Պատմություն դարձավ Վենետիկի «Պո-Արաքս» ընկերակցության կողմից Կա” Ֆոսկարի համալսարանում կազմակերպվող հայոց լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացի եւս մեկ տարին: Այս տարին հոբելյանական էր, լրացավ դասընթացի երեսնամյակը: Կա՞ արդյոք Սփյուռքում մեկ այլ հաստատություն, որը երեսուն տարի անընդմեջ հանդես գա նման նախաձեռնությամբ: Ինչպես նշում է դասընթացի հիմնադիր, Գերապայծառ Լեւոն արք. Զեքիյանը , առաջին տարիներին իրենց մտքով, անշուշտ, չէր անցնում, որ ամառային դպրոցը կհասնի երեսնամյա հոբելյանին, որ կլինեն այլ զարգացումներ եւս: Հիմնականում եվրոպահայերի համար նախատեսված դասընթացը տարեցտարի աճեց, ընդլայնվեցին դասավանդվող առարկաները, նրան մասնակցելու սկսեցին գալ Հայաստանից, մինչեւ անգամՙ հեռավոր Չինաստանից ու Ճապոնիայից… Դասընթացը տեղի է ունենում ճիշտ վայրումՙ Եվրոպայի սրտում, նմանը չունեցող մի քաղաքում, որը հարուստ հայկական ավանդներ եւ հայկական շարունակական ներկայություն ունի (բավական է նշել Վենետիկի բիենալեի կողմից հայկական տաղավարին այս տարի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի շնորհումը): Իր բնույթով եզակի այս դասընթացի նպատակը սոսկ արեւմտահայերենի պահպանումը չէ, այլեւ հայ մշակույթի տարածումը, հայաշխարհին հուզող հարցերի արծարծումը, աշխարհացրիվ հայության եւ հայերենով հետաքրքրվող այլազգիների մի յուրօրինակ ցանցի ստեղծումն ու զարգացումը: Իսկ նրանց թիվը վաղուց անցել է հազարը, նրանց մեջ կան այսօր աշխարհի տարբեր երկրների հայագիտական ամբիոնների աշխատակիցներ, իրենց արմատները փնտրող սփյուռքահայության տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մարդիկ, որոնց պարզապես հետաքրքրում է հայոց գիրը, լեզուն, արվեստը, պատմությունը, անձինք…
Միջոցառումները
Օգոստոսի 6-ին Կա” Ֆոսկարի համալսարանում տեղի ունեցավ դասընթացի երեսնամյակի ակադեմիական նիստը: Ընթերցվեցին շնորհավորագրեր տարբեր երկրներից, նաեւՙ Հայաստանից, մասնավորապեսՙ Գիտությունների ազգային ակադեմիայից: Հյուր բանախոսը Պորտուգալիայից հատուկ հրավիրված պատմաբան, դոկտոր Ռազմիկ Փանոսյանն էրՙ Գյուլբենկյան հիմնարկության հայ համայնքներ բաժանմունքի տնօրենը, որն իր անգլերեն-հայերեն զեկույցի մեջ արծարծեց հայության ներկա հանգրվանին առկա մի շարք խնդիրներ: Հիմնական բանախոսությանը հաջորդեց մի փոքր համերգ իտալաբնակ դուդուկահար Արամ Իփեքճյանի եւ կիթառահար Մասիմո Նալբանդյանի կատարմամբ:
Դասընթացի մասնակիցներն առնվազն երկու անգամ հնարավորություն են ունենում ներկա լինել հայկական պատարագի: Այս անգամ առաջին պատարագը մատուցվեց օգոստոսի 9-ին, Վենետիկի Սուրբ Խաչ հայ կաթողիկե եկեղեցում, որն Արեւմտյան Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցին է (թեեւՙ ոչ հայ ճարտարապետական ոճով): Պատարագն ավանդաբար մատուցում է Գերապայծառ Լեւոն Զեքիյանը, որը հանդես է գալիս հայերեն եւ անգլերեն քարոզով, իսկ երգչախումբը կազմված է լինում դասընթացի ուսուցիչներից եւ ուսանողներից: Երկրորդ պատարագը լինում է Սուրբ Ղազարումՙ Աստվածածնի վերափոխման տոնին, որի ժամանակ կատարվում է խաղողօրհնեքը: Պատարագից հետո այգում Մխիթարյան հայրերի կողմից տրվում է ավանդական հյուրասիրություն, որին մասնակցում են բոլոր ներկաները, որոնց մեջ լինում են աշխարհի տարբեր երկրներից Ադրիատիկ ծովի ափին հայտնված հայորդիներ…
Գերապայծառ Զեքիյանը դասընթացից բացի կազմակերպում է տարբեր միջոցառումներ, հիմնականումՙ դասախոսություններ, որոնք տեղի են ունենում երեկոները, պատմական Կանառեջո թաղամասում գտնվող Աբացիա կոչվող հանրակացարանի ներքին պարտեզում: Ցեղասպանության հարյուրամյակի տարում նա հանդես եկավ երկու բանախոսությամբ (հայերեն, անգլերեն ամփոփումներով): Իր բանասիրական, փիլիսոփայական, պատմագիտական եւ այլ կարգի ուսումնասիրությունների կողքին Զեքիյանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թեման, հատկապես նրան տրվող գնահատականի, թողած ազդեցության, հայ-թուրքական հնարավոր երկխոսության հետ կապված խնդիրները: Այս հարցերը նա մանրամասնորեն շոշափեց իր զույգ ելույթներում, որոնք վերնագրված էին «Մեծ եղեռնիՙ 1915-ի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, նրա նշանակությունը եւ մարտահրավերները: Ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս եկեղեցում ոգեկոչումը, նրա ազդեցությունը եւ հետեւությունները» եւ «Պահանջատիրության հայեցակարգը. վերլուծության փորձ»: Արեւմտահայության ժառանգ մասնակիցների (եւ ոչ միայն նրանց) շրջանում այս ելույթները, բնականաբար, առիթ տվեցին աշխույժ քննարկումների…
Երրորդ դասախոսությամբ հանդես եկավ Կա” Ֆոսկարի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր Պաոլա Միլդոնյանը, միջազգային չափանիշով հեղինակավոր մի գրականագետ, որը վերջերս իտալացի ընթերցողի սեղանին է դրել Սայաթ-Նովայի հայերեն տաղերի իտալերեն թարգմանության հատորը: 18-րդ դարի հայ մեծագույն աշուղ-բանաստեղծի մասին անգլերեն համակողմանի զեկույցից հետո Միլդոնյանը ցուցադրեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»:
Ուսուցիչները
Շատ ուսուցիչներ են եկել-գնացել այս երեսուն տարիների ընթացքում, ամեն մեկն իր լուման է ներդրել ընդհանուր գործում, սակայն վերջին տասը տարում գերապայծառ Լեւոն Զեքիյանին հաջողվել է ստեղծել ուսուցիչների կայուն կազմ: Գերապայծառն ինքը, գիտական մեծ վաստակի կողքին ունի նաեւ մանկավարժական մեծ փորձառությունՙ տարիներ շարունակ դասավանդելով Կա” Ֆոսկարի համալսարանում, իսկ ամառային դասընթացի նրա դասաժամերը, լինեն հայոց լեզվի թե հայ արվեստի պատմությունից, վերածվում են ոչ միայն սոսկ տվյալ բնագավառի գիտելիքների, այլեւ առհասարակ հայ եւ համաշխարհային մտային հարստությունները մաղով անցկացրած գիտնականի կողմից դրանց անսպառ փոխանցման անկրկնելի պահեր…
Հայ ժողովրդի պատմության եւ սփյուռքահայ գրականության ուսուցիչ Րաֆֆի Սեթյանը իր սերնդի այն սակավաթիվ ամերիկահայերից է, ովքեր հավասարաչափ տիրապետում են թե՛ հայերենին, թե՛ անգլերենինՙ գրավոր եւ բանավոր: Պարոն Րաֆֆին աշխատանքի բերումով անգլերեն է դասավանդել աշխարհի տարբեր երկրներում (մինչեւ անգամՙ Գաբոնում, Չինաստանում), իսկ ահա վենետիկյան դասընթացում նա ուսանողների բարձրագույն մակարդակին ծանոթացնում է իր նախընտրած սփյուռքահայ գրողներին, քանի որ ինքը եւս բանաստեղծ էՙ անգլիագիր եւ հայագիր…
Հայոց լեզվի դասերը պարապում են ծնունդով պոլսահայ փարիզաբնակ Պարետ Մանոքը (դասընթացի ուսուցիչներից ամենամեծ ստաժ ունեցողը), ծնունդով քեսաբցի, դարձյալ փարիզաբնակ Ռոզիկ Թաշճյան-Ադամյանը եւ ծնունդով հալեպցի բուդապեշտաբնակ Սոսի Սուսանյանը (Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ): Ինչպես տեսնում ենք, ինչպես ամենուրեք, այստեղ եւս արեւմտահայերենի դասավանդումը Պոլսում եւ Մերձավոր Արեւելքում ծնվածների ձեռքին է: Ինչպիսի՞ն կլինի վիճակը մի երկու տասնամյակ անց. նախընտրում եմ այս մասին չմտածել: Այս տարի հայերենի ուսուցիչներին միացավ նաեւ արեւելագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Տորք Դալալյանը (Հայաստան-Ֆրանսիա), որը, չնայած արեւելահայ լինելուն, նույնչափ վարժ է նաեւ արեւմտահայերենի մեջ:
Իտալուհի Բենեդետտա Կոնտինը դասավանդում է գրաբար: Այո, այո, իտալուհին, որը չափազանց սիրում է մեր լեզուն, հին ու նոր գրականությունը, մշակույթը, որը գրաբարի գիտելիքները խորացրել էՙ ուսումնասիրելով եւ ատենախոսություն պաշտպանելով Դավիթ Անհաղթի վերաբերյալ… Նրա ամուսինըՙ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, ծնունդով հալեպցի Արամ Իփեքճյանը , դասերից հետո ցանկացողներին տալիս է դուդուկ նվագելու դասեր:
Արդեն վեցերորդ անգամն է, ինչ դասընթացի առաջին երկու շաբաթին մասնակցում են Թորոնթոյի Գոլոլյան Ազգային վարժարանի ավարտական դասարանի աշակերտներըՙ մեր ամառային դպրոցի ամենակրտսեր մասնակիցները: Վարժարանի տնօրեն Արմեն Մարտիրոսյանինն է (նախկին հայաստանցի, ծնունդով Թբիլիսիից), որն իր սույն գովելի նախաձեռնությամբ իրենց խոստումնալից աշակերտներին ոչ միայն հաղորդակից է դարձնում հայագիտական առարկաների եւ տարբեր երկրների նրանց հայրենակիցներին, այլեւ Իտալիայի մշակութային ծով ժառանգությանը: (Երանի թե սփյուռքահայ շատ վարժարաններ հետեւեին Մարտիրոսյանի օրինակին): Ամեն տարի նրան ընկերակցում է վարժարանի ուսուցիչներից մեկը. այս տարի երկրորդ անգամ խմբին ընկերակցել էր ժրաջան ուսուցչուհի Սուզաննա Միլտունյանը (ծնունդով լիբանանահայ):
Ավելացնեմ, որ տողերիս հեղինակն էլ արդեն իններորդ անգամ մասնակցեց դասընթացին (առարկանՙ հայ կատարողական արվեստների պատմություն, երբեմն նաեւՙ լեզվի դասեր): Նկատի ունենալով նախորդ տարվա փորձըՙ դարձյալ դասաժամերից մեկի ընթացքում ցուցադրեցի Արման Մանարյանի «Տժվժիկ» կինոնկարը, որը կրկին խանդավառեց հայ կինոյին անհաղորդ մնացող արեւմտահայության նոր սերնդի ներկայացուցիչներին, որոնց համար ավելի քան հաճելի էր արեւմտահայերեն ֆիլմ դիտելը…
Դասընթացն ունի իր «գնդի որդիները»: Բենեդետտայի եւ Արամի փոքրիկներըՙ հայախոս Գաբրիելը եւ տակավին չխոսող Նարեկը , համընդհանուր սիրո առարկան են: Իսկ Սոսի Սուսանյանի որդինՙ Նարեկ Տետեյանը , որ մշտապես մոր հետ գալիս է Վենետիկ, այս տարի գրավոր հայերենին տիրապետելու ջանք էր գործադրում: Բուդապեշտում ծնված եւ մեծացող մանչուկը հորը հեռախոսով շտապեց ավետել. «Հայրիկ, քեզի լաւ լուր ունիմ յայտնելու. հայերէն այբուբէնը լմնցուցի…»:
Աշակերտները
Որի՞ն հիշես, որի՞ն չհիշես… Եթե գալիս են ամառը հայերեն սովորելուՙ ուրեմն մեծ մասամբ արժանավոր մարդիկ են: Այս տարի տասներեք երկրից էինՙ Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Հունգարիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ռումինիա, ԱՄՆ, Կանադա, Հայաստան, Թուրքիա, Ճապոնիա: Այո, Ճապոնիա, բայց ոչ ճապոնացի: Նրանՙ Ֆիլիպ Լուսարեւյանին իրավամբ կոչում էինք ճապոնահայ, քանի որ Ֆրանսիայում ծնված եւ ԱՄՆ-ում բնակված Ֆիլիպն արդեն քսան տարուց ավելի էՙ բնակվում է Ճապոնիայում, որտեղ անգլերենի ուսուցիչ է: Այս աշխույժ, կատակասեր անձնավորությունը հիսուն տարեկանից հետո հանկարծ որոշել է սովորել նախնիների լեզուն…
Եվ իսկապես, ի՞նչ կարեւոր է տարիքը: Նրանից շատ ավելի մեծ է իտալացի լեզվաբան Սերջո Պիելչին , որը իր տիրապետած լեզուներին ցանկանում է հավելել նաեւ հայերենը: Ավելին, այդ գործում նրան միացել է կինըՙ Վինչենցինա Ֆլորան : Անհնար է չուրախանալՙ տեսնելով այդ տարեց զույգին ուսանողական սեղանի դիմաց նստած, մեսրոպյան գրերը հեգելիս…
Հայերեն սովորելու շարժառիթները տարբեր են: Միլանցի գեղեցկուհի Էլիզա Գամբերտինին պատրաստվում է ամուսնանալ հայի հետ եւ ցանկանում է ոչ միայն խոսել, այլեւ պարել հայերեն: Ռիմինիի բնակչուհի Սառա Սկարպելինին հետաքրքրված է հայ պարականոն գրականությամբ, իսկ Հռոմում բնակվող Նաիրի Մերկադանտին ոչ միայն շահագրգռված է ուսանելու իր հայ մոր լեզուն, այլեւ, լինելով պատմաբան, ուսումնասիրել է հայ հեղափոխական շարժումների պատմությունը: Զազա հոր եւ բելգիուհի մոր զավակ Յուրի դե Բրաբանդերը գրում է Բելգիայի հայության պատմությունը:
Թրքուհի Այշան Սյոնմեզը աշխատություն է գրում թուրքական թատրոնի պատմության մասին, որի մեջ, ինչպես հայտնի է, մեծ դերակատարություն են ունեցել հայ գործիչները: Մեկ այլ թրքուհուՙ Մելթեմ Շաֆաքին , հետաքրքրում է հայատառ թուրքերեն գրականությունը: Էթնիկ թուրքերի մասնակցությունը դասընթացին չպետք է արտառոց թվա, հատկապես վերջին տարիներին Թուրքիայի մտավորական շրջանակներում հայության հանդեպ աճող հետաքրքրության խորապատկերին:
Ծնունդով հալեպցի փարիզաբնակ Մակի Քազալ Քուզյանը ճարտարապետական եւ քաղաքաշինական ընկերության ղեկավար է, ճամփորդում է աշխարհով մեկ: Իմ հարցին, թե որն է իր տեսած լավագույն երկիրը, Մակին անմիջապես պատասխանում էՙ Հայաստա՛նը: Եթե նա, որպես հայուհի, կարող է այդպես մտածել, սակայն ինձ զարմացրեց մեքսիկական ծագումով ամերիկուհի Էրին Պինոնի ասածը. «Ինձ համար Երեւանն ավելի ֆանտաստիկ է, քան Վենետիկը»: Հայ մանրանկարչության ուսումնասիրությամբ զբաղվող Էրինը Հայաստանում է եղել մեկ անգամ եւ սիրահարվել է մեր երկրին ու մշակույթին: Մաղթենք, որ այդ սերը երբեւէ չմարի մեր իրականության հոռի կողմերի պատճառով…
Վերջին տարիներին նկատելի է նաեւ ինստիտուցիոնալ մոտեցում հայկական դասընթացի հանդեպ: Արդեն տասը տարի է, ինչ Ռումինիայի հայերի միությունը Վենետիկ է ուղարկում համայնքի խոստումնալի երիտասարդների. այս տարի եւս ուղարկել էր հինգ հոգու: Ժամանակը ցույց կտա, եթե նրանցից գոնե մի քանիսը կարդարացնեն իրենց հետ կապված հույսերը: Այս էլ երրորդ տարին վենետիկյան դասընթացին մասնակցում են պոլսահայ երիտասարդ ուսուցիչներՙ հինգ աղջիկ, նաեւ մեկ տղա: Նրանց վերաբերյալ տարակույս չունեմ, որ հայկական վարժարաններում աշխատող այդ ջանասեր, համեստ, պոլսահայ նկարագիրը պահպանող օրիորդները իրենց սաներին են փոխանցելու Վենետիկում իրենց սովորածը…
Վենետիկ-Երեւան