Թուրքիայում Հայաստանի դեսպանություն բացելու օրակարգ մոտ ապագայում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ. թուրքական A Haber հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մոտ ապագայում Հայաստանի դեսպանատան բացում կարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել։
Ավիափոխադրողները կարող են մեր տարածքով թռչել երրորդ երկրներ։
Անցակետեր բացելու համար քաղաքական պայմաններին զուգահեռ՝ նախ պետք է ճանապարհներ պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն ունենք կամրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասել է նա։
Սակայն Չավուշօղլուն մանրամասնել է, որ ենթադրվում է՝ ցամաքային սահմանը պետք է բացվի «դիվանագիտական անձնագիր ունեցողների կամ երրորդ երկրների քաղաքացիների համար»։