Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը:
Նկարչի հոբելյանական ցուցադրությանն արվեստասեր հանրությունը սպասել է շուրջ երեք տարի.այն հետաձգվել էր պատերազմի եւ համավարակի պատճառով: Ցուցադրվեց վարպետի վերջին տասը տարվա շուրջ 100 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակ: Արվեստասեր հանրությանը ներկայացվեց նաեւ նկարչի աշխատանքների երկու նորատիպ կատալոգ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը կարեւորեց «Հոբելյանական» խորագիրը կրող ցուցադրությունը հենց Ազգային պատկերասրահում կազմակերպելու գաղափարը. նկարիչը պատկերասրահի երկարամյա ղեկավարն է եղել, իսկ ներկայիս աշխատակիցների մեծ մասն աշխատանքի է անցել Փարավոն Միրզոյանի՝ աշխատանքի ընդունելու խիստ քննությամբ: Պատկերասրահի աշխատակիցների կարծիքով՝ ցուցադրության համադրումը նկարչի հետ համագործակցության յուրատեսակ հնարավորություն էր, նրանից սովորելու եւս մեկ առիթ:
Թեեւ ներկայացված աշխատանքների թեմատիկան տարբեր է՝ հայրենասիրություն, պատերազմ եւ այլն, սակայն վարպետի ստեղծագործությունների կենտրոնում եղել եւ մնում է կինը, որին մշտապես սիրահարված է նկարիչը.«Նկարիչը միշտ պետք է սիրահարված լինի, առանց դրա բարձր արվեստ չի ստեղծվի»,-նշում է Փարավոն Միրզոյանն ու հավելում՝ հոգսերի մեծ մասը կանանց ուսերին է, եւ տղամարդիկ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն կանանց, սիրեն, հարգեն եւ գնահատեն:
«Հրաշալի գեղանկարիչ է՝ շատ խորը եւ հուզական: Վարպետորեն է մոտենում նույնիսկ ամենահամարձակ թեմաներին, որոնցում չկա գռեհկություն, կա միայն բարձր արվեստ: Երկար ստեղծագործեք, ձեր բարձր արվեստի կարիքն ունենք»,-նշեց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: Նա հպարտությամբ է նշում՝ Փարավոն Միրզոյանի սանն է եղել եւ կարեւորում, որ վարպետը մինչեւ այսօր սովորեցնում է երիտասարդ ստեղծագործողներին:
Փարավոն Միրզոյանը մշտապես ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է: Թեեւ իրականության մեջ կատարվող երեւույթներն արտացոլվում են նրա ստեղծագործություններում, սակայն ստեղծագործելն օգնում է հաղթահարելու համատարած դեպրեսիան ու ստեղծել բարձր արվեստ:
«Ո՞ր արվեստագետն է ինքն իրենից գոհ.ամեն ինչ դեռ առջեւում է»,-նշում է անվանի նկարիչն ու վստահեցնում՝ հաջորդ ցուցադրությանը կներկայացնի առաջիկա տասը տարիների աշխատանքները:
Հավելենք, որ Հայաստանի ժողովրական նկարիչ Փարավոն Միրզոյանի «Հոբելյանական» խորագրով ցուցադրությունն Ազգային պատկերասրահում բաց կլինի մինչեւ ապրիլի 10-ը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ