ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ավագ գրադարանավար
ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները. 2013» վիճակագրական-վերլուծական հատորը, որում առանձին բաժնով ներկայացված են Հայաստանի 15 բուհական գրադարանների 2013 թվականի վիճակագրական տվյալները:
Ինչպես 2010, 2011, 2012, այնպես էլ 2013 թվականին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի գրադարանային հիմնական ցուցանիշներըՙ ընթերցողների թիվն ու տպագիր նյութերի շրջանառությունն ամենաբարձրն էին եւ գրադարանը չորրորդ անգամ անընդմեջ բուհական համակարգի գրադարանների մեջ գրավում է առաջին տեղը:
Ի դեպ, ՀՊՄՀ գիտական գրադարանը տացքի ցուցանիշով առաջինն է նաեւ Հայաստանի հանրային գրադարանների շարքում, իսկ ընթերցողների թվովՙ հանրապետությունում երրորդն էՙ զիջելով Հայաստանի ազգային եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարաններին:
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նման արդյունքը մեծ ձեռքբերում է համարումՙ միաժամանակ նշելով, որ բուհում բացված ընթերցասրահների շնորհիվ մասնագիտական գրականությունն ավելի է մոտեցվել ուսանողներին:
«Ուսանողները գիրքը նախապես չեն պատվիրում, արդեն չորս տարի ստանում են մեկ-երկու րոպեի ընթացքում եւ չեն մերժվում»: Նա հավելում է, որ գրադարանը հետ չի մնում նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումներիցՙ փորձելով միավորել գիրքն ու ժամանակակից մտածողությունը. ընթերցասրահների համակարգիչներում արդեն իսկ ներմուծվել է 70 մասնագիտությունների գծով 2500 դասագրքերի էլեկտրոնային շտեմարան: Բուհի 1-ին կուրսերի համար անհրաժեշտ մասնագիտական գրականությունը հնարավոր է դարձել ուղարկել նրանց էլեկտրոնային հասցեներին:
Անդրադառնալով ընթացիկ տարվա աշխատանքներինՙ Տիգրան Պետրոսյանցն ընդգծեց, որ գրադարանն անմասն չի մնալու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ձեռնարկներիցՙ կազմակերպելով դասախոսություններ, թեմատիկ գրքերի ցուցադրություններ եւ այլ նախաձեռնություններ: Նա նաեւ ասում է. «Շարունակելու ենք նախորդ տարիներին ձեռք բերած բարի ու լավ ավանդույթներըՙ ձգտելով ամրապնդել ուսանող-գիրք-գրադարան կապը»: