Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Միքայել Թարիվերդիևի «Սպասում» մոնոօպերան` գրավիչ պարզությամբ և ճշմարտացիությամբ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, մարտի 10-ին տեղի կունենա  համերգ՝  նվիրված անվանի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևին։

Համերգի առանցքը  Թարիվերդիևի «Սպասում» մոնոօպերան է։ Այն կկատարի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։

Ստեղծագործությունը կներկայացվի դաշնամուրի նվագակցությամբ։

Մոնոօպերան գրվել է 1985 թվականին` Ռոբերտ Ռոժդեստվենսկու տեքստերի հիման վրա։ Օպերայում կա միայն մեկ կերպար՝ «Նա»։ Հերոսուհին, որը ժամադրության է գալիս տղամարդուց 32 րոպե շուտ,  սպասման ժամանակ վերապրում է հույզերի  փոթորիկ, որն   արտահայտում է մենախոսության տեսքով։

Ժամանակակից կինը, ծանրաբեռնված իր առօրյա խնդիրներով, պարտականություններով և սոցիալական գործառույթներով, ժամադրության է գալիս իր սիրելիի մոտ և սպասում նրան ժամացույցի տակ: Այն, ինչ կատարվում է նրա հոգում այդ երեսուներկու րոպեների ընթացքում՝ կրքոտ բոցավառությունից մինչև հուսահատություն, պատկերված է Թարիվերդիևի երաժշտության մեջ՝ գրավիչ պարզությամբ և ճշմարտացիությամբ։

Համերգի երկրորդ մասում կհնչեն «Հնագույն ռոմանս», «Մի անհետացիր», «Երաժշտություն» (ի հիշատակ Շոպենի), «Ինձ դուր է գալիս», երկու մեղեդի ՝ «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» ֆիլմից, «Երկուսը սրճարանում»՝ «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմից, Նախերգանք՝ «Կորուսյալ արշավախումբը» ֆիլմից,  «Երեկոները» և «Փոքրիկ իշխան» ստեղծագործությունները։