Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄԱՍԱՄԲ ԿՎՃԱՐԵՆ ՌՈՒԲԼՈՎ

Պ. Ք.

Ռուսաստանցիները Եգիպտոսի որոշ խանութներում կարող են վճարել ռուբլով: Այդ մասին ռուսաստանցի լրագրողներին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եգիպտական «Ալ Ահրամ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկու երկրները կփորձեն իրենց առեւտուրը կազմակերպել առանց դոլարի, այսինքնՙ ռուբլով եւ եգիպտական ֆունտով:

Եգիպտոսի իշխանությունները նաեւ քննում են ամռանը ռուսաստանցիների այցագրային տուրքը վերացնելու հարցը: 2015 թ. հունվարի 15-ից մինչեւ ապրիլի 30-ը 25 դոլարանոց այդ տուրքը չեղյալ է հայտարարված: Այժմ խոսքը տվյալ արտոնության երկարաձգման մասին է: Եգիպտոսը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած երկրներից մեկն է: Անցյալ տարի Եգիպտոս է այցելել 3 մլն ՌԴ քաղաքացի, ինչը 50 տոկոսով գերազանցում է 2013 թ. ցուցանիշը: