Այս շաբաթ Հայաստանը անցկացրեց եվրոպական նշանի տակ, քանզի Երեւանում տեղի ունեցավ «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստը, եւ Հայաստանի խորհրդարանն ու լրատվամիջոցները, կարելի է ասել, մի քանի օր եվրոպական օդ էին շնչում:
Երեւանյան նիստը բավական հետաքրքրական էր ե՛ւ վիզուալ, ե՛ւ բովանդակային առումներով: Անսպառ նյութ կար դիտարկելու, զուգահեռելու, վերլուծելու, բայց հնարավոր չէ դա համակողմանի անել` տեղեկատվության ահռելիության եւ խտության պատճառով: Ադրբեջանցիները, որ չէին մասնակցում նիստին, հեռվից շունչները պահած թեմա էին թռցնում, որ արձագանքեն: Ուկրաինայի պատվիրակները բոլոր հնարավոր խոսափողներն օգտագործեցին` ռուսների ագրեսիայի եւ ռուսական այլ մեղքերի մասին անվերջ խոսելու համար, երբեմն անհարմար վիճակի մեջ դնելով ռուսների գործընկեր-հյուրընկալողներիս, մինչեւ վերջ տանելով իրենց գիծն ու անգամ վերջին ասուլիսին «Եվրոնեսթ» ԽՎ համանախագահող Բորիս Տարասյուկի բերանով էլ Հայաստանին կպնելով, թե Ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշումը սխալ է: ԽՎ-ն համանախագահող մյուս նրա գործընկերները` վրացի Վիկտոր Դոլիձեն եւ ֆինն Հեյդի Հավոտալան այդքան կտրական չէին ոչ ընթացքում, ոչ էլ ասուլիսին` հիմնականում խուսափելով հարցերին ըստ էության պատասխանելուց: Օրինակ` բաց երկնքի քաղաքականությունից խոսող Եվրոպան ինչո՞ւ չի նպաստում բաց երկնքից օգտվելու արցախցիների իրավունքի իրացմանը. այս եւ նման հարցերին եվրոպացի պատվիրակները սովորաբար հղում էին անում հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբին` բանավեճերից խուսափելով:
Իհարկե, մենք ձեռնպահ կմնանք Եվրոխորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկու կամ էլի մեկ-երկու եվրոպացի պատվիրակների` հայերեն մի քանի բառ ասելու առիթով հիացմունք արտահայտելու հիվանդությունից, կամ Տարասյուկին` դատափետելուց, Հայաստանի վերաբերյալ նրա մի շարք աչառու գնահատականների առիթով, քանզի երկու դեպքում էլ դրանք տեղավորվում են նրանց ու նրանց ներկայացրած կառույցների կամ պետությունների շահերի համատեքստում: Վաղուց ժամանակն է, որ հայերս ոչ թե էմոցիոնալ արձագանքենք երկրորդական նշանակության երեւույթներին, այլ սթափ գնահատենք տեղի ունեցողի գլխավոր էությունը: Իսկ էությունն այն էր, որ երկրորդ անգամ արդեն Հայաստանում «Եվրոնեսթի» հյուրընկալումը խոսում է այս կազմակերպությունում Հայաստանի ճիշտ աշխատանքի եւ հասկացվածության մասին: Բացի այդ` հանձնաժողովներում քննարկված չորս զեկույցները շատ կարեւոր հարցեր էին շոշափում նաեւ Հայաստանի համար: Հենց ինքներս «Եվրոնեսթ» ԽՎ ի նիստի ժամանակ ականատեսն էինք այն բանի, թե ինչ անկաշկանդ էին աշխատում Հայաստանի խորհրդարանում եվրոպացի պատվիրակները, փոխըմբռնման ինչպիսի մթնոլորտ կար հայ ու եվրոպացի պատգամավորների շփումներում, անգամ` ինչպես էին նրանք բարձր գնահատում մեր պատվիրակների աշխատանքը (ասենք` Մհեր Շահգելդյանի համահեղինակած` ավտոմոբիլային, երկաթուղային եւ օդային փոխադրումների ոլորտում ենթակառուցվածքներով համագործակցելու համատեղ ծրագրերի վերաբերյալ, կամՙ «Եվրոնեսթում» մեր պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի զեկույցները), կամ տարբեր առիթներով նշում, որ հասկանում են, թե ինչ պատմական ու մշակութային ժառանգություն ունեցող երկրում են գտնվում:
Եւ, իհարկե, շատ կարեւոր էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընդունված բանաձեւն այն դեպքում, երբ «Եվրոնեսթի» անդամ Արեւելյան գործընկերության ոչ մի երկիր դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ բանաձեւին միայն ուկրաինական պատվիրակությունն էր դեմ քվեարկել, սա նաեւ մասամբ պատասխան էր ուկրաինացիների հեղինակած «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» նախագծին սպասվելիք Հայաստանի չքվեարկելուն, ու ընդհանրապես` հակառուսական բանաձեւի ձեւակերպումները մեղմելու հայկական առաջարկներին:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւում «Եվրոնեսթ» ԽՎ-ն դատապարտում է բոլոր տեսակի ցեղապանություններն ու դրանց ժխտման փորձերը, դրանց կանխումը միջազգային հանրությունների առաջնահերթությունը համարում` աջակցություն հայտնելով ցեղասպանությունների կանխման միջազգային պայքարին, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնմանն ու պատմական արդարության հաստատմանը: Ապա եւ հրավիրում Թուրքիային` առերեսվելու իր անցյալի հետ: Քանի որ Հայոց ցեղասպանության աներկբա եւ ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստել է մարդկության դեմ հետագա ոճրագործությունների կանխման ձախողմանը, ու այդպես` մի շարք այլ «քանի որ»ների հիմնավորմամբ:
Բայց առավել հետաքրքրականը «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստում, ինչպես նաեւ այս օրերի այլ հրապարակային ելույթներում Հայաստանի նախագահի խոսքում առկա մի շարք նրբերանգներն էին, որոնք հեռագնա ենթադրությունների տեղիք էին տալիս: Ի սկզբանե պլանավորված ու վաղօրոք հաստատված օրակարգով «Եվրոնեսթ» ԽՎ-ին զուգահեռ ընթացող միջոցառումներ եւս մի շարք նոր միտումներ հայտնի արեցին, որոնց մասին արժե հիշատակել` հետագա իրադարձությունների ուղենշման առումով:
Նախ եվրոպացիները մի անգամ եւս հավաստեցին տարբեր առիթներով բարձրաձայնված այն մոտեցումները, թե Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ` վերանայվում է եվրոպական հարեւանության քաղաքականությունը, ու նոր հանգամանքների առկայությամբ (դրանց թվում է նաեւ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցումը) ավելի ճկուն քաղաքականություն է որդեգրվում հարեւանների հանդեպ` բարեկեցիկ եւ անվտանգ Եվրոպա ունենալու ճանապարհին: Մասնավորապես` ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը , նշելով հարեւանության երկրներում մի շարք նոր մարտահրավերների առկայությունը, «Եվրոնեսթ» ԽՎ-ում խոսեց յուրաքանչյուր երկրի հանդեպ տարբերակված մոտեցման անհրաժեշտության մասին` հաշվի առնելով ոչ միայն քաղաքական ու մշակութային առանձնահատկությունները, այլեւ շահերը: Եւ դա նա կրկնել էր նաեւ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, թե` անհատական մոտեցում պետք է ցուցաբերել յուրաքանչյուր երկրի հանդեպ:
Մեր Արտակ Զաքարյանն էլ, «Եվրոնեսթում» մեր պատվիրակության ղեկավարը, հավաստել էր բազմավեկտոր եւ հավասարակշռված քաղաքականություն վարելու Հայաստանի դիրքորոշումը` խոստանալով Արեւելյան գործընկերության ինտեգրման քաղաքականության մշակումը շարունակել: Փաստորեն, ԵՏՄ անդամակցելուն զուգահեռ, Հայաստանն արդեն ի ցույց աշխարհի ասում է, թե չի թերագնահատում եվրոպական ուղղությունը եւ մտադիր է այդ ուղղությամբ եւս քայլերի հաջորդականություն ապահովել: Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասում էր, թե Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը Եվրոմիության հետ տարբեր ուղղություններով` ելնելով այն սկզբնակետից, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավոր է համատեղել ԵՄ-ի հետ խորն ու ընդգրկուն օրակարգին.«Մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել եւ տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը եւ երկխոսությանը», ասել էր նախագահը: «Եվրոնեսթ» ԽՎ նիստում, հատուկ կանգ առնելով նաեւ ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտության վրա:
Շատերի աչքից չի վրիպել նաեւ, որ Ռուսաստանի հետ համագործակցության ոլորտային բավական մանրամասն գնահատական հնչեցնելով «Արարատի ստորոտին» հինգերորդ միջազգային մեդիա- համաժողովում եւ գոհունակություն հայտնելով այդ համագործակցությունից, Հայաստանի նախագահը ռուս լրագրողներից մեկի հարցին պատասխանելով` անհանգստություն էր հայտնել առ այն, որ ՌԴ-ն սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Ու խնդիր էր տեսել` սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, թե իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: «Դա պրոբլեմ է, որ պետք է լուծում ստանա», ասել էր նախագահը:
Զուգահեռ դիտարկումը ենթադրությունների տեղիք է տվել փորձագետներին, որոնց մեծ մասը հետեւություններ են արել, թե ԵՏՄ մտնելուց հետո տնտեսական դժվարությունները թելադրել են, որ Հայաստանը ավելի շարունակի զուգահեռ զարգացնել եվրոպական ուղղության իր կապերը, քանի որ պետք է Հայաստանը նեղ վիճակից դուրս բերելու բոլոր հնարավորություններն օգտագործել: Այսինքն մի քանի ամսվա անշարժ-սպասողական վիճակից հետո հավանաբար Հայաստանում որոշել են շարունակել «եւ-եւ»-ի` ավելի վաղ տարվող քաղաքականությունը: Ի լրումն` նախագահ Սարգսյանը երեկ Բրյուսելում էր ու մասնակցում էր ԵԺԿ գագաթաժողովին:
Երեկ էլ մեկնարկեց Եվրոմիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը, որի ժամանակ հնչեցին մի շարք արժանահիշատակ հայտարարութուններ: Օրինակ` արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության պաշտոնյա Ադրիանո Մարթինսն ասել է, որ ԵՄ-ն երկրների արտաքին քաղաքական ընտրության համար վրեժ չի լուծում նրանցից, դա եվրոպական արժեքներին չհամապատասխանող վարք կլիներ: Այնպես որ ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը հարգվում է: Բայց միեւնույն ժամանակ, ըստ Մարթինսի, ԵՄ հետ Ազատ եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրը Հայաստանն այլեւս չի կարող ստորագրել, քանի որ տնտեսական մեկ բլոկի` ԵՏՄ-ի պարտավորութուններն անհնար են դարձնում մյուսի հետ համագործակցությունը: Միաժամանակ` նա հիշեցրել է, որ անհատական աջակցության ծրագրով ԵՄ-ն 2017-ին 140-170 մլն եվրո է հատկացրել` այդպիսով կարեոորելով Հայաստանի հետ համագործակցությունը: Այնպես որ` այլ ձեւաչափերով համագործակցություն խորացնելուն ԵՄ-ն պատրաստ է, եւ քանի որ Հայաստանը եոս պատրաստ է այդ համագործակցությանը, ապա մի երկու-երեք ամսից Եվրոպայի խորհուրդը որոշում կկայացնի բանակցությունների վերաբերյալ, նախորդ բանակցությունների առարկա համաձայնագիրն էլ կարող է մեկնարկային լինել որոշ առումով: Բոլոր դեպքերում այս տարվա մեջ նոր ձեւաչափով համագործակցության շուրջ բանակցություններ լինելու են Հայաստանի հետ:
Բոլոր դեպքերում` ամեն ինչ մատնացույց է անում, որ Ապրիլի 24-ից հետո գլխապտույտ արագությամբ տեղի կունենան իրադարձություններ ե՛ւ Հայաստանի շուրջ, ե՛ւ Հայաստանի ներսում:
Հայաստանի ներսում մարմին կստանա Սերժ Սարգսյանի հանձնարարականը` սահմանադրության փոփոխությունները երկու տարբերակով մշակելու վերաբերյալ` «թե կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու, թե գործող համակարգի կատարելագործված ձեւ ունենալու» համար: Հավանաբար` կառավարող շրջանակը դեռ չի կողմնորոշվել մոդելի ընտրության հարցում, բացի այդ էլ մեզ մոտ նախ պետք է վճռվի «ով` նախագահ, ով` վարչապետ, ով` խորհրդարանի նախագահ» երեք անհայտով հավասարումը, հետո արդեն տարբերակները կհարմարեցվեն այդ` որոշված մարդկանց ամբիցիաներին, որքան էլ ցավալի հնչի այս բոլորը:
Ըստ այդմ էլ կլուծվի ներքաղաքական դասավորումների խնդիրը` անհանգստացնող Ծառուկյանը խաղից դուրս է, մնացածի հանդեպ վերաբերմունքը կձեւավորվի վերն ասված խնդիրները լուծելուց հետո:
Առայժմ լրատվամիջոցներին մնում է ենթադրություններ անել` ո՞վ կգա Ապրիլի 24-ին Երեւան, Պուտինը կգա Անկարայի՞ց, թե Երեւանից կգնա Անկարա, կամ` ընդհանրապես չի գա եւ չի գնա (Պուտինի մամուլի քարտուղարն էր երեկ հայտարարել, թե դեռ Հայաստան այցի ամսաթիվը քննարկվում է), կամ էլ` ո՞վ կլինի, ի վերջո, ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Չնայած վերջին թեման էլ, ի վերջո սպառվեց` երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ խմբակցության ղեեկավար է դարձել Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար` Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ-ն էլ պաշտոնապես լքել է ԲՀԿ խմբակցությունից 11 պատգամավոր:
Այդպիսով` ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրները, կարելի է ասել, կապված են միմյանց հետ, քանի որ խորքային առումով էլ դրանց կապը գոյություն ունի` Հայաստանի արտաքին օրակարգը կարող է ներքին ուժերի վերադասավորման պատճառ լինել հենց այս կամ այն ուղղությամբ կողմնորոշված լինելու առումով:
Հ.Գ.- Չգիտենք` ինչու է տարածված «Եվրոնեսթ» անվան` Հայաստանում օգտագործվող «Եվրանեսթ» ձեւը: Եվրոպա բառի «եվրո» արմատին ուղղակի կպած է մի այլ օտար արմատ, եւ ընդամենը, այստեղ «ա» հոդակապի անհրաժեշտությունը չկա, ինչպես Եվրոմիություն, Եվրոհանձնաժողով եւ համանման այլ բառերում: