Ընթացիկ տարում աշխարհին սպառնացող գլխավոր մարտահրավերները պայմանավորված են հիմնականում համաշխարհային տնտեսության կառուցվածքային խոր փոփոխություններով, որը սպառել է աճի ներուժը ներկայիս տեխնոլոգիական շրջափուլում: Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ստեղծած տնտեսական ու քաղաքական փոխհարաբերությունների համակարգի քայքայման վտանգը հանգեցրել է այդ համակարգից օգտվողների եւ մնացյալ աշխարհի միջեւ պայքարի սրմանը: “Внешняя политика” գործակալությունը իր կանխատեսման մեջ առանձնացնում է 2015 թ. իրադարձությունները պայմանավորող չորս գործոն:
Դրանցից առաջինը փոփոխվող համաշխարհային համակարգում սեփական գերիշխող դիրքի պահպանմանը ձգտող Արեւմուտքի հակամարտությունն է կախյալ վիճակը մերժող Ռուսաստանի հետ: Այս հակամարտության մեջ մարտադաշտ է դարձել Ուկրաինան, որի վերահսկումը կողմերից յուրաքանչյուրը համարում է սեփական նպատակի ապահովման անհրաժեշտ պայման:
Երկրորդը Եվրոմիության ճգնաժամն է ինչպես դրա ներքին միասնականության տեսակետից, այնպես էլ միությանՙ որպես ուժի համընդհանուր կենտրոնի արդյունավետության առումով:
Երրորդը կուտակվող ամպերն են Չինաստանի վրա, որտեղ շատ տարիների ընթացքում առաջին անգամ ծագել է ապակայունացման վտանգ, ինչը տնտեսական աճի տեմպերի դանդաղման, սոցիալական լարվածության խորացման եւ ներկուսակցական պայքարի նշանների արդյունք է:
Չորրորդը արմատական իսլամի հարձակումն է, որը ոչ միայն ձեռք է բերել սեփական տարածք (Իսլամական խալիֆայություն)ՙ ջնջելով նախկին գաղութային սահմանները, այլեւ պատրաստ է «երկրորդ ճակատ» բացել Եվրոպայում:
2015 թվականի ամենակարեւոր հարցը հետեւյալն էՙ տարին կլինի՞ արդյոք հակամարտության գագաթնակետ, գլխավոր մրցակիցներ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կկարողանա՞ն ըմբռնել նոր ստատուս-քվոյի հնարավորությունը, թե՞ հակամարտությունը կհասնի ավելի բարձր մակարդակի: Այդ պրոցեսի ուղղությունից կախված կլինի մասնավորապես Ռուսաստանի ներքին քաղաքականությունը:
Փոխզիջման հեռանկարի բացման կամ գոնե դիմակայության սառեցման (պատժամիջոցների եւ տեղեկատվական ճնշման թուլացման) դեպքում ՌԴ իշխանությունները կկարողանան իրավիճակը վերահսկել արդեն գոյություն ունեցող տնտեսական ու քաղաքական միջոցներով:
Սակայն բացահայտ տնտեսական պատերազմի ծավալման դեպքում Մոսկվան ստիպված կլինի կատարել տնտեսության ռեալ վերակառուցում, ներքաղաքական փոփոխություններ, կառավարության կազմի եւ ընտրախավի նորացումներ:
Հետագայում այդ դիմակայության ամեն մի արդյունք, բացի ՌԴ տնտեսական փլուզումից եւ քաղաքական անձնատրությունից, «մնացյալ» աշխարհին կազդարարի, որ Արեւմուտքի գերիշխանությունն ավարտված է եւ սկսվել է միջազգային հարաբերությունների նոր դարաշրջան:
Հակամարտության ընթացքը ԱՄՆ-ին ձեռնտու է եւ հնարավորություն է տալիս հասնել գլխավոր նպատակներինՙ կանխել աշխարհաքաղաքական մրցակիցներ Ռուսաստանի ու Գերմանիայի հզորացումը, տարբեր ուժերի ԱՄՆ-ին ոչ ձեռնտու դասավորության ստեղծումը, ամրապնդել դաշնակիցներինՙ հընթացս նրանց վրա դնելով հակամարտության բեռի մեծ մասը: ԱՄՆ-ի ներքին քաղաքականության տեսակետից Ռուսաստանի հետ առճակատումը երկնային մանանա է, որը բարձրացնում է նախագահի վարկը, քաղաքական ուժերին միավորում հանուն «աշխարհակալության» պաշտպանության, խթանում է ռազմարդյունաբերական համալիրը: ԱՄՆ-ում հույս ունեն ճնշումների միջոցով փոխել ՌԴ քաղաքական ուղեգիծը եւ վարկաբեկել նախագահ Պուտինին:
Եվրոպան 2015 թ. կշարունակի վճարել հանուն պատրանքների կատարված փոխզիջումների դիմաց: Բրյուսելում, որտեղ ձեւը սկսել է գերիշխել բովանդակության նկատմամբ, դարձյալ կտատանվեն ՌԴ ինքնուրույնության իրավունքը ճանաչելու անհնարինության եւ նրա հետ ապրելու ու գործակցելու անհրաժեշտության միջեւ: Միասնությունից եւ հստակ հեռանկարից զրկված, լճացմանը, մարդկանց դժգոհությանը, իսլամական ահաբեկչության ընդհատակի վտանգին ենթակա Եվրոմիությունը կշարունակի համերաշխվել ԱՄՆ-ի հետ եւ միեւնույն ժամանակ ամերիկացիներին հետ պահել նոր սրացումներից:
Կիեւի ներկայիս իշխանություններին Ռուսաստանի հետ առճակատումը անհրաժեշտ է որպես քաղաքական գոյատեւման միջոց: Կաշառակերության, թանկացումների, պետության վարկաբեկման, ամենաթողության, զինված խժդժությունների պայմաններում դժգոհության պայթյունը կարելի է կանխել միայն արտաքին թշնամու դեմ արեւելքում ռազմական հաղթանակի անհնարինությունը եւ դրա օգնությունից Ուկրաինայի կախվածությունը: Սա նշանակում է, որ 2015 թ. վերնախավի մրցակից խմբավորումները կշարունակեն հարմարվել ԱՄՆ-ի ու Եվրոմիության տրամադրություններին եւ ձգձգել քաղաքական հաշիվների դիմաց վճարելու պահը:
Չինաստանի ղեկավարությունը այս տարի ուշադրությունը կբեւեռի ներքին կայունության պահպանման վրա, որը հարցականի տակ է հայտնվել սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի պատճառով: Երկիրը կշարունակի ակտիվ գործունեությունը BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում:
2015 թվականը կհաստատի իսլամական Մերձավոր Արեւելքի հետ Արեւմուտքի ըստ էության գաղութային հարաբերությունների պայթյունավտանգ բնույթը. պարտադրված սահմաններ, աշխատուժի ներմուծման տնտեսություն, արեւմտամետ միահեծան ընտրախավեր: Եթե ԱՄՆ-ում «Իսլամական պետության» արմատականները ընկալվում են որպես իրաքյան պատերազմից ծանոթ երեւույթ, ապա եվրոպացիները նոր-նոր են գիտակցում խնդրի ծավալն ու նշանակալիությունը:
Ներկայումս գլոբալ առճակատման շարունակումը ձեռնտու չէ Մոսկվային: Ուկրաինայի արեւելքում սանձազերծված պատերազմը բխում է Կիեւի եւ Վաշինգտոնի շահերից: Չնայած դրան, Ռուսաստանը չի կարող միակողմանիորեն վերջ դնել Արեւմուտքի հետ դիմակայությանըՙ չդիմելով մեծ պատերազմի վտանգ պարունակող անպատասխանատու քայլի կամ սեփական դիրքերի հրապարակային հանձնմանը: Միեւնույն ժամանակ երկրում ստեղծված «Հուսո կապիտալը» հնարավորություն կտա ճնշմանը դիմանալ մի քանի տարի:
2014 թվականին Ռուսաստանը ձգտում էր միայն իրավահավասար երկխոսության: Երկիրը չի ուզում առճակատման մեջ մտնել զուտ հանուն առճակատման: 2015 թվականին ՌԴ ղեկավարությունը պետք է որոշի, թե երկիրը սեփական շահերի պաշտպանության ոլորտում որքան հեռու կարող է գնալ առկա ռեսուրսներով: Այդ որոշումը մեծ չափով կպայմանավորի Ուկրաինայի ռազմական հակամարտության աստիճանը, ինչպես նաեւ ցույց կտա, թե իշխանությունները ինչպիսի ծրագրով ու թիմով կմասնակցեն 2016 թ. Պետդումայի եւ 2018 թ. նախագահական ընտրություններին: