Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԲԱՆԳՈԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ

2014թ. հունվարի 10-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում Հեռավոր Արեւելքի հայկական համայնքները միասին տոնեցին Սուրբ Ծնունդը:

Թաիլանդում հայկական պատարագ մատուցվեց Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի հանդիսապետությամբ:

Նաջարյան սրբազանն իր քարոզում նշեց, որ հուզումնալից է տեսնել Հեռավոր Արեւելքի տարբեր վայրերից ժամանած հայորդիների, որոնք ամուր են պահում իրենց նախնիների հավատքը:

Թաիլանդի թագավորությունում ՀՀ պատվավոր հյուպատոս պրն. Արտո Արթինյանը նշեց, որ Հեռավոր Արեւելքում հայկական համայնքները մեծանում են, եւ շատ կարեւոր է Հայրենիքից հեռու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու ավանդույթները: Բանգկոկ էր ժամանել նաեւ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Հավաքույթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թաիլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր: Ճաշկերույթ տրվեց Բանգկոկի «Գրանդ Հայաթ Էրավանում»:

Այս համայնքների շնորհիվ են պահպանվում նաեւ տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնավորապեսՙ Բանգլադեշի եւ Մյանմարի հայոց եկեղեցիները:

2014թ. նոյեմբերին Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդը ժամանել էր Մյանմար, այդ առթիվ Չինաստանում հայկական համայնքը տասնամյակներ անց ըմբոշխնել էր հայկական պատարագ, Գալուստ Գուլբենկյան հիմնարկությունը ակադեմիական 2 կրթաթոշակ հատկացրեց Չինաստանում հայկական ներկայության պատմությունն ուսումնասիրելու համար:

Չինաստանում հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը նշեց. «Շնորհիվ աշխարհի տարբեր վայրերից ժամանած խելացի, նպատակասլաց անձանցՙ Հեռավոր Արեւելքում հայկական համայնքներն արագորեն մեծանում են»:

Հեռավոր Արեւելքում հայկական համայնքներով հետաքրքվողները կարող են այցելել հետեւյալ կայքեր:http://www.chinahay.com, http://www.armenianconsulatethailand.com, Armenian Apostolic Church of St. Gregory the Illuminator Singapore