Փարիզի Աստվածամոր տաճարը այցելուների եւ եկեղեցական արարողությունների համար կբացվի 2024 թվականի դեկտեմբերին: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, այս մասին «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տեղեկացրել է շենքի վերականգնման պատասխանատու, գեներալ Ժան Լուի Ժորժլենը:
Նրա խոսքերով՝ Նոտր Դամի վերականգնմամբ օրական զբաղվում են հազարավոր մասնագետներ: Չնայած դրան, աշխատանքները մինչեւ ամառային օլիմպիական խաղերը (2024 թ. Փարիզ) ավարտել չի հաջողվի:
Գեներալն ավելացրել է, որ սրածայր գմբեթի (շպիլ) տեղադրումը կսկսվի արդեն այս տարի: Ընդ որում, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի խոսքերով, վերականգնողական աշխատանքները կշարունակվեն նաեւ 2025 թվականին:
– Գմբեթի ծայրաձողի վերադարձը Փարիզի երկնահայաց բարձունք, իմ կարծիքով, կդառնա այն բանի խորհրդանիշը, որ մենք հաղթում ենք Նոտր Դամի համար ճակատամարտում,- լրատվական գործակալությանն ասել է Ժորժլենը:
Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհվել էր 2019 թ. ապրիլի 15-ին: Կրակը քանդել էր սրածայր գմբեթը, ոչնչացրել ութհարյուրամյա կաղնեփայտե կմախքով եզակի տանիքը: Ինչպես տեղեկացվում է, քննությամբ պարզվել է, որ կրակի բռնկումը տեղի է ունեցել սրածայր գմբեթի հատվածում: Համապատասխան ծառայություններին հաջողվել էր կրակը մարել միայն հաջորդ օրվա առավոտյան: Տաճարի վերականգնման համար նվիրատվությունների շնորհիվ հավաքվել է մոտ 830 մլն դոլար:
Նոտր Դամի վանահայր Պատրիկ Շովեն հայտնել է, որ տաճարի այրված մասի ամբողջական վերականգնման համար կարող է պահանջվել 15-20 տարի, իսկ սրածայր գմբեթի նախկին տեսքով վերակառուցումը կավարտվի 2024 թվականին:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ