Փոխարժեքի տատանման թեման երեկ քննարկվել է նաեւ կառավարությունում: Մինչ նիստի սկսվելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարադրամի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ պարզաբանման համար ձայնը տվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին:
Ըստ ԿԲ փոխնախագահի, վերջին շրջանում միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արժութային շուկայի մեծ տատանումները պատճառ են դարձել ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը եւ ձեւավորված որոշակի սպասումների ներքո հանգեցրել որոշակի տատանողականության աճին: Սակայն, «ձեւավորված սպասումները այսօր հեռու են մեր տնտեսության հիմնարարներից, այդուհանդերձ, որոշակի մտավախության տեղիք են տվել, որովհետեւ նաեւ ճշգրտվում է փոխարժեքը»: Ներսես Երիցյանի հավաստմամբ, Կենտրոնական բանկի վերջին հայտարարությունները ուղղված էին դրամի սպեկուլյացիայից եւ անհարկի փոխարկումից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում այն ունենում է բարձր ռիսկեր եւ չմասնագիտացված անձինք ակնկալվող օգուտի փոխարեն կարող են նաեւ զգալի վնաս կրել:
Միաժամանակ, ԿԲ-ն այլ քայլեր էլ է ձեռնարկում շուկայի իրավիճակը կայունացնելու համար: «Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները եւ միջոցները, այդ թվում Ռեպո շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքների միջոցով, արժութային սվոտներ առաջարկելու միջոցով եւ արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելու, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել, բայց այն, ինչը դրսի շոկով է պայմանավորված, այդ ճշգրտումները, բնականաբար, պետք է իրենց տեղը գտնեն», նշեց ԿԲ փոխնախագահը: Նա նաեւ հավաստիացրեց, որ Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար ենՙ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը:
«Համեմատության համար ասեմՙ մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին: Այդ իմաստով որեւիցե խնդիր չենք տեսնում: Բացի այդ, նաեւ ուզում ենք հավաստիացնել, քանի որ կան տարբեր մտահոգություններ բանկային համակարգի եւ դրա գործառույթների հետ կապված, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերի արդեն իսկ մեծՙ ե՛ւ ակտիվները, ե՛ւ պարտավորությունները դոլարացված են, դոլարով են, եւ բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիությունՙ ե՛ւ կանխիկ, ե՛ւ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները», ասաց Ներսես Երիցյանը:
Ինչ վերաբեվում է գնաճին, ապա Կենտրոնական բանկի գնահատմամբ եւ կանխատեսումներով, գնաճի ցուցանիշը 2014-15 թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջՙ տատանումների թույլատրելի միջակայքում, որը մենք թվերով ասում ենք 4+–1,5 տոկոսի շրջանակում: Մասնավորապես, այս տարվանը կլինի 4 տոկոսի շրջանակում, եկող տարիՙ 4+–1,5 տոկոսի շրջանակում:
ԿԲ փոխնախագահի ելույթից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկեց կառավարության հաջորդ նիստում ներկայացնել ապրանքների գնաճի խնդիրըՙ փարատելու համար այն կասկածը, թե իրական գնաճը ոչ թե 5 տոկոս է, այլ 10-15 տոկոս: