Չգիտենք` Բաղրամյան պողոտայում արդեն մեկ տասնօրյակ տեղի ունեցող բողոքի գործողություններից մեր իշխանությունները ինչ-որ խորքային հետեւություններ արեցի՞ն, թե՞, ինչպես միշտ, պատրաստ են պահում լավորակ կոսմետիկ միջոցները` հերթական անգամ շպարը թարմացնելու եւ կապտուկները թաքցնելու համար, դեռ կպարզվի: Բայց որ էլեկտրաներգիայի դեմ պայքարի հզոր պոռթկումը շատ բան կփոխի եւ արդեն փոխել է մեր կյանքում, հասարակական մթնոլորտում, իշխանության եւ քաղաքական դաշտի գործողություններում, սա ակնհայտ է:
Իհարկե, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի հիմքում տարբեր շարժառիթների որոնումը չի դադարում, թե` արեւմտյան տեխնոլոգիաներ էին կիրառվում Երեւանում, կամ մայդանի փորձ էր արվում, կամ անգամ` իշխանությունն է այս ամենի հեղինակը, քանի որ այսպես միայն կարող էր Ռուսաստանին բան հասկացնել եւ այլն: Նախօրոք ասենք, որ միեւնույն է, այս դիտարկումներից չի տուժում շարժման բուն բովանդակությունը, չեն արժեզրկվում բուն մասնակիցներն ու շարժիչ ուժը` մեր ժողովրդի երիտասարդ, լուսավոր, անկախության շրջանում հասակ առած սերունդը, որը կարծում է, թե ինքը պետք է դառնա իր երկրի որոշումների տերը: Բայց ընդհանրապես` բուն շարժառիթների, նպատակների ու նախաձեռնողների առումով ակունքներին մոտենալուն եւ մութ անկյունները լուսավորելուն բոլորն են կողմ, հենց բողոքի գործողություններին ազնիվ մղումներով մասնակցող հատվածը: Մեծ կոնֆիդենցիալության պայմաններում դա, իհարկե , դժվար է, բայց մի քանի ակնհայտ փաստ աչք է խոթվում ինքնին:
Բաղրամյան պողոտայի վերջին տասնօրյակի ալեկոծման մեջ անընդհատ հնչում էր մի կոչ, թե` «Ոչ թալանին» քաղաքացիական շարժումը կամ բողոքի նախաձեռնությունը, որը բացառապես էլեկտրաներգիայի սակագնի բարձրացման կասեցման համար է, մի՛ քաղաքականացրեք»: Շարժումը սոցիալական խնդրի է վերաբերում, ճիշտ է, սակայն առաջին հերթին ենթադրում է մարդու իրավունքի իրացում` նախ եւ առաջ խոսքի, արտահայտվելու, հավաք անցկացնելու ազատության: Այսինքն` սոցիալական պահանջի բարձրացումն իր խորքում արդեն իսկ քաղաքական քայլերի ողջ համախումբն է ենթադրում: Այդ իմաստով չքաղաքականացնելու պահանջը պարզապես զարմանալի է, բայց բացատրել այն, նույնիսկ մի քանի դիտակետից, հնարավոր է, անգամ` անհրաժեշտ: Այդ պահանջը մեր կարծիքով նախ ուղղված էր քաղաքական դաշտի միավորներին` խորքում ունենալով այն ուղերձը, թե` չհամարձակվեք մեր սկսածը ձեզանով անել, դա մենք թույլ չենք տա: Անգամ կոնկրետ անուններ տրվեցին` ո՞վ է ուզում քաղաքականացնել, ո՞վ է մութ նպատակ հետապնդում: Եղած քաղաքական դաշտը նախ մի քանի հայտնի առիթներով եւ կամաց-կամաց որակազրկվեց, վերջնականապես հանրության մոտ կորցրեց վստահությունը, իսկ մի վերջին հարվածն էլ, փաստորեն, մեր քաղաքական դաշտին հասցրին քաղաքացիական ակտիվիստները Բաղրամյան պողոտայում, մերժելով բոլորին եւ ամենքին: Այսինքն` հստակ ուղերձն առկա էր` քաղաքական ներկա դաշտը հնացել է, նրանց հետ ճանապարհ գնալ չենք ուզում (ո՞վ չի ուզում` հստակ չէ):
Երկրորդ պատճառը միգուցե նախաձեռնողների փակ շրջանակի բացումը չթույլատրելն էր` քաղաքական դաշտի այս կամ այն միավորների հետ համագործակցությունը նաեւ տեղեկատվության փոխանակում է ենթադրում, որն այս օրերին, ի դեպ, այդպես էլ հասանելի չեղավ լայն շերտերին: Հավանաբար դա նախաձեռնողների նպատակներում չէր տեղավորվում: Դա էլ ծնում է այն միֆերը, որոնք ոչ առանց հիմքի տարածվում են` Երեւանում արեւմտյան տեխնոլոգիաներ են կիրառվում, մայդանի փորձ է, որպես ապացույց մատնացույց է արվում անհայտ ծագման փողի ամենօրյա զգալի ծախսը «հեղափոխության» վրա: Կամ մարդկանց մի մասին զարմացնում է ոստիկանության պահվածքը: Ուրիշները համոզված են, որ այս բոլորը ձեռնտու է Բաղրամյան 26-ին, ու մեջբերում են Հայաստանի նախագահի փեսայի իրավաբան եղբոր այն խոսքը, թե ինքը լրիվ ուրիշ արժեքների կրող է, եւ ինչ- որ պահի չպետք է բացառել, որ նա կմիանա շարժմանը: Բա:
Ընդհանրապես` տարօրնակ օրինակների պակաս վերջին տասնօրյակում տեղի ունեցողում չկա, դիտարկումները դեռ շարունակելի են, առայժմ չէինք ուզենա երեւույթներին սեւ-սպիտակ նայողների եւ ուղտի տակ հորթ փնտրողների միանշանակ կերպն ընդունել, քանի որ այս բոլորում ամենակարեւորն ի վերջո մնում է այն, որ որոշ օրերի մինչեւ տասն հազար բողոքավոր սեփական կամքով էր գնում Բաղրամյան պողոտա: Դա արդյունք է ներկա իշխանավորների անարդյունավետ կառավարման, իսկ դա հաշվի չառնելը կարճատեսություն կամ ջայլամություն է:
Ավելին, շարժման ոչ պիկ ժամերին կարելի էր ականատես լինել մի փոքր ակտիվ եւ առաջարկ անող նոր մարդկանց մեկուսացման դեպքերի` դիմակա հարցով, թե դու որտեղից հայտնվեցիր, մենք քեզ չենք տեսել, ու նախաձեռնողներից առնվազն մեկ կամ երկու մարդ պետք է ճանաչեին նոր խոսողին, որ նա չվռնդվեր: Սա էլ է խոսում այն մասն, որ բավական փակ մի շրջանակ էր կառավարում ամեն ինչ, իսկ որ արդեն ինչ-որ պահ այդ շրջանակն իր ներսում տարաձայնություններ ուներ` մի մասն ընդունում էր օպերա գնալը, մյուս մասը` Բաղրամյանում մնալը, սա էլ է ենթադրություններ ծնում. հավանաբար խորը մշակված , երկարաժամկետ տակտիկա չկար, այլ միայն փորձ էր` հասկանալու, թե կարելի՞ է արդյոք ոտքի կագնեցնել մարդկանց` հետագայում միգուցե ավելի լուրջ ծրագրով: Ու դրա համար են խոսում առաջին կամ երկրորդ փուլի մասին:
Եւ, կարելի է ասել, սցենարն աշխատեց:
Իսկ ում մոտ չի ծագել այն հարցը, թե ովքեր են բողոքի մի խումբ նախաձեռնող տղաները, որոնց անունները հանրությանն անգամ ծանոթ չեն, բայց բավական ներկայանալի եւ խնամված տեսք ունեցող, տրամաբանել կարողացող այդ տղաները գոնե սկզբի մի քանի օրը հստակ գիտեին, թե ինչ են ուզում, ու անկախ նրանց շարժառիթներից` հայ հանրության հատկապես նոր, երիտասարդ զանգվածը ազնիվ մղումներով նրանց պահանջը վերցրեց եւ առաջ մղեց, առաջին փուլի համար ինչ-որ արդյունք գրանցելով: Այն է` նախագահ Սարգսյանի խոստում աուդիտի վերաբերյալ` սակագնի թանկացման ծախսի կառավարության փոխհատուցմամբ, եւ ռուսների` նախապես անզիջում դիրքորոշումների մեղմում :
Հասարակությունն, այո, ոտքի կանգնեց, եւ դա դուր է գալիս ցանկացածի. մեր հանրության հավաքական կամքը չի անհետացել, մեր հասարակությունն անտարբեր չէ իր եւ երկրի ճակատագրի հանդեպ, եւ սա նաեւ ռեսուրս է այն մարդու կամ ուժի ձեռքին, ով առանց հանրության վստահությունը կորցրած ներկա քաղաքական ուժերի է ուզում ուղեւորվել դեպի հաջորդ նախագահական ընտրություններ: Գիտակցեն հոսանքի թանկացան դեմ պայքարի ելածները դա, թե ոչ, ինչպես ՀՀՇ դեպքում էր, մի օր, որոշ ժամանակ անց, այս շարժման ռեսուրսով կստեղծվի այն նոր ուժը, որի սպասումը կա մեր մեջ, եւ որը նախորդ քաղաքական դաշտը մերժելով կգնա առաջ ու հաջողոթյան կհասնի: Այսինքն` գիտակցված, թե ոչ` այս շարժումը շարունակում կամ միգուցե ավարտին է հասցնում իշխանության այն թեւի գործը, որը հետեւողականորեն ոչնչացնում էր ընդդիմադիր քաղաքական դաշտն ու նրա միավորների ազդեցությունը հանրային շրջանակների վրա: Անշուշտ, կգա այն օրը, երբ այս քաղաքացիական շարժումը, որն այսօր խոսում է երկրորդ փուլից, իր ներսում նախաձեռնողների խմբեր է փոխում եւ դեռ կփոխի` նայած ճարտարապետների դրած նպատակների, կստեղծի քաղաքական կառույց եւ կհայտարարի քաղաքական նպատակներ: Միգուցե շտապում եմ այսպիսի բան ասելով, բայց որ այդպես կլինի` ընդամենը պետք է հիշել ՀՀՇ-ն, որը մի նպատակի վրա ձեւավորվելով որպես հասարակական շարժում` ի վերջո քաղաքական կառույց եւ իշխող կուսակցություն դարձավ:
Քաղաքական տեխնոլոգիաների առումով նմանությունն ակնհայտ է, չնայած չէի ուզի թերագնահատել մեր հասարակության այն լուսավոր, երիտասարդ շերտին, որ ցույց տվեց, թե ամեն ինչ կորած չէ Հայաստանում , եւ այդ երիտասարդության հետ արժե հույս կապել: Միայն թե այդ երիտասարդությունը պետք է զգոն լինի, որ տեսնի ` ե՞րբ եւ ո՞վ է օգտագործում իր ներուժը, եւ իրեն մանիպուլացնել թույլ չտա: Այդ երիտասարդության զգոն լինելուց կախված կլինի մանիպուլացնողների նպատակների կամ փչացածության աստիճանը, իսկ որ դա կարող են հասկանալ, միգուցե` նաեւ կանխել, վկա նախաձեռնողների այն հայտարարությունները, թե քաղաքական նպատակներով «Ոչ թալանին» շարժումը փորձ են անում քաղաքականացնել այս կամ այն մարդիկ կամ ուժերը (անուններ էին տրվում):
Մի ուրիշ երկսայրի սուր է այն, որ նախաձեռնողներն ասում էին, թե ոչ մեկս այստեղ լիդեր չենք, հավասար ենք: Միգուցե բռնությունների թաքնված ձեւերի ու ճնշումների ենթակվելը ավելի հեռացնելու տեսակետից այդ նոր տեխնոլոգիան աշխատում է, կամ գուցե այդպես ավելի հեշտ է` որոշումների համար պատասխանատվություն չստանձնելու տեսակետից: Բայց մյուս կողմից` դա միշտ կարող է բերել ոչ թե հայկական ժողովրդավարության, ինչպես ոմանք են համոզված, այլ անպատասխանատվության եւ քաոսի, ինչը պետությանը կամ երկրին ներկայացվող բազմապիսի մարտահրավերների առումով իր մեջ վտանգի լիցք ունի:
ՀՀԿ-ական պատգամավորուհի Արփինե Հովհաննիսյանը մի առիթով ասում էր այն, ինչ շատ երիտասարդների ներքին համոզմունքն է` թե «սրբազան սարսուռով չեմ վերաբերվում փորձառությանը»: Հա, միգուցե երիտասարդական թարմ հայացքը շատ նոր լուծումների պետք է բերի, բայց փորձառությունն էլ կհուշի հեռու մնալ արդեն հայտնի սխալ ճանապարհներից, որ մրից չելնենք-մրջուրն ընկնենք: Այս հակասությունները շատ լավ տեսանելի են «Ոչ թալանին» շարժման մեջ, երբ կարեւոր պահերին որոշում կայացնողներ չէին գտնվում, կամ` միասնական մոտեցումը երկատվում-եռատվում էր: Բայց Հայաստանը հո միայն անփորձ, բայց նախաձեռնող երիտասարդներից չի՞ կազմված, որքան էլ սիրենք նրանց թարմությունը, չէ՞ որ այդ մարդիկ հավակնում են բոլորի փոխարեն որոշում կայացնել: Փորձառու շրջանակներին մոտ չթողնելը պարզապես կարճատեսություն է (կամ միգուցե ճարտարապետների պահանջն է), որքան էլ մազերի նորաձեւ կտրվածք ու ապահովված տեսք ունեցող երիտասարդ մարդիկ (նախաձեռնողները) իրենց գործն իմացողի դեմք ընդունեն: «Ամեն մարդ իր մարմնի ու որոշման տերն է» կարգախոսից այս դեպքում, երբ խմբերն իրենց ներսում անհամաձայն էին իրար հետ, փչում է անպատասխանատվության հոտ: Երբ ազնիվ մղումներով հանրույթի մեծ մասը կարեւոր պահին որոշման կարիքն ունենա, նրան կարող են լքել «մենք լիդեր չենք» կարգախոսով, կամ «ես իմ սեփական կարծիքն եմ հայտնում, որը մյուսի կարծիքին չի համընկնում» կարգախոսով, ու կատարվի անդառնալին: Բայց չէ որ սա տունտունիկ չէ` միգուցե այս անգամ ամեն ինչ կանխորոշված էր ու այդ մասին միգուցե գիտեին, բայց մյուս անգամ իշխանությունը կարող է նաեւ հատուկ միջոց կիրառել, այդ դեպքում ո՞վ պետք է պատասխանատվություն ստանձնի` միայն իր մարմնի ու միայն իր որոշման սեփականատեր քաղաքացիական ակտիվի՞ստը:
Մյուս առանձնահատկությունն այն է, որ ինչ-որ անհայտ մարդիկ հանկարծ հայտնվեցին Ազատության հրապարակում, հետո նաեւ` Բաղրամյան պողոտայում, բայց նրանց հանդեպ չկիրառվեց Մաշտոցի պողոտայում կիրառվող իշխանական խիստ ճնշման տակտիկան, այլ` հակառակը, մեկ շաբաթում նրանք հայտնի դարձան հանրության լայն շրջանակներին` բողոքն ուղիղ հեռարձակող իշխանական մեկ- երկու կայքերի միջոցով: Սա էլ էր շատ հետաքրքրական, որը բազմաթիվ մտորումների տեղիք էր տալիս, ու անկախ նրանից, որ իրացվում էր բոլորիս իրազեկված լինելու իրավունքը, շարժառիթների առումով մտածելու բան կար: Բացի այդ` ռուսական որոշակի շրջանակների ագրեսիվ պահվածքը, փաստորեն, այս բողոքի պատճառով մեղմվեց, այդ օրերն Պերմյակովի գործը փոխանցվեց Հայաստանին, ըստ տարբեր տեղեկությունների` ՀԷՑ-երի կառավարիչ Բիբիին հեռացրեցին պաշտոնից, ՀԷՑ-երում միջազգային աուդիտին համաձայնեցին ռուսական կողմում, որն, իդեպ, նույնքան վտանգ ունի բացահայտելու ռուսական վատ կառավարումը, որքան հայկական կողմի «ատկատները», եթե իհարկե, դա աչքակապոցի չէ:
Ինչ կորոշեն ցուցարարները` հետագա պահվածքի առումով, դեռ կերեւա, այս պահին աներկբա է, որ իշխնությունը ցուցարարների հանդեպ համբերության ուղին է ընտրել: