ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ
Ով կհավատար, որ 100 տարի անց հայոց ապրիլը վերածննդի նոր նշաններ է բերելու մեզ… Սփյուռքի մեր այն հայրենակիցները, ովքեր հոգեպես եւ անգամ ակամա կապ ունեն այս հողի հետ եւ անցած ամսին այստեղ էին, վստահաբար զգացին դա: Մեր սիրելի մտավորականը, թերեւս այսօր այն եզակիներից, ով Սփյուռքի ու Հայաստանի կյանքով, հոգսով, տխրությամբ եւ ուրախությամբ ապրում է հավասարապես, ապրում դա ոչ որպես կյանքի մի մաս կամ երես, այլ իր խորքով, ամբողջությամբ, ողջ լրջությամբ ժամանակի ու մշակույթի առաջ մտավորականի իր բաժին պատասխանատվությամբՙ գործունեության բոլոր դրսեւորումների մեջՙ որպես հանրային, քաղաքական ու ազգային գործիչ, որպես հրապարակագիր ու խմբագիր, որպես գրականագետ, որպես մարդ- մտավորական իր գրիչը տասնյակ տարիներ պահում է անփոփոխՙ Երվանդ Ազատյանը, իր կյանքի բազմահարուստ կտավին այս տարվա Ապրիլը միանգամայն նոր գույնով թողեց.- այդ մասին նա դեռ կգրի, մենք դեռ կկարդանք:
Ծննդյան 80-ամյակը նա նշեց Երեւանում, տիկնոջՙ Նորա Ազատյանի հետ: Գրողների միության ղեկավարությունը կազմակերպել էր հոբելյանական հանդիպումՙ միության տան կլոր սրահում: Ներկա էին գրական-գիտական միջավայրի անվանի գործիչներ, ղեկավար անձինք, մշակութի փոխնախարար Ա. Պողոսյանը, մտավորականներ, գրողներ: Հոբելյանական այսպիսի առիթներին, ինչպես եւ ակնկալվում է, ինչը բնական է նաեւ, ջերմ խոսքերի պակաս չի զգացվում: Երվանդ Ազատյանի վաստակի պարագայում հունձքը պետք է որ համապատասխան լիներ.- գրված է վաղուցՙ «Ինչ ցանեսՙ այն կհնձես»: Այդպես էլ եղավ: Այդ օրը անցյալներում նրան շնորհված պարգեւներին ու մեդալներին (ցավոք, ինչպես հանդիպման ընթացքում նա ասաց ՙ դրանք մի քանի տարի առաջ տան հրդեհի ժամանակ այրվել են) ավելացան եւս մի քանիսըՙՀՀ ԳԱ Ակադեմիայի կողմիցՙ Հ. Օրբելու շքանշան, Մշակույթի նախարարության հուշամեդալ, Ժուռնալիստների միության «Հավատարիմ լրագրությանը» հուշամեդալ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից Պատվավոր դոկտորի տիտղոս, ընթերցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության շնորհավորական ուղերձներըՙ հայրենի մշակույթում, ազգային կյանքում նրա բազմավաստակ ծառայության գնահատության:
Հանդիպման բազմաբովանդակ, հագեցած խոսքերի մթնոլորտից դուրս գալովՙ մեջս դաջվեց Երվանդ Ազատյանի այն խոսքը, թե այս անգամ Հայաստանից գնում էՙ իր հետ ունենալով վերականգնված հավատը մեր ժողովրդի միասնության ու հոգեկան արթնության, ասել է ՙ թե Հույսի:
Սիրելի Երվանդ Ազատյան, այս զգացումը Ձեզ հետ կիսում են մեզանից շատերը եւ տողերիս հեղինակը նույնպես, երբ ապրելով այստեղ, հայրենիքում, մեր իսկ հողի վրա օտարացած ու հոգեպես տկարացած էինք զգում երկար ժամանակՙ ապագայի հանդեպ անվստահ, առողջ հունդեր չտեսնելու մղձավանջի մեջ: Սակայն ապրիլյան այս օրերը փոխեցին այդ պատկերացումներըՙ ընդերքից ելնող ազգային ոգու արթնության նշաններով, եւ այն էլՙ ի դեմս երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, որոնք այս ընթացքում կարծես չկային, ստվերում էին թողնվածՙ հանիրավի ու կուրորեն: Ապրիլյան այդ ամիսը նրանցն էրՙ առաջադեմ իդեալներ ու հոգեկան աշխարհ ունեցող մարդկանցը, երբ քաղաքի մթնոլորտը թոթափվեց գաղջ կուտակումներից, եւ մարդիկ դարձան ուրիշ, եւ լույս հայտնվեց ու թարմություն իջավ, որովհետեւ հոգեկան արթնության ապրիլը հույս ներշնչեց մեզ: Ձեր լայնախոհ ու խորագետ միտքը թափանցեց այդ շերտերը, զգաց ներքին շարժման ճիշտ ուղղությունը, ինչն էլ այս անգամ Ձեզ օվկիանոսի այն ափն է վերադարձնում նոր լիցքով ու հավատովՙ շարունակելու ազգանվեր, մարդասիրական այն գործը, որ 60 տարի արդեն կատարում եք:
Ահավասիկ Գրողների միությունում հավաքված անձինք նրա այդ տարիների գնահատական խոսքերում մտավորականի մի հարուստ կենսագրություն ներկայացրինՙ գերազանցապես անձնական, գործնական հարաբերությունների տարիների իրենց փորձով. – փառք Աստծո, հայոց լեզվի հարստությունը լի ու լի բավարարում է ամեն ճոխ ու նուրբ զգացումներն արտահայտելու:
Հանդիսության բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Երվանդ Ազատյանի ամենից բնորոշ հատկանիշը համարեց հայ ժողովրդի, նրա մշակույթի հավաքականության ու միավորման գաղափարի ջատագովումը, արեւելահայ եւ արեւմտահայ գրականությունը միեւնույն հարթության վրա ընկալելու, դիտարկելու եւ ներկայացնելու սկզբունքը. «Սփյուռք-Հայաստան կապը որոշակիանում է առանձին անձանց միջոցով, նրանք նշանն են միասնականության, հեռավորությունը կապ չունիՙ Հայաստանի կյանքով ամբողջությամբ ապրելու: Երվանդ Ազատյանի հոդվածները այդ ուժը ունենՙ մեր այսօրը, մեր գրականությունը դիտարկելու տարբեր կիզակետերից, ճանաչելի դարձնել մեզ համար եւ մեզ ճանաչելի դարձնել օտարին»:
Հակոբ Ավետիքյանը 35 տարիների մտերմություն ունի Եր. Ազատյանի հետ, լավատեղյակ նրա գործունեության բոլոր շերտերին, կյանքի հանգամանքներին, հատկապես որ «Ազգ» թերթի գլխավոր հիմնադիրն է նա, ե՛ւ գաղափարը, ե՛ւ նյութական սկզբնական միջոցների հայթայթողը Ազատյանն է եղել: Այդ աջակցությունը, ինչպես ասվեց, եղել է շարունակական, եւ Ազատյանի հոդվածների ներկայությունը թերթի էջերում մշտապես է: Հ. Ավետիքյանը ամբողջական ներկայացրեց Ազատյանի գործունեության երեք հիմնական շերտերըՙ կուսակցական-ազգային-բարեգործական, լրագրային եւ գրական-խմբագրական: Նա 30 տարի եղել է ՀԲԸՄ ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանի հայկական գրասենյակի տնօրենը եւ մասնավորապես կրթության ու մշակույթի ասպարեզում ազգանվեր ծառայություններ է մատուցել: Լրագրական-խմբագրական գործունեությունը սկսել է ծննդավայրիՙ Լիբանանի «Զարթօնք» օրաթերթիցՙ բացառիկ մտավորական եւ ուսուցիչ Գերսամ Ահարոնյանի խմբագրապետության ներքո, աշխատել է դեռեւս 1915-ին Եգիպտոսում Վ. Թեքեյանի հիմնադրած «Արեւ» թերթում, հետագայում մի շարք պարբերականների հիմնադիրն է եղել, խմբագրակազմի անդամ: «Նա սփյուռքահայ մամուլի ավանդական մոտեցումների մեջ բերեց այնպիսի խորություն, որն իր եւ հետագա սերունդների համար եղավ շրջադարձային, մասնավորապես հայկական հարցերը չդիտելու զուտ ազգային պարունակի մեջ, այլ դուրս բերելու դրանք միջազգային հարթություն, դիտելու միջազգային խնդիրների ծիրի մեջ, որով հայ մամուլի դերակատարությունը սփյուռքում, ինչպես Հայաստանում, էլ ավելի մեծացավ»: Ուշագրավ էր Հ. Ավետիքյանի նկատառումը սփյուռքահայ մտավորականների Սովետական Հայաստան կատարած այցերի եւ հետագայում գրված նրանց տպավորությունների կարծրատիպերի հետ կապված: Դրանք, հասկանալիորեն, պետք է գովաբանական գրքեր կամ հոդվածներ լինեին: Նա հիշեց այս ընդհանուր մտայնության մեջ ընդամենը երեք բացառությունՙ Հովհաննես Պողոսյան, Անդրանիկ Ծառուկյան եւ Երվանդ Ազատյան, որի տպավորությունների անաչառ արձագանք «Կեանք եւ երազ Հայաստան» գիրքը, իհարկե, ժամանակի հայրենի կառավարիչների դժգոհությունն է հարուցել, բայց որ կարեւորն էՙ հեղինակը պահպանել է հարգանքն իր գրչի հանդեպՙ ճշմարիտ ապրումի ու զգացողության փոխադրումը, ինչն այդ օրերի համար այնքան էլ հեշտ չէր: Առանձին անդրադարձի թեմա է Ազատյանի գրականագիտական աշխարհը: Հ. Ավետիքյանը մասնավորապես անդրադարձավ «Գրական-գեղարվեստական սեւեռումներ» աշխատությանըՙ արժեւորող խոսքը մասնավորելով Զարեհ Մելքոնյանի օրինակով, նկատի ունենալով հեղինակի անաչառ դատումներն ու վերլուծումներըՙ վեր դասված անձնական առկա հարաբերություններից: Նա նկատեց, որ Ազատյանի հոդվածները այսօր էլ շարունակվում են տպագրվել Երեւանի «Ազգ», Բոստոնի «The Armenian Mirror Spectator», Մոնրեալի «Ապագայ» պարբերականներում:
Վերջում «Ազգ»-ի խմբագիրը հիշեցրեց, որ Եր. Ազատյանը բարեբախտաբար ունի նաեւ հակառակորդներ ու թշնամիներ, եւ հետաքրքրականն այն է, որ նրա թշնամիները միայն նրանից չբարերարվածները չեն, այլեւ բոլորից շատ բարերարվածները: «Համենայնդեպս, ասաց Ավետիքյանը, ես ցանկանում եմ մեր հոբելյարին մխիթարել իր եւ իմ վարպետիՙ Գերսամ Ահարոնյանի խոսքով. «Տղաս, ով թշնամի չունի, ուրեմն կարեւոր մարդ չէ՛»:
Լրագրային գործունեության, դավանանքի ու սզբունքների հավատարմության մասին ակնածանքով խոսեց Աստղիկ Գեւորգյանը ՙ նրան ուղղելով ընդունված այն խոսքըՙ թե բնակվում է սփյուռքում, բայց ապրում է Հայաստանում, Հայաստանի կյանքով:
Հայաստանյան կրթական ոլորտում Երվանդ Ազատյանի ծառայությունների մասին պատմեց Ռադիկ Մարտիրոսյանը ՙ հիշելով 90-ականների դժվարին տարիների նրա վերաբերմունքըՙ Միացյալ Նահանգներում Ալեք Մանուկյանի հոբելյանի առիթով հանդիպման կազմակերպումը, նրա նախաձեռնությամբ պետհամալսարանի նոր մասնաշենքի կառուցումը եւ այլ հարցերի տարբեր աջակցություններ: Ռուբեն Միրզախանյանը նույնպես անդրադառնալով անկախության առաջին տարիներին, հիշեց նրա հոգատար վերաբերմունքը երկրի համար դժվարին շրջանում, Ղարաբաղյան առաջին այցելությունը: Մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտորի տիտղոսին արժանացնելովՙ նշեց, որ ուսանողության համար մեր ժամանակի մեծ մտավորականի պարբերաբար անցկացվող դասախոսությունները միշտ պահանջված ու միշտ իմաստուն են:
Հիշարժան էին Պետրոս Դեմիրճյանի դիտարկումներըՙ Ազատյանի հրապարակագրության եւ գրականագիտության մի քանի առանձնահատկություններին վերաբերողՙ առաջինը, որ այն ելնում է Վ. Թեքեյանի «Փոշի ազգ» բանաստեղծության ընդհանուր ըմբռնումից եւ հանգում Հայաստանի պետության շուրջ հայ ժողովրդի համախմբման գաղափարին: Շատ արժեքավոր համարվեց գրական մեծերի ժառանգության փոխանցումը սերունդներին, վկայաբերելով Միքայել Կյուրճյանի, որի հետ անձնական մտերմություն է ունեցել Ազատյանը, արխիվի հանձնումը Գրականության եւ արվեստի թանգարան, որտեղ նաեւ Ինտրայի նամակների հավաքածուն է, ինչը եւ դարձել է Ինտրայի ստեղծագործությունների իր գրականագիտական ուսումնասիրության սկզբնաղբյուրը: Նա վերհիշեցրեց նաեւ Ազատյանի «Գրական-գեղարվեստական սեւեռումներ» աշխատությանՙ Հրանտ Թամրազյանի առաջաբանի բնութագրումներըՙ «գեղեցկության զգացողություն, գնահատելու կարողություն, առողջ հայացք, արդար չափ ու կշիռ»:
Մտավորականի բազմաբնույթ գործունեության խորքային գնահատական հնչեց ՀՊՄՀ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանի գրավոր ուղերձում, նմանապես գրականագետ Դավիթ Գասպարյանը երախտիքի խոսքեր ասաց: Իսկ Արտեմ Հարությունյանի բանաստեղծական, կենդանի ու աշխուժացնող խոսքը Ազատյանին ներկայացրեց որպես ուսուցիչ, հայր եւ եղբայրՙ նկատի առնելով թե բարեգործական գործունեւությունը, երբ նրա զգայուն ու հայրենասեր հոգին օգնում էր հայ ուսանող երիտասարդությանը ամենուր, թե հայ գրականության նկատմամբ հոգատարությունը եւ իր հանդեպ նույնպես, ինչպես` ԱՄՆ համալսարաններում իր դասախոսությունների, «Նամակ Նոյին» գրքի հրատարակման աջակցությունը, եւ իհարկե, անդրադարձավ Ազատյանի գրականագիտական աշխատություններին, մասնավորապես Վ. Թեքեյանի «Հատընտիր» վերջին հրատարակության մեջ գրականագետի բերած նորՙ ընդհուպ ֆրեյդիստական տեսանկյունով մոտեցումներին, Լոնդոնում անգլերենով լույս տեսած «Դիմանկարներ եւ պրոֆիլներ» ուսումնասիրությանը:
Հանդիսության ընթացքին հնչած խոսքերը անշուշտ որպես շռայլանք չընդունվեցին, նմանապես եւՙ հոբելյարի կողմից, քանի որ արված գործը ամենքի աչքի առաջ է: Եվ մանավանդ, ինչպես Էդ. Միլիտոնյանն ասացՙ նա իր բնական, պարզ կեցվածքի մեջ միշտ այսպես առինքնող է մնում:
Շնորհակալական խոսքում Երվանդ Ազատյանը պատմեց իր մտահոգությունների եւ անելիք գործերի, նոր գրքերի մասին, խոսեց հայ ժողովրդի ջարդված ճակատագրի ու ներկա իրականության մասին, մեր մշակույթի ու գրականության արժանավորների անտեսվածության, իր եւ համապատասխան հանձնաժողովներիՙ հայ տաղանդավոր գրողներին միջազգային ասպարեզում ներկայացնելու ջանքերի մասին: Հիշատակելով Նոբելյան մրցանակի դափնեկիր այնպիսի գրողների, ինչպես Գաբրիել Գարսիա Մարկեսը, Գյունթեր Գրասը կամ Օրհան Փամուկըՙ նա հիշեց Հակոբ Մնձուրու նույնքան չքնաղ արձակը, Միքայել Կյուրճյանին համարեց հանիրավի անտեսված գրող, որի «Մարտիկ աղա» վեպը մեր երգիծական գրականության գագաթներից է համարում, համաշխարհային մակարդակի գործ, եւ ի ցավ սրտի խոսեց հատկապես Վահան Թեքեյանի մասին, որին անգամ Հայաստանում ինչպես հարկն է դեռեւս չգիտեն, անգամ մի փոքրիկ փողոց չկա նրա անունով: Խոսքերի մեջ առ Հայաստան կարոտն ու հուզմունքը ակնհայտ էր, եւ պատահական չէր Ղեւոնդ Ալիշանի մասին այն վկայությունը, թե այս մեծ հայը ամեն անգամ Հայաստանից դարձող յուրաքանչյուր այցելուի առաջ խոնարհվում էրՙ ի նշան հայրենի հողի հանդեպ սիրո ու հավատի: Այդպիսին է իր համար Հայաստանըՙ նախասովետական, սովետական, թե անկախ, մեկ էՙ հավիտենակա՛ն Հայաստանը, որի ապագայի հանդեպ այս անգամ Մ. Նահանգներ վերադառնում է հավատով:
Հանդիպման «հուզական» դադարը անշուշտ Նորա Ազատյանի խորունկ ասմունքն էրՙ Վահան Թեքեյանի երկու գործերի կատարմամբ: