Թերի կլիներ ասել, որ ներկայիս հայերը ընկճված են Արցախի եւ Հայաստանի գոյատեւմանն սպառնացող ճգնաժամի ամենօրյա զարգացումների առնչությամբ: 2020 թվի արցախյան քառասունչորսօրյա խայտառակ պատերազմից ի վեր աշխարհասփյուռ հայերը խիստ շփոթված վիճակում են: Նրանց անհանգստությունը բխում է գոյատեւման անթիվ-անհաշիվ հարցերի պատասխանները գտնելու որոնումներից: Նախկինում, նրանք՝ մասնավորապես հայաստանցիները, մոտ երեք տասնամյակ անպատասխանատու եւ ոչնչով չարդարացված երջանկության պայմաններում էին ապրում, մտածելով, որ տարածքային ամբողջականության վերաբերյալ մտահոգվելու ոչ մի պատճառ չունեն: Պատերազմի խայտառակ ավարտը թմբիրից արթնանալու ցավալի ահազանգ հնչեցրեց ամբողջ ազգի համար, որի մեծ մասը գտնվում է աշխարհի տարբեր մասերում:
2020-ի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հրադադարի հայտարարությունից մոտ երեք տարի է անցել, սակայն սփյուռքահայությանը ոչ մի առիթ չի ընձեռվել լրջորեն ներգրավված լինելու այդ ճգնաժամի լուծման խնդիրների մեջ: Հայաստանի եւ Արցախի իշխանությունները համառորեն պայքարում են, թակում են բառացիորեն բազում դիվանագիտական դռներ եւ նախաձեռնում միջազգային բարձրաստիճան հանդիպումներ: Փորձեր են արվում, երբեմն հակասական, ստեղծելու դաշնակցային նոր հարաբերություններ, ստորագրելու կամ խոստանալու, որ կստորագրվեն խաղաղության նոր պայմանագրեր այն հույսով, որ Հայաստանին եւ Արցախին կտրվի որոշ պաշտպանություն ի դեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անհագուրդ եւ բացահայտորեն ագրեսիվ ախորժակի: Թվում է, թե նա պարզապես ցանկանում է ոչնչացնել ամեն ինչ, որ կրում է հայկական ազգային ինքնության դրոշմը:
Փաստն այն է, որ ավանդական բոլոր քաղաքական եւ դիվանագիտական միջոցներն ու ակնկալիքները, որոնց վրա Հայաստանը տասնամյակներ կամ նույնիսկ դարեր շարունակ հենվել է՝ «նոր աշխարհի ռեալպոլիտիկի պայմաններում», հանկարծ դարձել են անօգուտ: Այդ պատճառով էլ Հայաստանը ստիպված հարցականի տակ դնելով ավանդական իր դաշնակցային հարաբերությունների արդյունավետությունը, աննախադեպ քայլ ձեռնարկեց եւ թակեց Արեւմուտքի դուռը: Արեւմուտքն էլ, իր հերթին, եւ իր շահերից ելնելով, աննախադեպ խրախուսող շահագրգռվածություն ցուցաբերեց հայկական հարցերի վերաբերյալ եւ շարունակում է առ այսօր Հայաստանին լուրջ օժանդակություն ցուցաբերել: Հայաստանն, ինչ խոսք, պարտավոր է օգտվել դրանից, մինչեւ չպարզվեն Արեւմուտքի այլ նպատակները:
Նրանք ովքեր այսօր հանձն են առել Հայաստանի քաղաքականությունն ու մարտավարությունը մշակելու բարդ խնդիրները, մեծ պատասխանատվություն են կրում ճիշտ գնահատելու մինչ օրս ձեռք բերված արդյունքները եւ շարունակելու իրենց հարաբերությունները: Անհրաժեշտ է կողմնորոշվել, թե արժե՞ շարունակել, արդյոք, նախկին մարտավարությունը, թե՞ պետք է էական փոփոխություններ կատարել: Նման վերարժեքավորումը կարիք ունի սկզբունքային լուրջ հետազոտության, ինչը հնարավորություն կտա հարցին մոտենալ զգացմունքային դիրքորոշումներից եւ կարծրատիպ նախապաշարմունքներից անկախ: Փաստական այդ գնահատման արդյունքը այնուհետեւ պետք է օգտագործվի որպես ուղեցույց վերակողմնորոշվելու եւ նոր մարտավարություն ու քաղաքականություն մշակելու համար:
Սույն հոդվածի նպատակն է մատնանշել, որ ներկա մարտավարությունը գնահատելու «լակմուս թեստը» Լաչինի միջանցքի արգելափակման հարցն էր (ներառյալ բոլոր մակարդակներում լուծում գտնելու ուղղությամբ կատարված ջանքերն ու հանդիպումները), դրա սկզբնավորումից ավելի քան 100 օր անց:
Լաչինի միջանցքի ճգնաժամը քաղաքական չէ: Այն զուտ մարդասիրական է, որտեղ հայերը ակնկալում էին տեսնել սահուն եւ արդյունավետ միջամտություն: Ադրբեջանի դաժան գործողութունը դատապարտելուց բացի, միջազգային հանրությունը առավելագույնը մի քանի օրերի ընթացքում պետք է կարողանար պարտադրել Ադրբեջանին, որ վերացնի միջանցքի արգելափակումը: Տխուր իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է:
Բոլոր մակարդակների միջազգային քաղաքական եւ մարդասիրական կառույցները քաջատեղյակ են Ադրբեջանի հանցագործության մասին: Շարունակվող ճգնաժամի մանրամասները Հայաստանը Միջազգային Արդարադատության դատարանին ներկայացրեց, որտեղ մոտ 15 երկրների ներկայացուցիչներ ամբողջ խորությամբ քննարկելով հայցը, միասնական վճիռ արձակեցին դատապարտելով Ադրբեջանին եւ պաշտոնապես նրանից պահանջելով, որ անհապաղ բաց անի միջանցքը երկկողմանի ազատ եւ անկաշկանդ երթեւեկության համար: Եվրոխորհրդարանն իր հերթին պաշտոնապես նույն պահանջը ներկայացրեց Ադրբեջանին: Բացի նրանցից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Մ. Նահանգների եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները նույնպես դատապարտեցին եւ Ալիեւից պահանջեցին անհապաղ վերջ դնել իր անօրինական գործունեությանը: Միջազգային դիտորդների տարբեր խմբեր տարածաշրջան ժամանեցին եւ ականատես եղան անարդարացիորեն շարունակվող մարդկային աղետին:
Հակառակ այս բոլորին, միջանցքը դեռեւս փակ է մնում, անամոթաբար արգելափակված արդբեջանցիների կողմից՝ հզոր, բայց անճարակ Ռուսաստանի խաղաղապահների աչքերի առաջ: Դրա հետեւանքում արդեն չորրորդ ամիսն է, ինչ մարդասիրական ճգնաժամը Արցախում շարունակվում է, բոլոր ոլորտներում: Ալիեւն էլ, ի հերթին, կրքերն է՛լ ավելի բորբոքելով, բացարձակ ինքնավստահությամբ ոչ միայն մարտահրավեր է նետում այս ամենին, այլեւ ՄԱԿ-ի լիիրավ անդամ պետություն հանդիսացող Հայաստանի ներկա տարածքը անպատկառորեն հայտարարում այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» տարածք:
Ալիեւի վարքագիծը բացահայտորեն հար եւ նման է միջազգային «մաֆիոզ բոսի» վարքագծին: Որքան Հայաստանը փորձում է կառչել «խաղաղության եւ զիջողականության քաղաքականությունից», երբեմն նույնիսկ արցախահայության բնավորության, անվտանգության եւ ինքնավարության նկատմամբ անորոշ կամ երկիմաստ դրսեւորումներով, այնքան ավելի ռազմատենչ են դառնում Ալիեւի ագրեսիվ հայտարարություններն ու հայերին աշխարհի երեսից բնաջնջելու հավակնությունները: Այնպես որ, բոլորովին կարիք չկա քննարկելու այն փաստը, որ մինչ օրս Հայաստանի եւ Արցախի գործադրած ջանքերն ու մաֆիոզ Ալիեւին սանձելու միջազգային հանրության կոչերի «լակմուս թեստը» ամբողջովին ձախողված է:
Ուստի պետք է եզրակացնել, որ Հայաստանի դիրքորոշումն ու Ադրբեջանի եւ Ալիեւի դեմ ուղղված նրա հայտարարությունները միջազգային հարթակներում եւ բանակցային սեղանների շուրջ պետք է հիմնովին փոփոխության ենթարկվի: Որեւէ անողջամիտ ակնկալիք, որ զիջողականությունը կամ Ալիեւին ընդառաջ գնալը կարող է մեղմացնել նրա ագրեսիվությունն ու կանխել նոր պատերազամի հնարավորությունը, պետք է դրվի մի կողմ: Պետք է բոլորի համար հստակ լինի, որ Ալիեւն ու Ադրբեջանը ամեն օր գործնականորեն պատրաստվում են նվաճել Արցախը եւ Հայաստանը, որպեսզի ավարտին հասցնեն 2020-ի նոյեմբերին կիսատ մնացած իրենց գործը: Վերջերս նրանք փորձում են պարզել, թե ո՞վ կամ ո՞ր երկիրը, արեւելքից, թե արեւմուտքից, վճռականությունը կունենա «օգնության հասնելու հայերին», եւ եկել են այն համոզմանը, որ իրենց կողմից սանձազերծված որեւէ նոր ագրեսիայի դեպքում, ճիշտ է, տարբեր կողմերից բարձրագոչ դատապարտումներ կլինեն, բայց ի վերջո ոչ մեկը մատը մատին չի տա որեւէ ձեւով օգնելու հայերին: Այնպես որ, հետեւելով «լակմուս» անսխալական թեստի արդյունքներին, հայկական կողմը, պարզապես գոնե ձեւական առումով, պետք է շարունակի գործադրել իր բազմաբաղադրյալ քաղաքականությունը արեւելքի, արեւմուտքի, հյուսիսի եւ հարավի երկրների հետ: Միաժամանակ, սակայն, պետք է գործադրի նաեւ հետեւյալ անհետաձգելի գործողությունները:
(1) Հայաստանը պարտավոր է հետեւողականորեն, անքուն-անդադար զարգացնել իր՝ ինչպես ինքնապաշտպանական, այնպես էլ հարձակողական զինանոցը՝ ամենաարդյունավետ արդիական զենքերով, լինեն դրանք սեփական արտադրւթյան, թե արտասահմանյան, նաեւ ձեւավորել բարձրագույն մակարդակի պատրաստված բանակ, որի մեջ ընդգրկված պետք է լինեն երկրի ամբողջ բնակչության համապատասխան տարիքի արական եւ իգական սեռերը: Սա հենց այն է, ինչն իրեն հարգող որեւէ երկիր, ինչպիսին օրինակ՝ Իսրայելն է, կձեռնարկեր անել:
(2) Սրանից հետո, Հայաստանը բոլոր մակարդակների միջազգային հարթակներում պետք է օգտագործի հստակ, աներկբա ձեւակերպումներ պաշտպանելու համար իր տարածքային ամբողջականության պատմական իրավունքները եւ մերկացնելու համար բոլոր պատմական խեղաթյուրումները, որոնցով Ադրբեջանը հեղեղում է համաշխարհային մամուլը եւ մեդիա ոլորտները՝ գործի դնելով նյութական եւ այլ վիթխարի միջոցներ:
Արցախն ու Հայաստանը մասնավորապես պետք է վերակենդանացնեն աշխարհի այդ մասում իրենց գոյության պատմական փաստերը, որոնք ապացուցում են հայերի բնիկ լինելը այդ տարածաշրջանում՝ բազում հարյուրամյակներ, նախքան Ադրբեջանի հայտնվելը քարտեզի վրա: Արցախի 1991 թվի դեկտեմբերի 10-ի անկախության եւ ինքնորոշման իրավական հայտարարությունը պետք է հստակորեն վերականգնվի քաղաքական դաշտում, եւ Հայաստանը պետք է աներկբա ճանաչի անկախ Արցախի Հանրապետությունը: Ավելին, Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ հայության բոլոր միջոցները պետք է զորաշարժի ենթարկել՝ միանգամընդմիշտ աշխարհին իրազեկելու Արցախի պատմական իրականության մասին, եւ դրանով իսկ տեղեկատվական պատերազմ մղել ընդդեմ Ադրբեջանի ապատեղակատվություններին:
(3) Որպես լիարժեք անկախ հանրապետություն, Հայաստանը պետք է ՄԱԿ-ում գրաված իր հարթակը լիարժեք օգտագործի անմիջապես արձագանքելու համար «Արեւմտյան Ադրբեջանի» մասին Ալիեւի զառանցանքներին:
Միջազգային քաղաքականության մեջ Հայաստանի դիրքի արմատական փոփոխությունը պահանջող վերոնշյալ առաջարկը իրագործելի է եւ անհետաձգելիորեն անհրաժեշտ: Սակայն նախ հարկավոր է ձեւավորել հստակ ազգային ընդհանուր վճռականություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել ամբողջական բնաջնջման ենթարկվելուց, այլապես դա տեղի է ունենալու, քանի դեռ շարունակվում է ներկայի զիջողականության գնալու հեզաբարո քաղաքականությունը:
Վարչապետ Փաշինյանն ու Հայաստանի ներկա իշխանությունները պարտավոր են իրենց ձախողված քաղաքականության մեջ հստակորեն նշել այս նոր կողմնորոշման մասին: Միաժամանակ նրանք պարտավոր են ստեղծել քաղաքական ներգրավվածության մի նոր մթնոլորտ՝ համագործակցելով Հայաստանում ապրող ու գործող կառուցողական ուժերի եւ փորձառու տարրերի հետ: Նաեւ՝ անկեղծ ջանքեր գործադրել՝ օգտագործելու համար դեռեւս ամբողջապես չբացահայտված, ճիշտ է՝ միգուցե անկազմակերպ, բայց չափազանց ճարտարամիտ սփյուռքահայության գիտական ներուժը:
Եթե ներկա իշխանությունները, ինչ-ինչ պատճառներով չկարողանան դիմակայել ստեղծված մարտահրավերը, ապա պարզապես պարտավոր են մի կողմ քաշվել եւ թողնել, որ առավել խիզախ եւ ձեռնհաս տարրեր իրենց ուսերին վերցնեն այս դժվարին, բայց ազգի գոյատեւման համար խիստ անհրաժեշտ պայքարը:
Դոկտ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆ
Մոնրեալ, Կանադ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ