Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող ՀՀ քաղաքացի Արթուր Աֆյանը ինքնակամ լքել է զորամասը եւ անցած երեքշաբթի օրվա դրությամբ դեռ գտնվում էր փաստացի փախուստի մեջ: Ըստ տեղեկությունների, Աֆյանը Իջեւան քաղաքից է եւ զորամասը լքել է «պարտքերի պատճառով», ընդ որում հայտնի չէ, թե որտե՞ղ են կուտակվել նրա պարտքերը` դեռեւս քաղաքացիական կյանքո՞ւմ, թե՞ զորամասի տարածքում: Հատկապես վերջին տարբերակի իսկության պարագայում, կարծում եմ, կարելի է ժամանակ առ ժամանակ այցելել 102-րդ ռազմաբազա` ծանոթանալու ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով մեկ ՀՀ անվտանգությունը ապահովող զինվորների մարտական ոգուն եւ ոչ միայն:
Բայց քանի դեռ այս հանգամանքը չի ճշտվել, դատելով 102-րդ ռազմաբազայի առանձնահատկություններից, հազիվ էլ, գոնե մոտ ապագայում, դա ճշտվի: Այլ բանից խոսենք:
Դեպքի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (որի մեջ մտնում է ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռազմաբազան) մամուլի ծառայությունը: «Ինտերֆաքս» ռուսական լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի հարավային զորքերի հրամանատարի օգնական, Հարավային ռազմական շրջանի լրատվական ծառայության պետ գնդապետ Իգոր Գորբուլը հայտարարել է. «Հայաստանում ռուսական ռազմական բազայի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրում»: Այսինքն Գորբուլը փաստացիորեն հերքել է Աֆյանի փախուստի մասին տեղեկությունը, սա այն պարագայում, երբ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը ավելի վաղ հայկական կայքերից մեկին տված հարցազրույցում ոչ միայն հաստատել էր իրենց զինծառայողի փախուստը, այլեւ տեղեկացրել,որ Աֆյանը ծառայության վայր չի ժամանել հանգստայան վերջին օրերից հետո: Ընդ որում, ՀՀ ոստիկանությունը եւս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Արթուր Աֆյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, որոնց, սակայն, ավանդույթին հավատարիմ, բացի ՀՀ ոստիկանությունից,մասնակցում են նաեւ 102-րդ ռազմաբազայի զինվորները:
Չի բացառվում, որ երբ դուք կարդում եք այս հոդվածը, Արթուր Աֆյանը հայտնաբերված լինի: Իսկ եթե դեռ ոչ, ապա հաստատ կհայտնաբերվի: Խնդիրն այստեղ անհամեմատ ավելի մեծ է եւ ամենեւին էլ 102-րդ բազայում չէ: Բանն այն է, որ ՌԴ ՊՆ-ն, ի դեմս իր Հարավային զորքերի շտաբի, այսինքն Մոսկվան, ամենեւին չի տիրապետում կոնկրետ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի իրադրությանը, էլ չենք խոսում` վերահսկողության մասին: Հակառակ պարագայում գնդապետ Գորբուլն, անշուշտ, տեղյակ կլիներ, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի անձնակազմը մշտական տեղայակման վայրում ամենեւին էլ ամբողջ կազմով չի գտնվում:
Իսկ գուցե 102-րդ բազան ամենեւին էլ ռուսական չէ՞, հետեւաբար Մոսկվայի վերահսկողությունից դուրս է: Այդ պարագայում այն առավել եւս ենթակա է մեր պարբերական ստուգիչ այցերին:
Անծանոթ Արթուր Աֆյանի հետ միայն նույն ազգանունը կիսող`