Փետրվարի 19-ին Ահմեդ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությանը հարող «Karar» թերթը թարգմանաբար արտատպել էր ԱՄՆ-ի ազդեցիկ թերթերից «The New York Times»-ի՝ թուրքական տնտեսությանը երկրաշարժի հասցրած վնասին, երկրում նախատեսվող առաջիկա ընտրություններին եւ Էրդողանի «20 տարվա անընդմեջ իշխանությունից հետո առաջին անգամ» ընտրությունները տանուլ տալու հավանականությանն առնչվող հոդվածը:
Ի դեպ՝ ընթացիկ տարվա հունվարին «Բլումբերգ»-ն էլ հանդես էր եկել նույն հարցերին նվիրված վերլուծականով, որտեղ բարձրացվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են առաջիկա նախագահական ընտրություներում Էրդողանի վերընտրվելու հնարավորությունը, Սիրիայի հետ հարաբերությունների բարելավման գործում նախագահ Պուտինի միջնորդության սահմանափակվածությունը, իր «սիրելի բարեկամ Վլադիմիրի» վրա Էրդողանի ազդեցության անարդյունավետությունը, առաջիկա ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների ընտրվելու հավանականությունը եւայլն: Հունվարի 9-ին «Բլումբերգ»-ի վերլուծականը մեկնաբանել էր թուրքական ընդդիմադիր «artigercek.com» կայքէջը, եւ մենք մեկնաբանությունը ներկայացրել էինք «Ազգ»-ի լրահոսում:
«The New York Times»-ի հոդվածը բովանդակության առումով փաստորեն լրացնում է «Բլումբերգ»-ի վերլուծականը: Հետեւաբար ամենեւին ավելորդ չէ դա նույնպես ընթերցողի ուշադրությանը ներկայացնելը թուրքական Karar -ի մեկնաբանությամբ: Ահա թե ինչ է գրել.
«ԱՄՆ-ի առաջնակարգ թերթերից «Նյու Յորք Թայմս»-ը, ուշադրություն հրավիրելով Մարաշի աղետի երկրի տնտեսությանը հասցրած հարվածի վրա, նշում է, որ նախագահ Էրդողանը կանգնել է լուրջ ճգնաժամին դեմ հանդիման: «Carnegie Europe» հիմնադրամի մասնագետ, Թուրքիայում Եվրոպական Միության նախկին դեսպան Մարկ Պիերինին հանգել է Էրդողանի «20 տարվա անընդմեջ իշխանությունից հետո առաջին անգամ» ընտրությունները տանուլ տալու հավանականության եզրակացությանը:
«Նյու Յորք Թայքս»-ը Մարաշ էպիկենտրոնով երկրաշարժերից հետո հրապարակեց տնտեսության եւ առաջիկա ընտրությունների մասին վերլուծական մի հոդված: Հոդվածում նշվում է, որ մայիսին նախատեսվող ընտրությունները կանխորոշելու են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ճակատագիրը: Այնտեղ միաժամանակ մատնանշվում է երկրի տնտեսությունը շուտափույթ կարգավորելու անհրաժեշտությունը, առանց շրջանցելու ավերիչ երկրաշարժերի՝ տնտեսությանը հասցրած լուրջ վնասը, ինչպես նաեւ այն ճգնաժամը, որի առջեւ է կանգնել Էրդողանը:
Ըստ «Carnegie Europe» հիմնադրամի վերլուծաբանի «Անկարան ցնցող երկրաշարժը լուջորեն կասեցնելու է երկրի տնտեսական աճը եւ նախագահի պաշտոնում 3-րդ անգամ ընտրվելու հույսեր փայփայող Էրդողանի համար հանդիսանալու է յուրատեսակ մարտահրավեր:
Երկրում տակնուվրա են արվել տնտեսա-ֆինանսական հաշվեկշիռները
Թուրքիային ցնցող ազգային արժույթի փոշիացումն ու 85 %-ի հասնող արժեզրկումը տակնուվրա է արել առեւտրատնտեսական ու ֆինանսական բոլոր հաշվեկշիռները, ինչի հետեւանքով թուրքական ընտանիքներն ու արտադրամասերը կանգնել են գոյության պահպանման առջնահերթ խնդրի առջեւ:
Վերլուծականն անդրադառնալով Ծոցի երկրների եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման Էրդողանի ջանքերին, միաժամանակ ընդգծում է , որ դրանք վերջինի անսովոր ֆինանսական քաղաքականությամբ էլ ավելի են սրել երկրի առջեւ ծառացած խնդիրները:
20 տարի հետո առաջին անգամ պարտվելու հավանականություն
Ինչպես մատնանշում է «Սյողջու»-ն, վերոհիշյալ վերլուծականում տեղ են գտել նաեւ Թուրքիային հետեւող մասնագետների կարծիքը, որոնք հավանականության հարցում վճռորոշ են համարել ընտրությունների վրա տնտեսության ազդեցությունը եւ երկրաշարժի բացասական հետեւանքները:
Վաշինգտոնի՝ Մերձավոր Արեւելքի քաղաքականությունների ինստիտուտի Թուրքիայի ծրագրի տնօրեն Սոներ Չաղաթայը, տալով առացքային նշանակություն ընտրություններին, նշել է, որ Էրդողանը, առանց տնտեսական աճ ապահովելու, ընտրություններում երբեք չի հաղթել, հետեւաբար դրան է ձգտելու:
Վերջում «Carnegie Europe» հիմնադրամի մասնագետ, Թուրքիայում ԵՄ-ի նախկին դեսպան Մարկ Պիերինին հավելել է, որ հանուն տնտեսական շահերի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում երկու կողմում էլ խաղացող Էրդողանը իշխանության ղեկին մնալու համար կանգ չի առնի որեւէ միջոցի առջեւ»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ