Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

20 ՀԱԶԱՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՙ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ

Պ. Ք.

Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման եւ ահաբեկչական այլ կազմակերպությունների շարքերում կռվում են 20 հազար օտարերկրացիներ, այդ թվում առնվազն 3,4 հազար արեւմուտքցիներ: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունըՙ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի ազգային անտվանգության հանձնախմբի տվյալները:

ԱՄՆ-ի առնվազն 150 քաղաքացի փորձել է Սիրիա մուտք գործել մարտական գործողություններին մասնակցելու նպատակով: Նրանց մի մասը ձերբակալվել է հակամարտության գոտու ճանապարհին, մյուսներն էլ սպանվել են մարտերում: Որոշ ամերիկացիներ էլ մինչեւ օրս կռվում են իսլամիստների հետ կողք-կողքի:

ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Նիկ Ռասմուսսենը նշում է, որ Սիրիայում իսլամիստ գրոհայիններին միացող օտարերկրացիների թիվը զգալիորեն գերազանցում է Աֆղանստանում, Պակիստանում, Եմենում, Սոմալիում եւ Իրաքում իսլամիստներին հարող օտարերկրացիների թվից: Նրա խոսքերով, Իրաքում եւ Սիրիայում մարտերին մասնակցում են առնվազն 90 երկրների քաղաքացիներ:

Վաշինգտոնում վախենում են, որ գրոհայինների մի մասը Եվրոպա կամ ԱՄՆ վերադառնալուց հետո կկազմակերպի ահաբեկչական հարձակումներ: Պաշտոնական անձինք խոստովանում են, որ փաստորեն անհնար է հետեւել իսլամիստների կողմից կռվող բոլոր ամերիկացիներին ու եվրոպացիներին: