Ճիշտ 50 տարի առաջ Բեյրութի «Ատլաս» հայկական տպարանում լույս տեսավ իսկապես կոթողային (մեր օրերում այս բառն այնքան է սովորական դարձել) մի ժողովածու, որն այդ օրերին, եւ այնուհետեւ էլ, աննախադեպ էր իր լրջությամբ, տարողությամբ, աշխատակից հոդվածագիրների քանակով ու որակով, ասելիքով, գիտական ճշգրտությամբ, լացուկոծից հեռուՙ անելիքի՛ գործնապաշտությամբ: 1114 էջանոց այդ ժողովածուն, ավելի ճշգրիտՙ հանրագիտարանային աշխատությունը, որին իրենց մասնակցությունն են բերել 66 անուն հեղինակներՙ պատմաբան, հուշագիր, բանասեր, գրող, վկայագրող, ուր լույս են տեսել մեծ թվով լուսանկարներ, քարտեզներ, տեղեկագրեր ու փաստաթղթեր, աննախադեպ է մնում նաեւ այսօր, աննախադեպ ու չգերազանցված, քանզի այն սկիզբն էր ողբի ու ողբասացության հիսնամյակի ավարտից հետո սկսվող նոր հիսնամյակի, մի նորՙ պահանջատիրական փուլի, որը անհրաժեշտաբար պետք ուներ իրողություններն ու փաստերը խտացնողի, հետագա պայքարի համար պատմագիտական հարթակի: Եվ ափսոս էր, որ 100-րդ տարելիցի այս օրերին, հակառակ համապատասխան դիմումների, չվերահրատարակվեց գիրքը, որը վաղուց, շատ վաղուց, նույնիսկ 1985 թ.ին նրա 2-րդ հրատարակությունն ամբողջովին սպառված էր:
Գիրքը կոչվում էր «Յուշամատեան Մեծ եղեռնի» , հրատարակվել է Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առիթով: Կազմողըՙ Հայ դատի մեծ երախտավոր, ՌԱԿ «Զարթօնք» պաշտոնաթերթի երկարամյա խմբագրապետ Գերսամ Ահարոնյանը , օգնական ունենալով նույն թերթի խմբագիր, գրող Նազարեթ Թոփալյանին : Մինչ այդ Գ. Ահարոնյանը, 1964 թ.ին, առանձին հատորով հրատարակել էր «Զարթօնք» օրաթերթում լույս տեսած իր 70 խմբագրականների շարքըՙ «Մեծ երազի ճամբուն վրայ» , իսկ 50-ամյակից հետոՙ 1966 թ.ինՙ 50-ամյակն ամփոփող «Խոհեր 50-ամեակի աւարտին» եզրափակող ժողովածուն, դառն անբավականության խոհազգացությամբ գրված խմբագրականների շարքով:
Գերսամ Ահարոնյանը բացի միջազգային պատմության եւ Հայաստանի աշխարհագրության իմ եւ հարյուրավորների ուսուցիչը լինելուց, եղել է նաեւ իմ խմբագրապետը 1977-80 տարիներին, երբ աշխատում էի «Զարթօնք»ում որպես նրա օգնականը: Խորապես հարգելի, ի՜նչ եմ ասումՙ առինքնող անձնավորություն էր, որ պարտադրում էր իրենՙ միջազգային քաղաքական ու տնտեսական պատմության եւ առօրյա անցուդարձերի խորը իմացությամբ, տեղանքի եւ անձերի անունների բացառիկ հիշողությամբ, փաստերից ու տվյալներից անդինՙ ճշգրիտ, չոր, միայն ըստ էության գնահատականների հմտությամբ: Նա տեսլական ունեցող մարդ էր, սկզբունքային, կենսաշող մի անձնավորություն, որ գիտեր կյանքը վայելել իմաստավորված ձեւով, ազգայի՛ն իմաստավորումով, եւ մահացավՙ երբ կյանքը Լիբանանում քաղաքացիական պատերազմի պատճառով անիմաստ դարձավ իր եւ շատ շատերի համար: Պատմաբան չէր նա բառի մասնագիտական առումով, scholar իմաստով: Պատմությունը, եւ հայոց պատմությունը մասնավորաբար, ամենօրյա ուսումնասիրության առարկա էր նրա համարՙ հաջորդ ու հետագա հանգրվանները ուղենշելու իմաստով: Սիրում էր միշտ կրկնել` «կմնամ պատմության ուսանող»: Կենսասեր էր եւ ընկերայինՙ բառի իսկական առումով, սկզբունքային եւ հետեւողականՙ ազգային-կուսակցական առումով: Կարիք կա՞ ասելու, որ Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավարներից էր, թերեւս նրա ամենավառ անհատականություններից մեկը: Կարիք կա՞ հիշեցնելու նաեւ, որ նա շրջանավարտ էր Մելգոնյան կրթական հաստատության: Ջերմագոյն պաշտպանն էր Խորհրդային Հայաստանի, իր բառերովՙ Հայկական Հանրապետության, նրա մեջ տեսնելով մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովությունը, Հայ դատի հետագա պայքարի կռվանը: Սակայն, միաժամանակ, քննդատելով ազգային հարցերում նրա ղեկավարության վախկոտությունը: Հավատացողն էր հայկական պետականության, նրա մեջ էր տեսնում մեր ժողովրդի պետական գիտակցության, կազմակերպված ապահովության, Մեծ երազը իրականացնելու երաշխիքը: Ես չեմ հանդիպել ռամկավար որեւէ այլ գործչի, որ այդպիսի հպարտությամբ բարձրաձայնում էր Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կազմում ռամկավար-ազատականների կարեւոր ներկայությունը: «Պիտի գրեմ, ասում էր նա, հայ ժողովուրդի նորագույն ժամանակներու պատմությունը, որ պիտի չըլլայ պատմաբանասիրական շարադրանքը 1878-էն մինչեւ 1921 թվականներու պատմության: Պիտի գրեմ առանց foot note-ի (տողատակի ծանոթագրություններ), պիտի գրեմ մեր ժողովուրդին «շաաբի» (արաբերենՙ ժողովրդային) պատմությունը, մեր կուսակցության մասնակցությունը ատոր, պիտի գրեմ բոլշեւիկներու կատարած դավաճանության, բայց նաեւ մեր երկրի (նկատի ունի Հայաստանի) ղեկավարներու այդ տաժանագին պայմաններու մեջ կատարած հերոսական աշխատանքներու պատմությունը»:
Ափսո՜ս, չկարողացավ նա այդ անել: Անժամանակ մահը չթողեց նրան իրականացնել այդ եւ այլ ծրագրեր:
Իսկապես ափսոս է, որ Հայոց ցեղասպանության այս 100-րդ տարելիցին չվերահրատարակվեց կոթողային այս հատորը: Մեր ժողովուրդը զրկվեց Հայոց մեծագույն հայրապետներից Վազգեն Ա կաթողիկոսի, Անդրանիկ Անդրէասյանի, Ա. Մնացականյանի, Ստեփան Շահպազի, Լեւոն Չորմիսյանի, Լեւոն Վարդանի, Գրիկէրի, պրոֆ. Մանասե Սեւակի, Ասատուր Մակարյանի, Արմենակ Եկարյանի, Վ. Կեսարացիի, Բենիամին Ժամկոչյանի, Երվանդ Քասունու, Օննիկ Սարգիսյանի, Մարտիրոս Քուշակճյանի, Գեւորգ վրդ. Կարպիսյանի, Արամ Անտոնյանի, Կ. Գաբիկյանի, Վահե Հայկի, Ենովք Արմենի, Զարեհ Որբունու, Արամ Շորվողլյանի, Եղիվարդի, Բենիամին Նուրիկյանի, Զարեհ Մելքոնյանի, Գառնիկ Ադդարյանի, Պետրոս Քաջբերունու, Ստեփան Կուրտիկյանի, Մարի Աթմաճյանի, Վահրամ Մավյանի, Հակոբ Հ. Ասատուրյանի, Վեր. Արմեն Կյորգիզյանի, Հակոբ Դավիթյանի, Արշավիր Գապպենճյանի, Լեւոն Թյութունճյանի, Գասպար Մենակի, պրոֆ. Հայկ Արամյանի, Գնէլ եպս. Ճերեճյանի, Վահրամ Կյոքճյանի, Հմայակ Գրանյանի, Հովհ. Պողոսյանի, Զավեն Մսըրլյանի, իրՙ Գ. Ահարոնյանի եւ այլոց ուշագրավ, հեռահայաց հոդվածները կարդալու հնարավորությունից:
Այդ գրքից մեկ օրինակ ձեռք բերելու բախտ եմ ունեցել հանգամանքների բարեպատեհ դասավարումով: Իմ խմբագրապետ Գ. Ահարոնյանի տանը կար ընդամենը 2 օրինակ իր իսկ հրատարակած հատորից: Թախանձում էի մեկը տալ ինձ: Ուզում էր նվիրել, անկեղծորեն: Բայց օրերի թավալքի հետՙ պատահեց անխուսափելինՙ որը պատահում է ժամանակին չկատարված բոլոր խոստումների պարագայում. 1978 թ.ին Բեյրութ եկավ Զորի Բալայանը եւ, բնականաբար, «տիրացավ» Գերսամի տանը գտնվող 2-րդՙ «իմ» օրինակին: Սակայն, ինչպես ասում են, երբ մի բանի շատ ես ձգտում, նա գալիս է քեզ ընդառաջ: Մի օր «Զարթօնք»ի տպարանում, զանազան կլիշեներ որոնելիս, հայտնաբերեցի Գ. Ահարոնյանի «Յուշամատեանի» վերջինՙ սրբագրական օրինակըՙ իր իսկ վերջին հպումներովՙ մեծ-մեծ, ինքնավստահ ձեռագրով արված ուղղումներով հանդերձ: Հավաքեցի ու կազմել տվեցի բոլոր էջերըՙ շապկիՙ եգիպտահայ նկարիչ եւ տառաստեղծ Օննիկ Ավետիսյանի նկարած խորհրդապատկերով, իմ կողմից ավելացրի գույները, տվեցի կազմարարության եւ այժմ պահում եմ որպես մասունք:
Այս գիրքը սրբություն էՙ վավերացնում է, նախանշում, եւ 50 տարի արդեն ուղղորդել ու դեռեւս ուղղորդում է մեզ դեպի մեր Մեծ երազի իրականացում: