Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը եղել է հայկական տարածք, իսկ 1918-20 թթ., երբ Ադրբեջանն առաջին անգամ իր նկրտումներն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարածքների նկատմամբ, միջազգային բոլոր զեկույցներում այն աներկբայորեն ճնաչվել է որպես հայերով բնակեցված տարածք, և միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ նույնիսկ այդ պայմաններում ունենալով ինքնավար մարզի կարգավիճակ. «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» համաժողովի ամփոփիչ ասուլիսին հայտարարության տեքստը հրապարակելիս ասաց Ավետիք Չալաբյանը։
Արցախի անկախացման հիմքում ընկած խորհրդային օրենքները համապատասխանել են միջազգային իրավունքի նորմերին՝ ընձեռելով ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունք։
«Համախմբում» շարժումը վճռական է՝ բոլոր միջոցներով հետ պահելու Հայաստանի իշխանություններին Արցախի հարցում վարվող հակաօրինական և կործանարար քաղաքականությունից։
«ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք հրաժարվել Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց։ Ակնկալում ենք Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր կազմակերպությունների աջակցությունը։
Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում միասնական ճակատ ձևավորել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման օրակարգի շուրջ»,- նշված է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» համաժողովի հայտարարության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում