Գերմանահայության պահանջը Բունդեսթագից
Ապրիլի 21-ին գերմանական «Բայրիշե ռունդֆունկը» մեկ ժամանոց ուղիղ եթերը տրամադրել էր Հայոց ցեղասպանության թեման, ավելի ստույգՙ դրա վերաբերյալ Բունդեսթագում ընդունելիք բանաձեւի մասին իրազեկմանը: Եթերի հյուրն էին Պոդստամի համալսարանից պատմաբան Փշիխհոլցը , Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխատենապետ Մադլեն Վարդյանը , Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մյութցենիհը :
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխնախագահը հստակեցրեց հայության ակնկալիքներըՙ ուզում ենք Հայոց ցեղասպանության ճանաչում, ոչ թե հարաբերականացում, քանի որ բանաձեւի տեքստում ընդգծվում է, թե Գերմանիան չի մոռանում Հոլոքոսթի եզակիությունը, սրանովՙ Հայոց ցեղասպանությունը դառնում է իբրեւ 20-րդ դարում պատմության մեջ պատահած մի օրինակ, երկրորդային դեր ստանում, որ անընդունելի է: Հոլոքոսթի հիշատակումը գործիք են դարձնումՙ Հայոց ցեղասպանությանը երկրորդային դեր «շնորհելով», դժգոհեց Վարդյանը:
Նրա գնահատականի հետ, թե այսպիսով Հայոց ցեղասպանությունը հարաբերականացվում է, համաձայնեց գերմանացի պատմաբան Փշիխհոլցը: Շատ ցավալի կլիներ, որ Դաշնային նախագահ Գաուքըՙ ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում ունենալիք ելույթում նահանջեր Հռոմի պապի սահմանած ցեղասպանություն բառեզրից, հաշվի առնելով նրաՙ եկեղեցական գործչի կենսագրությունը, մանավանդ որ հիշատակի հոգեհանգստյան կազմակերպիչներից մեկը ավետարանական եկեղեցին է, որի հոգեւոր սպասավորը եղել է Գաուքը, դիպուկ նկատել տվեց Վարդյանը: (Արդարեւ Գաուքը երեկ բարձրաձայնեց` Ցեղասպանություն): Թուրքիայում քաղաքացիական հասարակությունը ակտիվացավ Բունդեսթագի 2005-ի բանաձեւից հետո, թեպետ այն հայերիս համար ոչ բավարար վավերաթուղթ է, կարծիք հայտնեց ԳԿԽ փոխատենապետը եւ շարունակեցՙ Թուրքիայում այն ժամանակ է քաղաքացիական հասարակությունն ակտիվանում, երբ դրսից ճնշում է լինում, իսկ նրանց հայացքը միշտ ուղղված է Գերմանիային:
Այնուհետ ուղիղ եթերի հյուր եղավ Բունդեսթագի կոալիցիայի պատգամավորը, որ չհամաձայնեց Վարդյան եւ Փշիխհոլցի «հարաբերականացում» բնորոշմանը: Կան նաեւ հայկական այլ տեսակետներ, ասաց սոցիալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Մյութցենիհը, որ ուրիշ բան են ասումՙ հայ համայնքից, Հայաստանից, մեր միջազգային կապերի միջոցով էլ տեղյակ ենք, որ երբ խոսքը Հայոց ցեղասպանությանն է վերաբերում, ասում ենՙ մի կողմ թողնենք այդ հարցը, օգնեք մեզՙ Թուրքիայի հետ հարաբերությունները լավանան: Կարծում եմՙ սա պիտի հաշվի առնենք, շեշտեց Բունդեսթագի պատգամավորը: Չգիտենքՙ Դաշնային նախագահը ինչ կասի, բայց քաղաքականության բովանդակությունը Գերմանիայում որոշում են Բունդեսթագն ու կառավարությունը: Բունդեսթագն է կրում բանաձեւի պատասխանատվությունը, մեկնաբանեց Մյութցենիհը:
Հաղորդավարը կրկնեց Վարդյանի այն նկատառումը, թե «Թուրքիայի հայացքը ԳԴՀ-ին է ուղղված: Ի՞նչ ռեակցիա եք սպասում», հարցը հղեց Բունդեսթագի պատգամավորին: Դեռ կտեսնենք, ասաց իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորը, բայց նրանք, ովքեր այս բանաձեւի վրա աշխատել են, որեւէ կապ չեն ունեցել Թուրքիայի որեւէ ներկայացուցչի հետ եւ չպիտի թաքցնենք, թե Թուրքիային միշտ էլ բարձրաձայն քննադատել ենքՙ ոչ թե Հայկական հարցի, այլՙ ասենք ԵՄ անդամակցության, PKK-ի, տարբեր հարցերի առնչությամբ: Իսկ թե «ինչո՞ւ այսքան երկարՙ 100 տարի տեւեց մինչեւ ցեղասպանություն բառն արտասանվեց Գերմանիայում» հարցին ի պատասխան պատգամավորը նշեց, թե 10 տարի առաջ շատ կարեւոր փաստաթուղթ են ընդունել, չեն լռելՙ ընդգծելով Գերմանիայի դերը: «Բայցՙ առանց ցեղասպանություն բառը նշելու», հակադարձեց հաղորդավարը: Այո, կոնկրետ այդ բառը չենք ասել, բայց ոչ այն պատճառով, որ Թուրքիայից երկյուղում էինք: Պատմական բանավեճը վարում ենք ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի հետ: Իսկ Գերմանիայի դերըՙ պատասխանատվություն ստանձնելու իմաստով, հարգանքի արժանի է, ընդհանրացրեց Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մյութցենիհը:
Գերմանահայկական ընկերության նախագահ, «Հայ- գերմանական նամականի» հանդեսի գլխավոր խմբագիր Րաֆֆի Քանդյանն էլ Բունդեսթագում քննարկման ներկայացվող բանաձեւի վերաբերյալ գրավոր հաղորդագրություն էր ուղարկել, որում մասնավորապես արձանագրված է.« Եթե Դաշնային կառավարությունն իր դիրքորոշումն առանց այլեւայլությունների, փոխարենըՙ հստակ ու պարզ ձեւակերպի, թուրքական կողմին էլ կմղի հրապարակային կեցվածքի: Սա մեծ նպաստ կլինի թուրքական քաղաքացիական հասարակությանը, չէ՞ որ վերջինս մենակ է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում»:
«Հետաքրքրականն այն է, որ Գերմանիայի բոլոր անմիջական հարեւանները, ներառյալ Ավստրիանՙ ընդունած են Հայոց ցեղասպանության փաստը: Այս հարցում Գերմանիան կղզիացած է», մեզ հետ զրույցում նկատել տվեց Րաֆֆի Քանդյանը: