ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
2015 թ. հունվարի 1-ից սկսեց գործել Եվրասիական տնտեսական միությունը: Դա համընկավ համաշխարհային քաղաքականության ու տնտեսության մեջ սկիզբ առած աննպաստ իրողությունների հետ: Ուկրաինական ճգնաժամի պատճառով ծայրաստիճան սրվեցին Արեւմուտքի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները, գնալով թափ հավաքեցին փոխադարձ արգելամիջոցները, այդ առճակատումը ստացավ քաղաքակրթական բախման բնույթ, ինչն այլեւս չեն հերքում ռուս եւ արեւմտյան քաղաքագետներն ու վերլուծաբանները: ԵԱՏՄ անդամ երկրների տարադրամները արժեզրկվեցին, ինչի պատճառով հունվար-փետրվար ամիսներին շեշտակիորեն ընկան երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները: Սա նույնիսկ տնտեսական շրջանակներում անորոշության եւ իրարանցման պատճառ դարձավ, ինչն անմիջապես օգտագործեցին Եվրասիական ինտեգրման հակառակորդները:
Մարտին իրադրությունը սկսեց փոխվել, գործընթացները կամաց-կամաց իրենց հունն ընկան, պակասեց անվստահությունը, նվազեցին հաճախ դրսից ուղղորդվող մեղադրանքներն ու հոռետեսական եզրակացությունները, իսկ տարվա առաջին կեսի արդյունքով Միության անդամները տնտեսական աճի եւ անկման տարբեր ցուցանիշներ արձանագրեցին: Ռուսաստանի ՀՆԱ-ն անցած տարվա նույն ցուցանիշի հետ համեմատած կրճատվեց 4.6 տոկոսով, Բելառուսինըՙ 3.3 տոկոսով, այնինչ Հայաստանն արձանագրեց 3.5 տոկոս տնտեսական աճ, Ղազախստանըՙ 4.5 տոկոս:
Տարվա կտրվածքով կանխատեսումները նույնպես ուշագրավ են: Արեւմտյան փորձագիտական կառույցների եզրակացությամբ Ուկրաինան, Ռուսաստանը եւ Ղազախստանը հայտնվեցին նախադեֆոլտյան իրավիճակում: Հետաքրքրական է, որ նույն կանխատեսումների համաձայն Ղազախստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն պատմության մեջ առաջին անգամ կգերազանցի Ռուսաստանի նույն ցուցանիշը: Բելառուսի տնտեսագետները համոզված են, որ երկիրը տարին կամփոփի 0.2 տոկոս փոքրիկ, բայց աճով: Հայաստանի տնտեսագետները կարծում են, որ մեր երկիրի տնտեսական իրավիճակում կա անորոշության միջակայք, բայց հնարավոր է նաեւ տնտեսական աճ մինչեւ 1.5-2 տոկոս: Այս թվերի հետեւում տարածաշրջանի երկրների պայքարն է տնտեսական ճգնաժամի ավերիչ հետեւանքների դեմ եւ նոր տնտեսական մոդելների փնտրտուքը, որոնք գոնե կմինիմիզացնեին այդ ավերիչ հետեւանքները: Անվիճելի է, որ ԵԱՏՄ տնտեսությունների վրա ազդեցություն են գործում նաեւ այն դժվարությունները, որոնց դիմակայում են ԲՐԻԿՍ-ի եւ Շանհայի Համագործակցության Կազմակերպության երկրները: Համաշխարհային տնտեսության վրա այս ճգնաժամի բացասական ներգործությունը մղում է քաղաքական գործիչներին, քաղաքագետ-վերլուծաբաններին, տնտեսագետներին եւ գործարար աշխարհի մարդկանց մտածելու ազգային տնտեսությունների վաղվա օրվա մասին: Քաղաքական գլոբալ առճակատումները եւ տնտեսական հակամարտությունները ստիպում են վերագնահատել եւ վերաիմաստավորել այն գործընթացները, որոնք վերջին կես տարում համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության այսօրվա պատկերն են ստեղծել: Կրկին առաջ են մղվում ազգային ինքնիշխանության, անվտնգության եւ կայուն զարգացման, ինչպես նաեւ ազգային տնտեսությունների կազմակերպման ու զարգացման հարցերը:
Ազգային ինքնիշխանության հարցը
Հենց որ նորաստեղծ ԵԱՏՄ անդամ պետությունները բախվեցին գլոբալ տնտեսական ճգնաժամի առաջացրած դժվարություններին, Եվրասիական ինտեգրման ուղեգծի հակառակորդները սկսեցին խաղարկել փոքր երկրների ինքնիշխանության կորստի սպառնալիքի թեման: Նրանք պնդում են, որ Ռուսաստանը կայսերական նկրտումներ ունի եւ ցանկանում է կլանել իր բոլոր դաշնակիցներին: Չեղած տեղից ազգային ազատագրական պայքարի բռնկման հող են նախապատրաստում: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել եւ կրկնել է, որ Ռուսաստանը չունի նման ծրագրեր: Սակայն նրա ասածները ուզում են մոռացության կամ չիմացության տալ, եւ ոչ էլ հիմնվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բազմաթիվ ամբիոններից արած հայտարարությունների վրա, որոնց համաձայն ղազախստանցիների եւ բելառուսների համար իրենց պետության քաղաքական անկախությունը անքննարկելի ձեռքբերում է, իսկ Եվրասիական ինտեգրումըՙ ազգային ինքնիշխանությունը ամրապնդելու եւ զարգացնելու եւս մեկ միջոց:
Հայաստանում վերջին 25 տարում ձեւավորվել են նոր ազգային քաղաքական, տնտեսական, գիտամշակութային եւ ինտելեկտուալ վերնախավեր, որոնց համար Հայաստանի Հանրապետության ազգային-պետական ինքնիշխանությունը գերագույն արժեք է եւ մեր հազվագյուտ ձեռքբերումներից մեկը: Այն ամրապնդելու, նրան իրական, շոշափելի բովանդակություն հաղորդելու, այդ ձեռքբերումը շարքային մարդկանց հասկանալի, ընդունելի, սիրելի դարձնելու համար չկա այլ ճանապարհ, քան անդուլ աշխատելը հանուն մեր տնտեսական զարգացման: Սրանք լոկ բարձր խոսքեր կարող էին լինել, եթե Եվրասիական ինտեգրման հակառակորդներին հաջողվեր գոնե մեկ ռացիոնալ փաստարկ բերել մեր տնտեսությունը դեպի Արեւմուտք շրջելու իրատեսական հնարավորության մասին: Լավ հասկանալով, որ դրա տակ ոչ մի ռացիոնալ հիմք չկաՙ Եվրասիական ինտեգրման հակառակորդները խաղարկում են երկու բան: Առաջինը, որ մեր ինքնիշխանության կորստի հնարավորությունը մեծանում է եւ փորձում են իշխանության դեմ պայքարը լրացնել ազգային-ազատագրական երանգներով: Եվ երկրորդՙ փորձում են համոզել, որ Հայաստանի տեղը ոչ թե եվրասիական պետությունների շարքում է, այլՙ եվրոպական ընտանիքի կողքին:
Այս տողերը գրելիս, ես շատ լավ հասկանում եմ, որ իրական սպառնալիքները եւ արտաքին մարտահրավերները հայաստանյան հասարակությունը շատ ավելի լուրջ ու զգայուն է ընդունում: Եվ դրա համար քաղաքական կայունությունը խարխլելու, հաճախ արեւմտյան ինչ-ինչ կառույցներից փոխանցվող փորձերը հանդիպում են մեր հասարակության անվիճելիորեն առողջ մեծամասնության համարժեք դիմադրությանը: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի անկախությունը հայության հազարամյա երազանքի իրականացումն է եւ քննարկման առարկա չէ, մենք հասկանալի ենք ժամանակակից միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչների համար: Բայց մենք չենք վախենում պարզ ու հասկանալի ասել, որ մեր դրոշի եւ զինանշանի փայլը մեծացնելու համար մեզ պետք է ինտեգրվել կենսունակ տարածաշրջանային տնտեսական կառույցների մեջ: Հայաստանում ապրել որոշածների կենսամակարդակը աստիճանաբար բարձրացնելու որեւէ այլՙ թե՛ տեսական, թե՛ գործնական միջոց չկա բացի Եվրասիական տնտեսական ինտեգրման պտուղներից իմաստուն կերպով օգտվելը:
Անվտանգության եւ կայունության հարցը
Պատերազմը մոտեցել է Հայաստանի սահմաններին: Թուրքիայում անհանգիստ է, քրդական աշխարհը մի աննախադեպ աշխուժության մեջ է, Սիրիայում չի դադարում ավերիչ պատերազմը, «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ միջազգային գործողությունները առ այժմ ոչ միայն չեն նվազեցրել նրանցից եկող սպառնալիքը, այլեւ թերեւս մեծացրել են: Ադրբեջանը չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծել ուժային միջոցներով եւ հայերին ահաբեկելու անհեռանկար ու անարդյունավետ ճանապարհով: Չի երեւում, թե տեսանելի հեռանկարում Ադրբեջանը կհրաժարվի այսօրվա քաղաքականությունից:
Ուրախացնում է Իրանի հանդեպ արգելամիջոցների վերացման հեռանկարը: Սակայն մինչեւ դրա իրականություն դառնալը պետք է ապրել ու զարգանալ: Այն հարաբերական խաղաղությունը եւ ներքաղաքական փխրուն կայունությունը, որ մենք ունենք, այսօր շատ-շատ օտարների աչքում անգամ նախանձելի է երեւում: Բայց մենք, որ կարողացածի չափով ընդունել ենք մեր սիրիահայ ու իրաքահայ հայրենակիցներին, Ուկրաինայի հակամարտության գոտուց անաղմուկ վերադարձողներին, Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրներից տնտեսական վատթարացած պատճառների բերումով Հայաստանում մնացած մեր քաղաքացիներին, շատ լավ հասկանում ենք, որ հերթական ներքաղաքական ցնցումը կամ, ասենք, աշխարհաքաղաքական նախապատվությունների հիման վրա առճակատումը ուկրաինական օրինակով ի չիք է դարձնելու վերջին 25 տարվա մեր հազվագյուտ հաջողությունները: Ինձ թվում է, որ մենք շատ լավ ենք հասկանում, որ երբ շուրջը պատերազմ է, քաոս եւ քայքայում, մեզ համար դա ազդանշան է համախմբվելու, երկխոսելու, ինչ-որ տեղ իրար զիջելու եւ, խոշոր հաշվով, ազգային միաբանության հասնելու: ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր կառուցողական մասնակցությանը շոշափելի այլընտրանք ուղղակի չկա: ԵԱՏՄ-ի շրջանակներում լիարժեք ինտեգրվելուն շոշափելի այլընտրանք նույնպես չի երեւում: Համոզված եմ, որ որքան խորը ինտեգրվենք այդ կառույցներում, որպես հարավկովկասյան տարածաշրձանի ուժեղ խաղացող, ավելի հետաքրքրական ենք լինելու Արեւմուտքի եւ Արեւելքի ուժային կենտրոնների համար:
Տնտեսական զարգացման հարցը
Արդեն երկու շաբաթից ավել է, ինչ հրապարակվել են մեր տնտեսական զարգացման առաջին կիսամյակի արդյունքները: Ինձ չի հանդիպել լուրջ տնտեսական վերլուծություն, որը կվիճարկեր այդ ցուցանիշները: Մեր հեղինակավոր տնտեսագետներն ասում են, որ լավ տարին կարող է ավարտվել նաեւ տնտեսական աճով: Ամեն դեպքում ճիշտ էին նրանք, ովքեր տարվա սկզբին, երբ արժեզրկվել էին դրամը, ռուբլին եւ մյուս տարադրամները, կոչ էին անում չշտապել վերահաս աղետի մասին եզրակացություններ անելու: Ռուսաստանի տնտեսական իրավիճակը թելադրում է թուլացնել Արեւմուտքի հետ վաղուց ինտեգրված լիբերալների ազդեցությունը եւ ուժեղացնել պետականամետների ձայնը: Այդ մարդիկ են, որ կարծում են, որ Ռուսաստանը վերջապես պետք է խթանի սեփական արտադրությունները եւ բանականության սահմաններում թուլացնի տնտեսական, ապրանքային կախվածությունը արտասահմանից: Ահա այստեղ է, որ մեր տնտեսագետները իրավացիորեն խորհուրդ են տալիս իշխանություններին եւ գործարար աշխարհին առաջարկել, փնտրել եւ գտնել նոր, դեռեւս չօգտագործված հնարավորություններ Ռուսաստանի, ինչու չէ, նաեւ Ղազախստանի եւ Բելառուսի տնտեսական հսկաների ուշադրությունը մեզ վրա բեւեռելու համար: Մեր ռազմարդյունաբերական համալիրի համագործակցության հնարավորությունները ռուսաստանցի գործընկերների հետ լավատեսության տեղ են բացել:
Պարզ է, որ մենք ապրում ենք շուկայական տնտեսության պայմաններում, ավելինՙ համաշխարհային ընդհանուր շուկայի մի շատ փոքրիկ մասն ենք: Անցած քսան տարիներին մեզ կարծես բացատրել են գլոբալ տնտեսության զարգացման տրամաբանությունն ու միտումները: Բայց մեր օրերի աննախադեպ գլոբալ առճակատումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, արգելամիջոցների պատերազմը, աննախադեպ քաղաքակրթական բախումը գալիս են ստիպելու, որ նորովի նայենք տնտեսության մեջ պետության դերին ու պատասխանատվությանը, մտածենք Եվրասիական տնտեսական տարածքում կոոպերացիայի եւ աշխատանքի նոր բաժանման հնարավորությունների մասին:
ԵԱՏՄ-ի ընդդիմախոսների ու քննադատների ձայնը թուլացել է: Տեսնենք ինչպես է ընթանալու երկրորդ կիսամյակը: