Դոնբասի դեպքերի կապը Սիրիայի հետ
Ռուսաստանի վերաբերյալ Արեւմուտքի մամուլում հրապարակվող նյութերում ի հայտ է եկել նոր միտում: Այն ԶԼՄ-ները, որոնք ավանդաբար քննադատում են Մոսկվայի քաղաքականությունը, այժմ հավաստում են, որ նախագահ Վլադիմիր Պուտինի սիրիական մանյովրը շփոթության է մատնել արեւմուտքցի քաղաքական գործիչներին: Նույնիսկ Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի նկատմամբ համակրանքով աչքի չընկնող ամերիկյան Foreign Policy հրատարակությունը գրում է Կրեմլի լավ հաշվարկված քայլերի պայմաններում ԱՄՆ-ի վտանգավոր անվճռականության մասին: Ամերիկացի հոդվածագիրները խոստովանում են, որ Պուտինը իր հաջող գործողություններով անհարմար կացության մեջ է դրել եվրոպացի եւ ամերիկացի ղեկավարներին, ստիպելով հակադարձել իրական եւ կարծեցյալ սպառնալիքները:
Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմօդանավերը առաջին հարվածները հասցրին ապստամբների վերահսկողության տակ գտնվող Համա, Հոմս եւ Լաթաքիա քաղաքների մերձակա տարածքներին: ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում Վլադիմիր Պուտինը շարադրեց միջազգային հակաահաբեկչական լայն կոալիցիա ստեղծելու իր ծրագիրը: Խոսքը «Իսլամական պետության», «Ան-Նուսրա ճակատի» եւ «Ազատ սիրիական բանակի» դեմ պայքարելու մասին է: Այդ բոլոր խմբավորումները կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ:
Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության աճի պատճառների մասին շատ է գրվել: Դրանք են Մերձավոր Արեւելքում ՌԴ շահերի, ինչպես նաեւ Ասադի վարչակարգի պաշտպանությունը, սիրիական հակամարտության հաղթահարման գործում միջնորդի դերի ստանձնումը, երկրի ներսում իշխանության ամրապնդումը, ամերիկացիների անորոշ կեցվածքի հետեւանքով գոյացած վակուումի լցումը: Սակայն Պուտինը ուժեղացնում է ՌԴ դիրքերը ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ երկրորդ ճակատումՙ Եվրոպայում:
«Սառը պատերազմից» հետո ձեւավորված անվտանգության եվրոպական կառույցի կործանումը միշտ համարվել է Պուտինի ռազմավարական նպատակներից մեկը, նշում է Foreign Policy-ն: Սիրիայի հակամարտությանը ՌԴ մասնակցությունը դժվար է բացատրել այդ գործոնով, սակայն տվյալ նպատակի ապահովումը կարող է դառնալ սիրիական պատերազմի կողմնակի արդյունքներից մեկը: ՌԴ նախագահը լրջորեն է ընդունում Եվրոմիության վերափոխիչ դերին առնչվող բառերը, մանավանդ երբ խոսքը Ռուսաստանի հարեւան պետությունների մասին է: Պատահական չէ, որ Մոսկվան մեծ ջանքերի գնով փորձում է Ուկրաինային խանգարել առեւտրական համաձայնագիր կնքելու Եվրոմիության հետ:
Միասնական Եվրոպան ՆԱՏՕ-ի հովանու ներքո վտանգավոր հակառակորդ է Մոսկվայի համար եւ սպառնալիք ռուսական կոռումպացված ավտոկրատիայի համար, շարունակում է ամերիկյան պարբերականը: Էներգետիկական նախագծերն օգտագործվում են եվրոպական երկրներին միմյանց հետ ընդհարելու համար: Կրեմլին ձեռնտու չէ հզոր անդրատլանտյան դաշինքի ստեղծումը: Սիրիայում Պուտինի վճռականությունը եւ Սպիտակ տան վարանումները եվրոպացիների եւ ամերիկացիների միջեւ սեպ խրելու եւս մեկ հնարավորություն են ստեղծում:
Վերջին ամիսներին Եվրոպան իր վրա զգաց Սիրիայի հակամարտության հետեւանքները: ԵՄ երկրների կառավարությունները փորձում են գլուխ հանել գաղթականների հոսքից, դիմակայել Եվրոպայում ծնված ջիհադիստների վերադարձի վտանգին եւ հարաճուն հասարակական ճնշման են ենթարկվում: Մարդիկ պահանջում են, որ իշխանությունները հստակեցնեն իրենց դիրքորոշումը Սիրիայի հարցում: Հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների գերակշիռ մեծամասնությունը հավանություն է տալիս արտաքին միջամտությանը եւ «Իսլամական պետությանը» հարվածելուն: Ավելին, նույնիսկ Մեծ Բրիտանիայում, որի օդուժը առանց այդ էլ ԱՄՆ-ի հետ հարվածներ է հասցնում իսլամիստներին, մշտապես ավելանում է ցամաքային գործողության կողմնակիցների թիվը: Ֆրանսիան սեպտեմբերի 27-ին հաղորդեց, որ իր օդուժը առաջին հարվածն է հասցրել Դեր Զորում իսլամիստների վարժաճամբարին: Ֆրանսիացիների խոսքերով, դա ինքնապաշտպանության քայլ էր, որպեսզի կանխվեն ահաբեկչական հարձակումները Եվրոպայում: Մինչ այդ Ֆրանսիան Սիրիայի տարածքին օդային հարվածներ չէր հասցնումՙ վախենալով, որ ակամա կարող է օգնած լինել Ասադին:
Այն տպավորությունն է ստեղծվում, որ Ասադի տապալմանը ձգտող եվրոպացի սակավաթիվ առաջնորդները հայտնվում են հետզհետե ավելի մեծ մեկուսացման մեջ: ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում Ֆրանսիաի նախագահ Օլանդը միանշանակ կերպով կարծիք հայտնեց, թե գոյություն ունի կապ Ասադի վարչակարգի բռնությունների եւ «Իսլամական պետության» առաջացման միջեւ: Օլանդն արտահայտվեց Ասադի հրաժարականի օգտին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես Ասադի հրաժարականը համարում են Սիրիայի ճգնաժամի հաղթահարման նախապայման: Սեպտեմբերի 29-ին տված հարցազրույցում Կեմերոնը ԱՄՆ-ի պես ընդունելի համարեց Ասադի մասնակցությունը անցումային կառավարությանը, բայց մերժեց նրա հետ ընդդեմ «Իսլամական պետության» համագործակցելու գաղափարը: Իսկ Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին, ըստ երեւույթին, դրական է գնահատում Ռուսաստանի օգնությունը Ասադին: Նա ասաց. «Անհնար է Սիրիայում խաղաղության հասնել առանց Ռուսաստանի մասնակցության»:
Հոկտեմբերի 2-ին Պուտինի փարիզյան այցի ժամանակ, անկասկած, խոսվել է նաեւ Սիրիայի մասին: ՌԴ նախագահը մտադրվել էր Օլանդին հորդորել հրաժարվելու ամերիկամետ դիրքորոշումից: Բայց այժմ դա քիչ հավանական է թվում: Ասադի փրկությանը միտված կոալիցիային միանալը եվրոպացիների համար համարժեք կլիներ Արեւմուտքի պաշտպանությունը վայելող ապստամբների ռմբակոծմանը եւ Եվրոպայում գաղթականների առաջացրած ճգնաժամի խորացմանը:
Մինչ ֆրանսիացիները ռուսներին հանդիմանում են երեսպաշտության մեջ, Վաշինգտոնը, ըստ երեւույթին, մտածում է, որ իրեն պետք չէ առճակատում Մոսկվայի հետ: Ամերիկացիները այդպես էլ չմիջամտեցին Սիրիայի հակամարտությանը, երբ Ասադը հատեց «կարմիր գիծը» եւ քիմիական զենք օգտագործեց: Դրա հետեւանքով ԱՄՆ-ի դաշնակիցները հայտնվեցին անհարմար վիճակում, իսկ ԱՄՆ-ի հեղինակությունը նվազեց, նշում է Foreign Policy-ն: Ամերիկացիները մերժեցին Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու եւ հետո «չափավորական» ապստամբներին տրվող օգնությունը մեծացնելու հորդորները: Ռուսաստանի վերահսկողությանը ենթակա այժմյան իրավիճակում ադ սցենարները շուտով կհայտնվեն պատմության աղբանոցում:
ԵՄ երկրների կառավարությունները, որոնք Սիրիայի պատերազմի հենց սկզբից պաշտպանում էին Վաշինգտոնի ուղեգիծը, իսկ հիմա փորձում են առաջնահերթ խնդիր դարձնել «Իսլամական պետության» դեմ պայքարի ծավալումը, թերեւս ստիպված լինեն հրաժարվել Ասադի պաշտոնաթողության պահանջից եւ ընդունել Պուտինի իրավացիութունը: Գուցե Մոսկվան առավել հուսալի՞ դաշնակից է: Համենայն դեպս, եվրոպացիները ավելի լավ են հասկանում ռուսների գործողությունների շարժառիթները, քան Վաշինգտոնինը:
Ամենավտանգավորը, սակայն, ան է, որ խնդիրը միայն Սիրիան չէ: Այդ երկրում ՌԴ ռազմական գործողությունը անխզելիորեն կապված է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի հետ:
Ասես կախարդական փայտիկի շարժումով, Ուկրաինայի արեւելքում բռնարարքների հրդեհը մարեց հենց այն ժամանակ, երբ ռուսները սկսեցին ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը Սիրիայում: Չնայած Դոնբասում տիրող հարաբերական անդորրին, այնտեղ արյունահեղությունը շարունակվում է, եւ ԵԱՀԿ դիտորդները կարծում են, որ ռուսամետ անջատականներն օրեցօր ուժեղանում են: Եթե Ուկրաինայում իրադրությունը մնա հանդարտ, եվրոպացի քաղաքական գործիչները ստիպված կլինեն շատ ջանք թափել, որպեսզի արդարացնեն հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը:
Պատժամիջոցները թանկ են նստում ԵՄ տնտեսության վրա: Եվրոհանձնաժողովը 2014 եւ 2015 թվականների կորուստը գնահատում է 0,3 տոկոս այն պայմաններում, երբ 2015 թ. եվրոգոտու ՀՆԱ սպասվող աճը 1,5 տոկոս է: Բացի դրանից, առեւտրի սահմանափակումները պառակտում են Եվրոմիությունը: Եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ բացահայտորեն հանդես են գալիս պատժամիջոցների վերացման օգտին: Դա առաջին հերթին գործարար շրջանակների պահանջն է, իսկ Ուկրաինայի հակամարտությունն աստիճանաբար մղվում է հետին պլան:
Պատժամիջոցների վերացումը Ռուսաստանին թույլ կտար վերստին հայտնվել միջազգային կյանքի առաջաբեմում եւ բարելավել իր տնտեսության վիճակը: Ըստ էության, Պուտինը Եվրոպային եւ ԱՄՆ-ին առաջարկում է մոռանալ Ուկրաինայի մասին, փաստորեն սառեցնել հակամարտութունըՙ սիրիական հրդեհի մարման գործում իր օգնության դիմաց: Դա արդեն տեղի է ունենում: Փարիզում Պուտինը այդ երկու հարցը քննարկեց իր եվրոպացի գործընկերների հետ, եւ լուրեր են պտտվում, որ «Մինսկ-2» համաձայնագրի շրջանակներում Մոսկվային եւ դոնբասցիներին ներկայացվող պահանջները էլ ավելի են մեղմացվելու:
ԵՄ-ը 2016-ի հունվարին պետք է երկարաձգի պատժամիջոցները, բայց Հունգարիան, Հունաստանը, Սլովակիան եւ որոշ այլ երկրներ արդեն հայտարարել են դրանց վնասաբերության մասին:
Եվրոպայի ազատական կառավարությունների ապագայի համար առկա է էլ ավելի տագնապալի ազդանշան. Սիրիայում ՌԴ գործողությունները լոկ համարձակություն կտան նրանց, ովքեր Մոսկվային համարում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի այլընտրանք: Վերջին տարիներին ժողովրդականություն վայելող պոպուլիստական, ազգայնական եւ եվրոհոռետեսական կուսակցությունները եռանդագին յուրացնում եւ իրենց կողմնակիցներին են փոխանցում ՌԴ քարոզչությունը:
Պուտինի սիրիական մանյովրը ուժ եւ փաստարկներ է տալիս նրանց, ովքեր 2014 թ. մարտին Ղրիմի միացումից հետո քննադատում էին Ռուսաստանի հետ առճակատումը: Մեծ Բրիտանիայում կուսակցապետ Նայջել Ֆարաջը, Ֆրանսիայում Մարին Լը Պենը արդեն վաղուց կոչ են անում Պուտինի հետ դաշինք կնքել ընդդեմ իսլամական ահաբեկչության: Ինքնության ճգնաժամով համակված Եվրոպայում արձագանք են գտնում Պուտինի այն մտքերը, թե Եվրոպայում ծաղկում են նիհիլիզմն ու անկումայնությունը, որոնք սպառնում են եվրոպացիների ավանդական արժեքներին եւ ինքնիշխանությանը:
Թեեւ Վաշինգտոնը հակված է արտաքին ճգնաժամերի լուծումը թողնել Ռուսաստանին, նման լուծումները չպետք է գտնվեն միակողմանիորեն, միմյանցից կտրված: Իր վերջին քայլերից հետո Վլադիմիր Պուտինը, ըստ երեւույթին, ընկալվում է որպես առավել հուսալի եւ հետեւողական գործընկեր, քան ԱՄՆ-ի ղեկավարները: Սակայն Մերձավոր Արեւելքի գործերին չմիջամտելը կարող է թանկ նստել ԱՄՆ-ի վրա, քանի որ դրա հետեւանքները դուրս կգան տարածաշրջանի սահմաններից եւ կարող են եվրոպական ու անդրատլանտյան միասնության հասցնել այնպիսի վնաս, որը չի հաջողվի հաղթահարել շատ տարիների ընթացքում: