Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հազիվ էր ընդամենը հայտարարել իր «մտադրությունների» մասին, հայոց քաղաքական միտքը աննախադեպ զարթոնք ապրեց: Ասես Հայաստանում վաղուց էին սպասում նման մեկիՙ երկրում կուտակված խոր անբավականության ալիքը նրա վրա ուղղորդելու համար: Դե, սեփական ղեկավարներին քննադատելը բնավ էլ անվտանգ զբաղմունք չէՙ կարող ես Ծառուկյանի օրն ընկնել: Իսկ Աբրահամյանին կարելի է անարգել փնովել, դատապարտել, արհամարհել, բա ո՜նց կլինի, բռնապետական Ռուսաստանից ուզում է գալ հայրենիք ու կարգուկանոն հաստատել: Ստացվում է, որ սփյուռքից կարելի է միայն օգնություն մուրալ, սակայն բավական է, որ սփյուռքահայը քաղաքական ակտիվություն դրսեւորի Հայաստանում ու անմիջապես նրա երեսին կշպրտեն «օտարական» հորջորջումը (տվյալ դեպքումՙ եթե նույնիսկ նա Մալիշկայից է):
Մի կողմ դնենք Արա Աբրահամյանին ներկայացվող «մասնագիտական» մեղադրանքները: Ամենազավեշտականն այն է, որ, պարզվում է, ռուսաստանաբնակ հասարակական ճանաչված գործիչն ու բիզնեսմենը… վատ է խոսում հայերեն: Մեղա՜ քեզ, տե՛ր Աստված: Իրականությունից կտրված պերճախոս գրավոր տեքստերի ընթերցումները լեզվագիտության պայծառ նմուշնե՞ր են: Եզակի դե՞պք է, որ ոմն ղեկավար բանավոր նախադասություն է փորձում արտասանել ու կասկածում ես, թե դա կարող է տրամաբանական վախճան ունենալ: Ո՞ւմ են պաշտում ամենահաս լրագրողները, երբ հայտնի պետական այրը բերանը բացելուն պես դառնում է անեկդոտի գործող անձ, սրամտությունների անսպառ աղբյուր: Ինչի՜ մասին ենք խոսում, եղբայրներ:
Ասացեք խնդրեմ, սիրելի հայաստանցիներ, ո՞ր սփյուռքահայ մեծահարուստի, քաղաքական-հասարակական գործչի մեղքով է Հայաստանը հայտնվել ներկա աղետալի իրավիճակում: Վերջերս մի պատգամավոր հեռուստատեսությամբ դժգոհում էր, թե դրսի անվանի հայերը տեղացի քաղաքագետներին մեղադրում են գավառամտության մեջ: Բայց ինչպես չմեղադրեն, երբ տեսնում են իրենց նախնյաց երկրի տնտեսական-քաղաքական-բարոյական «անփառունակ» վիճակը (մոռացե՞լ եք ոչ վաղ անցյալի այդ մոդայիկ բնութագրումը): Միգուցե փորձեք «տեսած» սփյուռքահայերի միջոցով շտկել տխուր իրավիճակը: Համոզված եղեք, ավելի վատ չի լինի:
Ինչի՞ ցուցանիշ է արտագաղթը: Ինտելեկտուալ բարձրորակ կառավարմա՞ն, պետական լայնածավալ մտածողության շռայլ դրսեւորմա՞ն: Նորերս երբ Երեւանից մեկնում էի Մոսկվա, ինքնաթիռում պատահաբար հանդիպեցի վաղեմի ծանոթիս տղային: Մանկամիտ էր ի ծնե, հայրը մի կերպ մի տեղ պահակ էր դասավորել: Հարցնում եմՙ ո՞ւր ես գնում: Հայաստանն ապրելու տեղ չէ, ասում է նա, որոշել եմ տեղափոխվել Ռուսաստան, ինչո՞վ կարող ես օգնել ինձ:
Մտածում եսՙ արդեն տհասներն էլ են արտագաղթում:
Ումի՞ց են փախչում: Սփյուռքահայերի՞ց, թե՞ նրանց մոտ:
Մոսկվա