Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Ըստ Սիրիայի նախագահի գրասենյակի՝ նրանք դատապարտել են Իսրայելի իշխանությունների գործողությունները՝ Ալ-Աքսա մզկիթի հետ կապված։
«Ասադն ու Ռաիսին նշել են, որ այդ հարձակումներն արտացոլում են Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը, որը նա իրականացնում է նաև Սիրիայի խաղաղ բնակիչների դեմ»,- ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ ասվում է..
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին, երբ պաղեստինցի մահմեդականները հավաքվել էին Ռամադանի աղոթքի՝ իրացնելով Ալ-Աքսա մզկիթ մուտք գործելու իրենց իրավունքը, Իսրայելի իշխանությունները նրանց դեմ բռնի ուժ են կիրառել։
Ավելի քան 30 պաղեստինցիներ վիրավորվել են մզկիթի ներսում և անմիջապես դրա հարևանությամբ, իսկ բժիշկներին թույլ չեն տվել բուժօգնություն ցուցաբերել նրանց:
Երկու գիշեր շարունակ իսրայելցի ուժայինները «սանրել են» Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթը։
Ապրիլի 5-ի գիշերը իրականացված գործողության հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են տուժել, 350 մարդ ձերբակալվել է: Թել Ավիվի գործողություններն արդեն դատապարտել է մի քանի երկիր, այդ թվում ՝ Իրանը, Թուրքիան և Եգիպտոսը: