Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղի ունեցածը, ըստ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի՝ հայտարարված կամ չհայտարարված սահմանազատում է։
Հիշեցնենք, որ մոտ տասն օր առաջ ադրբեջանական զորքը Սյունիքի Տեղ համայնքի դիրքերում առաջ էր եկել ու իրենով անելով հայկական մոտ 5 դիրք՝ (այդ մասին ՀՀ ԱԱԾ-ն էր հաղորդագրություն տարածել) գյուղի վարելահողերի վրա սկսել էր ամրաշինական աշխատանքներ իրականացնել։
«Հակառակորդը ռազմական դիրքավորման հստակ աշխատանքներ է իրականացնում։ Իսկ դա նշանակում է, որ հետագայում սահմանազատման ինչ տեսակի աշխատանք էլ տարվի, այն, միանշանակ, մեր երկրի սուվերեն տարածքի հաշվին է լինելու։ Վստահ եմ, որ Փաշինյանի իշխանությունն այժմ այնպես է անում, որ իրենից հետո Հայաստանում ով էլ գա իշխանության, դժվարությամբ կարողանա ինչ-որ բան փոխել կամ դրական ինչ-որ բանի հասել»,- ասում է ՀՀԿ-ականն ու ընդգծում, որ այս իմաստով՝ իշխանափոխությունն ուշանում է։
Արտակ Զաքարյանն ահազանգում է, որ, հնարավոր է, անգամ այնպիսի իրավիճակում հայտնվենք կամ այնպիսի ժամանակներ գան, երբ արդեն իշխանափոխությունն էլ իմաստ չունենա։
Ս․Վ․