Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ապրիլի 20-ին կոչ է անում Դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Մամուլին ուղարկված հաղորդագրության մեջ ԳԿԽ դատապարտում է արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի` թուրքերի գործած Հայոց ցեղասպանության ոճիրը նվազեցնելու քաղաքականությունը: Պարոն Շթայնմայերը վերջապես պիտի դադարի Թուրքիայի դատապաշտպանի դերը ստանձնել։ Այս կեցվածքը Թուրքիայում քրիստոնյա համայնքների հանդեպ թուրքական հարձակողական քաղաքականությանն է սատարում, ԳԿԽ հաղորդագրության մեջ ընդգծում է խորհրդի ատենապետ Նազարեթ Աղեկյանը` ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին հաջորդող ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու առերեսմանը դեմ թուրքական Գորշ գայլեր աջ ծայրահեղական կազմակերպության 10 000 համակիրներ Օբերհաուզենում մեծ միջոցառում են նախատեսել: Արտգործնախարարն ըստ երեւույթին ցեղասպանության ուրացման քաղաքական չափերը չի ընկալել, նրաՙ Անկարային ուղղված արտաքին քաղաքական զիջումները խրախուսում են Գերմանիայում թուրք աջծայրահեղականներին, եւ ներգաղթյալներով հարուստ հանրության պահանջները չեն բավարարում, մամլո հաղորդագրության մեջ հավելում է փոխատենապետ Մադլեն Վարդյանը:
ԳԿԽ վարչությունը կոչ է ուղղում կանցլեր Անգելա Մերկելին` միանալու այն պատգամավորներին, որոնք ապրիլի 24-ին Բունդեսթագում ուզում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։