Պատասխանելով ռուսական Lenta.ru-ի հարցին, թե կարելի՞ է ասել, որ այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում ոչ մի խնդիր չկա` ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասել է. «Այդպես չի լինում: Եթե հարաբերությունները կենդանի են, ապա մշտապես ինչ-որ խնդիրներ լինում են: Օրինակ, եթե խոսենք եվրասիական տնտեսական ինտեգրացիայից, ապա այստեղ խնդիրը Հայաստանի աշխարհագրական դիրքն է, ինչը թույլ չի տալիս, որպեսզի մենք ցամաքային ճանապարհով դառնանք այդ միասնական տարածքի մի մասը:Մեզ անհրաժեշտ են միության այլ անդամների հետ հաղորդակցման ճանապարհներ: Ասենք գոյություն ունի ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը, բայց մի շարք պատճառներով այս մաքսակետի հնարավորությունները սահմանափակ են: Բայց սա,կարծում ենք,լուծելի խնդիր է, ճիշտ այնպես, ինչպես հայ-ռուսական հարաբերությունների միջեւ ցանկացած խնդիր»: Անհասկանալի է մնում, թե «լուծելի խնդիր» ասելով ի՞նչը ի նկատի ունի փոխվարչապետ Գաբրիելյանը, ասենք այն, որ Հայաստանը ցամաքային ճանապարհ ունենա Միության բոլոր երկրների, այդ թվում, ենթադրենք, Ղազախստանի հե՞տ, թե՞ այն, որ Վերին Լարս անցակետի հնարավորությունները դառնան անսահմանափակ: Եթե առաջինը, ապա նկատենք, որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ դեռ բավականին սեպեր կան, որ պետք է հանվեն կամ եվրասիականացվեն:
«Պպզելու» մասին
Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճած Աշոտ Դանիելյանի պարգեւատրության արարողության ժամանակ 3-րդ մրցանակին արժանացած ադրբեջանցի սամբիստ Բահթիյար Աբասովը, ի պատիվ չեմպիոնի` ՀՀ օրհներգը հնչելու ողջ ընթացքում մրցանակակիրների պատվանդանին է եղել կքանստած (պպզած) վիճակում: Ավելի ուշ, ըստ տեղեկությունների, ադրբեջանցին մոտեցել է Հայաստանի պատվիրակությանը, ներողություն խնդրել, նույնն արել է Մոսկվայում ադրբեջանական դեսպանատան աշխատակիցը: Սակայն, արդեն իր հայրենիքում Աբասովը հայտարարել է, որ ինքը պպզել է ՀՀ օրհներգի ժամանակ եւ էլի կպպզի, երբ նորից այն լսի… Արդյունքում Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան որոշում է կայացրել` հակասպորտային արարքի համար ադրբեջանցի սամբիստին զրկել վաստակած բրոնզե մեդալից, այդ մասին հայտարարել է նաեւ սամբոյի Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահը: