Ճիշտն ասած` զարմանալի էր, որ Գյումրիի ողբերգական դեպքերից ինն օր հետո, երբ իրավական գործընթացներին նոր-նոր էր ցրցամ տրվում, ու երբ հանցագործ ռուս զինվորին Հայաստանի իրավապահները նոր-նոր են մեղադրանք առաջադրել, Ազգային ժողովը խորհրդարանական լսումների տեսքով ինչ-որ պարզաբանումներ էր ակնկալում Հայաստանի գլխավոր դատախազից: Քանի որ պարզ տրամաբանությամբ նա անընդհատ հղում էր անելու նախաքննական գաղտնիքին եւ սկիզբ առած իրավական գործողություններին, որոնք բազմածավալ քննությամբ մեղադրանքի ապացուցողական հիմքերը պետք է ամբողջացնեին:
Այնուամենայնիվ, գործի հնչեղությունն ու հասարակությունում առկա տրամադրությունները երեւի նկատի առնելով Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը, Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ, այդպիսի լսումներ երեկ կազմակերպել էր` հրավիրելով գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ նրանից իրավական գործընթացի մասին զեկույց նախատեսելով լսել: Միգուցե, մտածում էինք,մարդիկ ավելի խորն են մտածել, առիթ տալով, որ պատգամավորները լսումների ձեւաչափով եւ հարցերի տեսքով գոնե խոսեին այն վարկածների ու մտահոգությունների մասին, որոնք շրջանառվում էին հասարակության մեջ` թեկուզեւ հստակ պատասխանի չսպասելով, բայց լսեցնելով ում որ հարկն է: Մանավանդ` հանրային լայն շրջանակները ոչ մի կերպ չեն հավատում, որ հանցագործն այլ հանցակիցներ չի ունեցել, ու անգամ դիվերսիայի վարկածն են լայնորեն շրջանառում` ավելի ու ավելի միֆերով զարդարելով այն:
Մտահոգություններ, իհարկե, պատգամավորները հնչեցրեցին, սակայն դա առկա մտահոգությունների չնչին մասն էր ընդամենը, այնպես որ կողմերից առաջինը` ԱԺ-ն, որպես բաց կառույց, խոստացավ պարբերաբար եւ ավելի ընդլայնված ձեւաչափերում նոր քննարկումներ, իսկ գլխավոր դատախազը, որպես գործի քննությունը վերահսկող մարմնի ղեկավար, իր ունեցած տեղեկությունները հանձն առավ պարբերաբար փոխանցել հասարակությանն Ազգային ժողովի խողովակով:
Իսկ զեկույց, որպես այդպիսին, չեղավ: Գլխավոր դատախազը մի քիչ դասախոսեց ողբերգության սարսափելիության ու բոլորի ապրումների մասին, որպեսզի նշի, որ ինքը գլխավոր դատախազ է, ապրումներով ու զգացմունքներով չի կարող ղեկավարվել, ինչպես, ի դեպ, եւ ողջ իրավապահ համակարգը, այլ գործել ու գործում է Հայաստանի օրենսդրությամբ, միջազգային համաձայնագրերով:
Ապա եւ պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնցում, այնուամենայնիվ, հասարակական տրամադրությունների մի ինչ-որ ծիր ուրվագծվեց: Պատգամավորները գլխավոր դատախազին հիշեցրին եւ Գյումրիում ՌԴ գլխավոր դատախազին դիմելու նրա տղամարդու խոստումը` պերմյակովին Հայաստանին հանձնելու պահանջով ( Նաիրա Զոհրաբյան ), եւ հանցագործ պերմյակովի` ռազմակայանի տարածքը լքելու ու հանցագործության կատարման փաստերի ժամանակային համապատասխանություններով հետաքրքրվեցին ( Հովհաննես Մարգարյան ), եւ հանցագործին Հայաստանին հանձնելու պահանջի հետ կապված փորձում էին հստակեցնել` ռուսական ռազմակայանի տարածքը ՀՀ, թե՞ ՌԴ իրավազորության տակ գտնվելու խնդիրը ( Խոսրով Հարությունյան ): Գլխավոր դատախազը տալիս էր կանխատեսելի, երբեմն արդեն մի քանի անգամ ասված պատասխաններ: Ոչ մի կոնկրետ տվյալ` երբ, ով, ինչպես, նախաքննական գաղտնիք է, իսկ զորամասը լքելու, հանցագործության կատարման, հանցագործի հայտնաբեման, սպանդի ենթարկված ընտանիքի անդամներին նախկինում ծանոթ լինելու-չլինելու, ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմինների փոխօգնության կամ փոխադարձ գործողությունների սահմանները ճշտելու հետ կապված եւ բազմաթիվ այլ հարցերը, որոնք հայ հանրությանն այս պահին չափազանց հուզում են, այժմ սկսված հետաքննության շրջանակում ստուգման եւ քննարկման փուլում են, վերջնական փաստարկներ դեռ չկան:
Գլխավոր դատախազը, ճիշտ է, խոստացել է դիմել ՌԴ գլխավոր դատախազին` հանցագործին Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու առումով, մանավանդ դա իր պաշտոնեական պարտականությունն է, բայց դիմելն ինքնանպատակ չէ, դա կարվի այն ժամանակ, երբ այդ դիմելու համար ապացուցողական հիմքերը համապատասխան ընթացակարգերից հետո ձեռքբերված կլինեն: Բացի այդ, այս խնդրում երկու իրավազորություն է առկա փոխադարձ օրենսդրությամբ` անձի հանձնման, արտահանման` էքստրադիցիայի հարցը մեկ բան է, գործի վարույթը այս կամ այն կողմին փոխանցելը` մի ուրիշ բան: Տարբեր ռեժիմներ են, որ տարբեր համաձայնագրերով են կարգավորվում` ՀՀ եւ ՌԴ օրենքներ, միջազգային համաձայնագրեր: Ռուսական ռազմաբազայի տարածքը ՌԴ տարածք չէ, սակայն այնտեղ ռուսական օրենսդրական իրավազորությունն է գործում` ըստ պայմանագրերի: Արդյո՞ք եթե սահմանապահներն են հայտնաբերում հանցագործին, քանի որ Հայաստանի սահմանն է, չպետք է հանձնեն մեր, այլ ոչ թե` ՌԴ ռազմակայանի իրավապահներին: Բոլոր այս հանգամանքների, մեր եւ ռուսների գործողությունների իրավական գնահատականը նույնպես գործի շրրջանակում է, երբ դրանք լիովին կպարզվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի գնահատականներ հնչեցնել:«Ձեր զեկույցը սրտի թրթիռների մասին էր, եթե հոգին քննողի կարիք ունենայինք` կաթողիկոսին կհրավիրեինք», կոշտացավ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Ռուբեն Հակոբյանն ընդհանրապես հարց չտվեց, քանի որ պատասխանի չէր սպասում այդ ձեւաչափում եւ քննության գաղտնիությունից ելնելով, իսկ փակ ձեւաչափում, նրա կարծիքով, հնարավոր կլիներ տեղեկատվություն ստանալ:
Էդմոն Մարությանը փորձեց ավելի իրավական մոտեցում ձեւակերպել` սահման հատելու կամ նման փորձի հետ կապված գործ հարուցելու կամ մեղադրանք առաջադրելու հարց քննարկվո՞ւմ է: Սա դարձյալ այժմ ընթացող իրավական գործընթացների որոշելիքն է` հետաքննության ընթացքում է պարզվելու այն, թե սահմանապահները հայտնել կամ չեն հայտնել մեր ԱԱԾ-ին` սահմանախախտի կամ սահման հատելու փորձ անողի մասին, ըստ այդմ է որոշվելու նաեւ` այդպիսի փաստ եղե՞լ է, գործ կհարուցվի՞, թե՞ ոչ: Զարուհի Փոստանջյանը պնդեց` երբ հանցագործին հայտաբերել են, նրա մոտ փաստաթուղթ չի եղել, ուրեմն անձի ապօրինի փոխանցում է եղել, միգուցե ուրի՞շ մարդ կարող էր լինել բռնվածը, այնպես որ` սահմանապահների գործողությունները ոչ իրավաչափ են, ուրեմն գլխավոր դատախազը պետք է հետ պահանջի հանցագործին: Գլխավոր դատախազը հանգստացնում էր` այս բոլոր հանգամանքները, օրինական թե ապօրինի է հայտնվել հանցագործը սահմանապահների կամ ռուսական ռազմաբազայի իրավասության տակ, վեր կհանվեն գործի քննությամբ, որոնցով կհիմնավորվի ՌԴ գլխավոր դատախազին ուղղելիք պահանջը:
Արփինե Հովհաննիսյանին եւս հետաքրքրում էր ձերբակալության եւ ձերբակալողների իրավազորության հարցը` գուցե հենց շան գլուխը թաղված է սահմանը հատելու եւ սահմանապահների լիազորություններն իրացնելու մեջ` սահմանապահների լիազորությունների ոչ պատշաճ իրացումը քննության նյութ դառնալո՞ւ է: Բոլորը համալիր հարցեր են ու կախված են դրանց վերաբերյալ քննությամբ հիմքեր ունենալուց, կրկնում ու չէր հոգնում գլխավոր դատախազը: Որ հանցագործը չէր կարող մենակ մի ընտանիք սպանել, երեսուն փամփուշտով, միաժամանակ տարբեր սենյակներում, այս հարցի հետ կապված փորձում էր կարծիք ստանալ Տիգրան Ուրիխանյանը . գլխավոր դատախազն անհողդողդ էր` քննչական գործողության արդյունքում պետք է պարզել, ու ոչ այս փուլում:
Նիկոլ Փաշինյանը փորձեց խորանալ` ՀՀ իշխանություններին տեղյակ պահվե՞լ է զինված դասալիքի մասին, կամ ՀՀ տարածքով ՌԴ սահմանապահներն իրավունք ունեի՞ն դասալիքին տեղափոխել ՌԴ ռազմակայանի տարածք, կամ` ռազմաբազայի զինվորները զինված ի՞նչ են անում Գյումրիում, բացի այդ` Հայաստանի սահմանը խախտած կամ խախտելու փորձ արած հանցագործն էլ ընդդատյա է ՀՀ-ին ու նրան պարտավոր էին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին: Կոստանյանը նորից հղում արեց անձի հանձնման եւ վարույթի հանձնման ընթացակարգերին` նշելով, որ երբ հասնեն այդ փուլին եւ ունենան իրավական հիմքեր` վարույթի հանձման հարցեր կքննարկեն:1997 թվականի երկկողմ պայմանագրով էլ ՀՀ իրավապահ մարմինների համաձայնությամբ ռուսական ռազմակայանի իրավապահ մարմինները մասնակցում են օպերատիվ-հետախուզական, քննչական եւ այլ գործողությունների: Իսկ թե հայտնաբերելիս սահմանապահները հայտնել, թե՞ չեն հայտնել ՀՀ իրավապահ մարմիններին սահմանված բոլոր ընթացակարգերը պահպանելով` դա էլ գործի քննության նյութ է: Իսկ ընդհանրապես` քննության ընթացքում բոլոր վարկածներն էլ ստուգվում են:
Արծվիկ Մինասյանը թերեւս տվեց մոտակա ժամանակում բոլորիս հուզելիք հարցը` ո՞ր պետության անունից է կայացվելու դատավճիռը: Սա եւս վարույթի հանձնման-չհանձնման, ընթացող հետաքննությամբ ձեռքբերվելիք հիմքերի արդյունքում է որոշվելու:
Ներողություն ընթերցողից, եթե ԱԺ բաց լսումներից նա ակնկալում էր ոչ բարդ-իրավաբանական, այլ հասկանալի եւ տագնապները ցրող ինչ-որ պարզաբանումներ, երեւի պետք է համբերությամբ զինվենք:
Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ քննչական կոմիտեն մեկ օր առաջ հաղորդագրություն էր տարածել, որ վալերի պերմյակովին նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով` երկու եւ ավելի անձանց սպանություն: Այժմ ընթանում է բազմակողմանի քննություն` տարբեր իրավական միջոցառումների իրականացմամբ: