Ադրբեջանը երկար տարիներ բացահայտ եւ համակարգված ներդրումներ է կատարում Ռուսաստանում իր քաղաքական ու տնտեսական շահերի առաջմղման համար: Այդ նպատակով օգտագործվում են իրենց ուղեծիր ռուս գործիչների՝ շարքային քաղաքագետներից ու տնտեսագետներից մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաների ընդգրկելու տարբերակներ:
Ռուսաստանում Ադրբեջանի քարոզիչները հիմնականում մշակման են ենթարկում հայկական օրակարգն ըստ Բաքվում հաստատված հիմնադրույթների, որոնք հաճախ հակասում են բուն Ռուսաստանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշմանը: Այս պարադոքսը խոստովանում է Անդրկովկասի հիմնախնդիրներով զբաղվող ռուսաստանցի փորձագետների մեծ մասը, մատնանշելով ադրբեջանական լոբբիի աճող ազդեցությունը ռուս-հայկական հարաբերություններում բացասական ֆոն ձեւավորելու առումով:
Ռուսաստանում իր քարոզիչների գործունեությունը ֆինանսավորելու համար ադրբեջանական վարչակարգն օգտագործում է տարբեր միջոցներ՝ գրքերի հրատարակման դրամաշնորհներից մինչեւ գովազդների պայմանագրեր, այդ թվում նաեւ ռուսաստանյան խոշոր ԶԼՄ-ների հետ:
Ռուսաստանում ադրբեջանական լոբբիի մեդիա-ներկայացուցիչների ամենահայտնի հնգյակում ոլորտի տեխնոլոգների մեծ մասն առաջինը տալիս է ռուսաստանցի լրագրող եւ ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոյի անունը: Կորոտչենկոյի գործունեության թույլ ազդեցությունը լրացվում է եթերում և խոշոր դաշնապետական լրատվամիջոցների էջերում նրա ներկայության հաճախականությամբ, որի շրջանակներում նա մանտրայի նման կրկնում է Ալիեւի մեծության ու Հայաստանի թուլության մասին թեզիսները:
Ալիեւի մոսկվացի բարեկամների թվում կան պետական ԶԼՄ-ներում բարձր պաշտոններ ունեցող լրագրողներ, օրինակ՝ ՏԱՍՍ-ի առաջին փոխտնօրեն Միխայիլ Գուսմանը, որն Արցախում 2020 թվականի պատերազմի ժամանակ, չնայած Մոսկվայի պաշտոնական չեզոքությանը, իր հարցազրույցներում բացահայտ պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը ոչ մի կերպ չկարողացան բացատրել հենց Մոսկվայում:
Բաքվի շահերի ոչ այնքան լրատվական ոլորտի, բայց ազդեցության առումով ավելի արդյունավետ վաղեմի ջատագով է համարվում Անատոլի Տորկունովը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ԾթԼԾԿ, այժմ՝ համալսարան – Գ. Մ.)՝ Ռուսաստանի դիվանագիտական կադրերի գլխավոր դարբնոցի ռեկտորը: Վերջին ծառայությունը, որ նա մատուցել է Ալիեւին, համալսարանից Միխայիլ Ալեքսանդրովի՝ բազմամյա փորձով գիտաշխատողի ազատումն էր: Ինչպես խոստովանում է անձամբ Ալեքսանդրովը, ինքն անզգուշություն էր ունեցել հրապարակավ դատապարտել Ալիեւի քաղաքականությունը եւ պաշտպան կանգնել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահներին, որի համար Տորկունովը նրան պատժել էր ազատմամբ:
Մեդիա-դիրքերից չորրորդ տեղում ռուսաստանցի լրագրող Մաքսիմ Շեւչենկոն է, որի կտրուկ համակրանքն Ադրբեջանի նկատմամբ ժամանակային առումով զարմանալիորեն համընկել է Նադեժդա Կեւորկովայից ամուսնալուծվելու հետ: Շեւչենկոն ոչ միայն կրկնել է Բաքվի ձեւակերպումները վատ հայերի ու լավ ադրբեջանցիների մասին, այլեւ կարողացել է Ադրբեջանը կոչել «մշակույթի, միջազգային իրավունքի եւ արդարության պատվար», չնայած անգամ իրենք ադրբեջանցիները նախընտրում են շրջանցել իրենց հանրապետությունում որեւէ մեկի իրավունքների պահպանության հարցը:
Ժամանակի հետ վերջին գիծ է հեռացել ստաժավոր լոբբիստ, բայց արդեն իր պաշարը սպառած քաղաքագետ Սերգեյ Մարկովը՝ հայտնի իր հակահայկական ելույթներով ադրբեջանական կառավարական ֆորումներում եւ ԶԼՄ-ներում:
Իր երկրի բնակչության շրջանում երրորդ պետության շահերն առաջ տանող ավել կամ պակաս հայտնի ռուսաստանցիների հնգյակը ռուսաստանյան տեղեկատվական տարածքում գործող ադրբեջանական լոբբիի ընդամենը մի փոքր մասն է:
Չնայած Ռուսաստանի տարածքում իր ազդեցության գործակալների ֆինանսական ու քաղաքական ցանցի անանունությունը պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերին, Ալիեւների ընտանիքի շահերը պաշտպանելու հակված ռուսաստանյան խոշոր գործարարների ու քաղաքական գործիչների ազգանունները հայտնի են ոչ պակաս, քան Կորոտչենկոյինը, Տորկունովինը եւ Գուսմանինը:
(RUSARMINFO)
Թարգմանությունը՝ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ