Ապրիլի 19 – Բունդեսթագում ապրիլի 24-ի նիստին Հայոց ոճրագործությունը ցեղասպանություն բնորոշելու կողմնակիցների թիվը կոալիցիայում աճում է, ծանուցում է t-online առցանց լրատունՙ ապրիլի 19-ի երեկոյանՙ նշելով նաեւ, թե արտգործնախարար Շթայնմայերը շարունակում է մերժել դրա կիրառումը։ Մեծ կոալիցիան աշխատում է համապատասխան ձեւակերպման վերաբերյալ, “Սաարբրյուքեր ցայթունգին”, ասել է Քրիստոնյա դեմոկրատական միության անդամ Բուդեսթագի համանուն խմբակցության արտաքին քաղաքականության գծով պատասխանատու Ֆրանց Յոզեֆ Յունգը։ “Բունդեսթագը կանվանի ցեղասպանություն”, գրում է նաեւ առցանց “Ցայթը”։ Թուրքիայի կառավարության հնարավոր բողոքին ի պատասխան Յունգն ասել է. “Երբ նկարագրում ես եղելությունն այնպես, ինչպես եղել է, չես սադրում”։ Պատմության վերանայումը նպաստում է հաշտեցմանը։ “Ուզում ենք, որ վերջին տարիների շրջափակումը հաղթահարվի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտության գործընթաց վերսկսվի”։ Գերմանիայի Ավետարանական եկեղեցու խորհրդի պաշտոնաթող նախագահ Քեսմաննը պահանջել է հստակ խոսելՙ “պատմությունից այն ժամանակ միայն դաս կքաղենք, երբ ցեղասպանությանը ցեղասպանություն անվանենք”։ “Հարյուրհազարավոր հայերի մահը ոչ դժբախտ պատահար է, ոչ էլ պատահականություն, այլՙ ցեղասպանություն”, ասել է ՔԴՄ փոխնախագահ Յուլիա Քլյոքները “Վելթ ամ զոնթագին”։ Կանաչների առաջնորդ Չեմ Էոզդեմիրը նույն թերթին փոխանցել է, թե “Քրիստոնյա-դեմոկրատական քրիստոնյա-սոցիալիստական միությունը պիտի լավ մտածի, թե այս պատմական վիճարկմանը որ կողմում է հանդես գալիս։ Չեմ կարծում, թե Կոնրադ Ադենաուերի եւ Հելմուտ Քոհլի կուսակցությունը ցեղասպանությունն ուրացողների կողմն է բռնելու”, ասել է նա։ Երեքշաբթի ՙ ապրիլի 21-ին նախատեսված քննարկմանը ՔԴՄ պատգամավոր Քրիստոֆ Բերգները հանդես է գալու “ցեղասպանություն” բառեզրի վերականգնման օգտին։ Իսկ արտգործնախարար Շթայնմայերի ձեւակերպմանը որքան էլ ըմբռնումով, այդուհանդերձ Բերգները հակադարձում էՙ “ապացույցները, որ ցեղասպանություն էր, արտգործնախարարության արխիվներում են”։