ՔԵՌՅԱՆ Գ.Մ., Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մուրադ Կարապետյանի 50-ամյակի առթիվ
Լրացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Մուրադ Կարապետյանի ծննդյան 50-ամյա հոբելյանը: Դոկտոր Կարապետյանը ծնվել է 1965թ. հուլիսի 3-ին Երեւանում, կադրային զինծառայող, խորհրդային եւ ապա ՀՀ զինված ուժերի սպաՙ գեներալ – մայոր Լեւոն Կարապետյանի ընտանիքում: 1990թ. գերազանցությամբ ավարտելով Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետըՙ շարունակել է ուսումը ԵՊՀ-ի ասպիրանտուրայում: Զուգահեռաբար Մուրադ Կարապետյանը դասախոսական աշխատանք է կատարել ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների պատմության ու հայ ժողովրդի պատմության ամբիոններում որպես դասախոս, ապաՙ ավագ դասախոս: 1998թ-ից մինչեւ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող: 2002-2004 թթ. նա համատեղությամբ աշխատել է ՀՀ ՊՆ Սարդարապատի հուշահամալիրի ազգագրության եւ ազգային-ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն:
1995թ. Մուրադ Կարապետյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունՙ «Հայաստանի Հանրապետության բանակը եւ նրա գործունեությունը (1918-1920թթ.)» թեմայով եւ ստանում է պատմագիտության թեկնածուի գիտական աստիճան: Մ.Կարապետյանը 2004թ-ին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Հայկական ազգային զինուժի կազմավորումը եւ մասնակցությունը մարտական գործողություններին 1914-1920թթ.» (Պատմառազմական ուսումնասիրություն) թեմայով եւ ստանում պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Ծանրակշիռ է Մուրադ Կարապետյանի վաստակը 1918-1920թթ. բանակի պատմության ուսումնասիրության գործում: Նրա անդրանիկ գրքումՙ «Հայաստանի Հանրապետության բանակը (1918-1920թթ.)» (1996թ.) նոր արխիվային վավերագրերի վերլուծման հիման վրա բազմակողմանիորեն ներկայացված են Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կազմավորման եւ մարտական գործողությունների պատմությունը, զինված ուժերի դերը հանրապետության կայացման ու պաշտպանության գործում:
Միաժամանակ գիտնականը մեծ ուշադրություն է դարձնում 1914-1918թթ. Առաջին աշխարհամարտի տարիներին հայկական ազգային զինվորական կազմավորումների պատմության ուսումնասիրությանը: Նրա «Հայկական կամավորական խմբերը եւ ազգային գումարտակները Կովկասյան ռազմաճակատում (1914-1917թթ.)» (1999թ.) աշխատության մեջ նորահայտ արխիվային փաստաթղթերի եւ նյութերի հիման վրա, որոնց զգալի մասը գիտական շրջանառության մեջ էր դրվում առաջին անգամ, բացահայտվում են հայկական կամավորական խմբերի եւ ազգային գումարտակների կազմավորման գործընթացը եւ ռուսական զորամասերի կազմում նրանց մարտական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում 1914-1917թթ.:
2003թ. ՀՀ ՊՆ Սարդարապատի հուշահամալիր, ազգագրության եւ ազգային-ազատագրական պայքարի պատմության պետական թանգարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսնում «Գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հախվերդյան» գիրքը (ռուսերեն եւ հայերեն), որտեղ նորահայտ արխիվային վավերագրերի ու նյութերի հիման վրա լուսաբանված են Հայաստանի առաջին հանրապետության առաջին ռազմական նախարար, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հախվերդյանի կյանքն ու գործունեությունը: Առաջին անգամ տպագրվում են նրա հուշերն ու համառոտ կենսագրությունը ՀՀ ռազմական նախարարության 1918-1920թթ. գործունեության մասին:
Պատմաբանը 2007 թվականին ավարտում է «Հայազգի զինվորականները ռուսական բանակում » (XIX դարի վերջ-XX դարի սկիզբ) գիրքը, որը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսնում 2008թ-ին: Գրքում, որը լույս է տեսել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի նախաբանով, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի ազգային արխիվների նորահայտ փաստաթղթերի հիման վրա լուսաբանված են ռուսական բանակի մի շարք հայազգի զինվորականներիՙ գեներալների եւ սպաների ռազմական կենսագրությունները, ռուսական զորքերի տարբեր զորատեսակների կազմում նրանց անցած մարտական ուղին եւ սխրանքները: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական կազակային զորքերում ծառայած, մարտական բարձրագույն շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրված հայազգի գեներալների, սպաների եւ զինվորների սխրանքների վերհանմանը:
2010թ. հրատարակվում է «Ռուսական կայսրության բանակի հայ զորապետերի հայկական կազմավորումների եւ Հայաստանի Հանրապետության ռազմական պատմության աղբյուրագիտական ուրվագծեր (XIX դարի վերջ-XX դարի սկիզբ)» աշխատությունը, որտեղ ներկայացված են հայ զինուժի պատմության աղբյուրները: Պարզաբանվում է, թե ում կողմից, երբ եւ որտեղ են ստեղծվել այդ աղբյուրները եւ ինչ են դրանք բովանդակում: Այս աշխատությունը հերթական ծանրակշիռ ներդրումն էր հայկական ռազմական պատմության աղբյուրագիտական հենքը ստեղծելու գործում:
Հայ ռազմական արվեստի պատմության ուսումնասիրման գործում ներդրած ավանդի համար Մուրադ Կարապետյանը պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2010թ.):
2014թ. Առաջին աշխարհամարտի 100 – ամյակի կապակցությամբ Մ.Կարապետյանը հրատարակում է «Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918թթ.)» գիրքը (ռուսերեն եւ հայերեն): 2015թ. հրատարակվել է նրա «Հայկական բանակը 1918-1920թթ. (Փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու)» արժեքավոր աշխատությունը:
Մուրադ Կարապետյանը նաեւ ռազմական պատմության գիտա-մեթոդական եւ ուսումնական ձեռնարկի հեղինակ է: ՀՀ ՊՆ կողմից 2001թ. հրատարակված «Հայրենիք եւ ծառայություն» ուսումնական ձեռնարկի համահեղինակներից է, որը նախատեսված է ՀՀ զինված ուժերի սպաների եւ ենթասպաների համար:
Մուրադ Կարապետյանի գրչին են պատկանում Հայաստանում եւ սփյուռքում տպագրված բազմաթիվ գիտական հոդվածներ: Դրանցում նա անդրադարձել է ինչպես 1914-1920թթ. հայկական ազգային զինուժին, այնպես էլ հայ զինուժի կանոնադրություններին, մարտական հրահանգներին, XIX դարի վերջի եւ XX դարի սկզբի հայազգի զորապետերի, գեներալներ Պավել Բեժանբեկի, Մովսես Սիլիկյանի, Լեւոն Տիգրանյանի, Քրիստափոր Արարատյանի, Հովհաննես Հախվերդյանի եւ շատ այլոց կյանքին եւ մարտական գործունեությանը: Հատկանշական է այն, որ բազմաթիվ հայ զորապետերի եւ զինվորական գործիչների մասին առաջին անգամ գրել է դոկտոր Կարապետյանը, վերականգնելով մոռացության մատնված բազմաթիվ հայ զինվորական գործիչների անունները:
Հիսնամյա հոբելյանը բոլորած գիտնականին մաղթում ենք նորանոր հաջողություններ եւ նվաճումներ պատմական արժեքավոր փաստաթղթերի հայտնաբերման, գիտական շրջանառության մեջ դնելու եւ նոր աշխատություններ հրատարակելու գործում: