ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆ
Նոյեմբերի 1-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, ՌԱԿ 23-րդ պատգամավորական ժողովի շրջանակներում Ռամկավար ազատական կուսակցության Լոռու մարզային շրջանակի գրասենյակի դիմացՙ Տիգրան Մեծի 44 գ հասցեում, տեղի ունեցավ հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությունը, իսկ գրասենյակի դահլիճումՙ վանաձորցի երջանկահիշատակ գեղանկարիչ Սամվել Ղարիբյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:Միջոցառմանը մասնակցում էին Ռամկավար Ազատական կուսակցության նախորդ օրը կայացած համագումարի ավելի քան երեք տասնյակ հյուրեր ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Իրաքից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լիբանանից եւ արտասահմանյան այլ երկրներից, ինչպես նաեւ երեւանցի եւ վանաձորցի ռամկավարներ, գրողներ, մտավորականներ, նկարիչներ, բազմաթիվ արվեստասերներ:
Արարողությունը վարում էր դերասան, ասմունքող, «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշար-հաղորդաշարի հեղինակ Իվան Անտոնյանը:
Օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Նա մասնավորապես կարեւորեց հիշատակման արարողությունըՙ բարձր գնահատելով հուշակոթողի հեղինակ, Ռամկավար Ազատական կուսակցության Լոռու մարզային շրջանակի ատենապետ Սեյրան Ղարիբյանի կատարած աշխատանքը եւ նրա եղբորՙ Սամվել Ղարիբյանի մեծ վաստակը Լոռու գեղանկարչության ավանդույթների զարգացման եւ պահպանման գործում:
Հուշակոթողի բացման պատիվը տրվեց Սեյրան Ղարիբյանին եւ Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանին:
Այնուհետեւ Իվան Անտոնյանը ներկայացրեց հուշակոթողի պատմությունըՙ ըստ հեղինակ Սեյրան Ղարիբյանի:
«Խորհրդանիշերն ամբողջությամբ հեղինակի մտորումների արդյունքն ենՙ օգտագործված սեւ մետաղով: Այս հուշակոթողը խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթական ճակատամարտերը, մաքառումները, մերօրյա արցախյան պատերազմի հաղթանակներն ու հզոր հայոց բանակը: Մեր վաղվա գերհզոր ու պայծառ ապագան է վահանը: Սուրը խորհրդանշում է համայն հայության միասնական ուժը, որի վրա դաջված է տասը միլիոն հայերի համարանիշը. խորհուրդՙ որը տեղավորվում է մեկ գաղափարի մեջ. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Վահանը որպես պաշտպանվածության նշան է հանդես գալիս, որ մենքՙ հայերս, մշտապես պաշտպանված ենք թշնամուց: Վահանի կենտրոնում նռան ճյուղն էՙ հավերժության պտուղով, իսկ կոտրած ճյուղը խորհրդանշում է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Վահանի վերին մասում մեր հավատի հույսն էՙ մեր սուրբ խաչը, որն, ինչ խոսք, խորհրդանշում է մեր քրիստոնյա լինելը եւ հայի լինելիությունը: Հարթակի վրա առկա է ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը, որին փորագրված է մեր պահանջատիրական կարգախոսը համայն աշխարհին. «Հիշում եմ եւ պահանջում»: Այն կարծես մի երկրագունդ լինիՙ շրջապատված 12 գնդիկներով, ժամանակը ծովն է, գիտության նավըՙ ժամանակի մեջ:
Այս կոթողը նվիրական հավերժ հուշ է համայն հայության համար, որն անվանակոչված է «Մտորում»,- նշված էր Սեյրան Ղարիբյանի ուղերձում: Հուշակոթողի հեղինակ Սեյրան Ղարիբյանին իր շնորհակալական խոսքն ասաց Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանըՙ խոսելով նաեւ Սամվել Ղարիբյանի բարձրարվեստ գեղանկարների մասին:
Խոսք ասաց Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: «Այս հուշակոթողը հերթական անգամ գալիս է մեզ վկայելու, որ պիտի հիշենք մեր անմեղ զոհերին, լինենք պահանջատեր եւ դրսեւորելով ազգային համառություն, կամքՙ միշտ պիտի առաջ գնանք: Այս բազմաբովանդակ հուշարձանը միտումնավոր ցածր է նախատեսված, որպեսզի բոլոր անցորդները նայելիս խոնարհվեն մեր անմեղ զոհերի հիշատակի առջեւ»,- ասաց Հ. Ավետիքյանը:
Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արեւելյան շրջանակի ատենապետ, անվանի հրապարակախոս Երվանդ Ազատյանը կարեւորեց հուշարձանի բովանդակությունը, խորհրդանիշերի գաղափարը, քանզի սուրը, բազուկն են միայն կերտում ազատ ու անկախ Հայաստան:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ Սամվել Խալաթյանը խոսեց Սամվել Ղարիբյանի մարդկային բարձր հատկանիշների եւ նրա ստեղծագործությունների առանձնահատուկ նշանակության մասին: Նա ողջունեց Սեյրան Ղարիբյանին եւ Ռամկավար ազատական կուսակցությանըՙ նման հայրենանվեր նախաձեռնության համար:
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը ողջունեց Սեյրան Ղարիբյանի ձեռքերով կերտված հուշակոթողի բացումըՙ խոսելով նաեւ նրա եղբորՙ Սամվել Ղարիբյանի հետ ունեցած ջերմ բարեկամական հարաբերությունների մասին:«Արվեստագետը չի կարող հակասել ինքն իրեն եւ իր գործին: Նա չի կարող լինել չար եւ խոսել, գրել, նկարել բարության մասին: Միայն ինքն իր եւ հասարակության հետ անկեղծ ու արդարամիտ մտավորականը կարող է ճշմարիտ եւ իմաստալից ստեղծագործություններ արարել: Այդ ճշմարիտ արվեստագետներից էր Սամվել Ղարիբյանը», – ասաց Մ. Միկոյանը: Նա նաեւ ողջունեց նախորդ օրը կայացած ՌԱԿ-ի 23-րդ համագումարըՙ համոզմունք հայտնելով, որ կուսակցության բոլոր ձեռնարկումները կնպաստեն հայ ժողովրդի միասնականությանը:
Նորաբաց հուշակոթողի մասին իր մասնագիտական կարծիքն ասաց Հայաստանի նկարիչների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, գեղանկարիչ Փափագ Ալոյանը : «Այն նվիրումն իր քաղաքին, իր մասնագիտությանը, որ ունեցել է Սամվել Ղարիբյանը, ամբողջանում է լավ ընկերոջ անհատականության մեջ»,- ասաց Փ. Ալոյանը:
Ի. Անտոնյանը կարդաց Ս. Ղարիբյանի կենսագրությունը:
Այնուհետեւ ներկաները դիտեցին ՌԱԿ Լոռու մարզային շրջանակի գրասենյակում բացվածՙ Սամվել Ղարիբյանի գեղանկարները: Ցուցահանդեսին ներկայացված էին 33 գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքներ:
Ցուցահանդեսում Ս. Ղարիբյանի նկարների եւ ստեղծագործական բուռն կյանքի մասին խոսք ասաց Հայ նկարիչների կենտրոնի նախագահ, գեղանկարիչ Խաչիկ Աբրահամյանը: Նա խոսեց Ս. Ղարիբյանի արտասահմանյան եւ հայաստանյան բազմաթիվ ցուցահանդեսների եւ դրանց արձագանքների մասին:Սեյրան Ղարիբյանն իր եղբոր «Հաղարծին» յուղաներկ կտավը նվիրեց Սեպուհ արք. Չուլջյանին:
Հանդիսությունն ավարտվեց ջերմ ընկերական երկխոսության պայմաններում:
Վանաձոր