց իր հուշարձանը, ապրողներիս պարտքն է այն մահարձան չդարձնել:
Խունկ եւ աղոթք իր լուսավոր հիշատակին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
14 մարտ, 2023թ.