ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ
ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Ծանր սրտով լսեցինք բոթը. Սարգիս Կիրակոսյանն այլեւս չկա: Մի տարի առաջ էր, երբ միասին նստած էինք երեւանյան սրճարանում եւ լսում էինք նրա տագնապած խոսքերը սփյուռքահայ գրականության վաղվա մասին, լիբանանահայ մեր գաղութի ճակատագրի մասին: Մի քանի ամիս առաջ եղբայրական մակագրություններով ստացանք նրա «Ականեալ ձայներ» ժողովածուն, դեռ չենք էլ հասցրել խորանալ գրքի բոլոր շերտերի մեջ… Մենք կորցրեցինք ժամանակակից հայ բանաստեղծության ականավոր դեմքին, հրաշալի թարգմանչին, մեր ժողովրդի ճակատագրով ապրող մտավորականին, վերջապես անփոխարինելի ընկերոջն ու բարեկամին, ում հայաստանյան այցելություններին սպասում էինք: Լինելով 70 թթ. ասպարեզ մտած բանաստեղծական սերնդի վառ ներկայացուցիչը` Սարգիս Կիրակոսյանը նրանցից էր, ովքեր նորոգեցին եւ նոր ուղիներ հանեցին հայ բանաստեղծությունը` ապահովելով ժամանակակցության նրա ուրույն դիմագիծը: Վստահ ենք, որ արդի սփյուռքահայ գրականության պատմության մեջ Սարգիս Կիրակոսյանի թողած հետքն անջնջելի է:
Զարմանալի կանխատեսությա՞մբ, թե՞ գիտակցական մի շնորհով փաստորեն իր կենդանության օրերի վերջին գիրքը դարձած «Ականեալ ձայներ» ժողովածուն Սարգիս Կիրակոսյանը ուղեկցել է հյուգոյական մի բնաբանով, որով ասես ինքը սահմանել է բանաստեղծի, մարդու եւ մահկանացուի իր հավատամքը` հենց իր կյանքի եւ մահվան հարաբերականության գիտակցմամբ. «Շիրիմը, որ մեռնողին վրայ կը գոցուի, երկինքը կը բանայ: Աներկիւղ կը դիտեմ յաւերժական ստուերներու գերեզմանը, որովհետեւ գիտեմ, որ եթէ մարմինը հոն բանտ մը կը գտնէ, հոգին` թեւեր»:
Սարգիս Կիրակոսյանի մահը մենք այդպես էլ ընկալում ենք. նրա հոգին բացեց իր թեւերը…