Իտալագիր եւ անգլիագիր արձակագիր, կինոբեմադրիչ եւ արտադրիչ Վազգեն Բերբերյանը ծնվել է Աթենքում, ավելի քան 35 տարի ապրել է Իտալիայում: 1977-1982 թվականներին ճարտարագիտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, կյանքի մեծ մասն աշխատել է գովազդի բնագավառում: Հեղինակ է պատմվածքների, սցենարների եւ վեպերի: 2014 թվականին լույս է տեսել Սոնյա Ռաուլեի հետ համահեղինակած նրա անգլերեն վեպը՝ Սպիտակի երկրաշարժից փրկված եւ Իտալիայում ապաստանած հայ կնոջ մասին: Բերբերյանի «Անտարբեր երկնքի տակ» իտալերեն վեպը (2013) արժանացել է երեք խոշոր գրական մրցանակների, այդ թվում՝ պատմավեպերի համար տրվող ամենահեղինակավոր «Ակվի Ստորիա» գրական մրցանակին, թարգմանվել հունարեն, անգլերեն եւ ռուսերեն: Ինչպես ասվում է գրքի ծանուցման մեջ, այն «գայթակղիչ վեպ է, որը ձգվում է մինչեւ Հայոց ցեղասպանության պատմությունը եւ դրանից անդին՝ Միջերկրական ծովի ափերից մինչեւ Սիբիրի սառած ափերը, Վենետիկի դոժերի պալատից մինչեւ խորհրդային դաժան համակենտրոնացման ճամբարները, հետեւելով երկվորյակ եղբայրներ Միքայելի ու Գաբրիելի եւ նրանց կրտսեր քույր Ռոզի կյանքին: Դիպաշարն ընթանում է տարածության եւ ժամանակի մեջ՝ անցյալ դարի մարդկության հիմքերը ցնցած շատ կարեւոր պատմական իրադարձությունների հետախորքին: Այն ազդեցիկ է, լի անակնկալ եւ անսպասելի պատմողական շրջադարձերով»:
«Վազգեն Բերբերյանն, անկասկած, ներկայիս Իտալիայի ամենահզոր եւ ճշմարիտ գրական ձայներից է: Նա ցույց է տալիս, որ ինքը պատմության խորը իմաստի մեկնաբան է: Իր գրական «զտմամբ» նա կարողանում է վերամշակել մի ընտանիքի ցավալի ճակատագիրը մի ոճով, որը վերակենդանացնում է հին հունական ողբերգության կանոնները: Այդ իսկ պատճառով, մեր ժյուրին որոշել է նրան շնորհել 2014 թվականի լավագույն պատմական վեպի մրցանակը՝ ի գնահատումն նրա գրքի բարոյական ու վիպական արժեքի եւ արտահայտիչ, բարդ ու ոգեշնչող պատմություններ պատկերելու նրա կարողության» («Ակվի Ստորիա» մրցանակի ժյուրիի պաշտոնական մամլո հաղորդագրությունից):
–Վազգե՛ն, ես քո մասին նախ իմացել եմ որպես 1997 թվականին ստեղծված իտալական կարճամետրաժ «Ամեն» շարժանկարի բեմադրիչ: Որքան հասկացա՝ գովազդային ֆիլմեր ես նկարահանել, իսկ ինչի՞ մասին է «Ամենը»:
-«Ամենը» հարգանքի տուրք է հետմոդեռնիզմին՝ ոգեշնչված Բրեթ Իսթոն Էլիսի գրքերից, որոնք ինձ գրավել էին այն ժամանակ: Ֆիլմը ռոք աստղի եւ նրա վիթխարի էգոյի մասին է, որն աստիճանաբար հաշտվում է իր թերությունների հետ:
–Լինելով հունահայ՝ քո գրական լեզուն պիտի որ հունարենը լիներ, բայց դու մեծ մասամբ իտալերեն ես գրում: Այդ ինչպե՞ս:
-Ես բառացիորեն մեծացել եմ Իտալիայում, առնվազն՝ մտավոր առումով: Իտալերեն գրելը բնական հետեւանք էր: Եթե մայրենի լեզուն կարեւոր է, ապա ավելի կարեւոր է այն լեզուն, որով մարդ հասունացել է:
–Հիմա նորից ապրելով ծննդավայրում՝ շարունակում ես իտալերե՞ն գրել:
-Կարծում եմ, որ ես կատարյալ եմ տիրապետում իտալերենին, մի լեզվի, որը խորապես զգում եմ այսքան տարիներ հետո էլ: Եթե երբեւէ գրեի մեկ այլ լեզվով, դա կլիներ ոչ թե հունարենը, այլ անգլերենը, որով արդեն ստեղծագործել եմ:
–Քո «Անտարբեր երկնքի տակ» վեպը կարդացել եմ ռուսերեն թարգմանությամբ: Որոշ գործողություններ տեղի են ունենում Վենետիկի հայկական վարժարանում: Ինչպե՞ս է այդ քաղաքն ազդել քեզ վրա՝ որպես գրողի:
-Շատերն «Անտարբեր երկնքի տակ»-ը կարդալուց հետո սխալմամբ մտածել են, թե ես ավարտել եմ Վենետիկի Մխիթարյան վարժարանը: Այնուամենայնիվ, խոստովանում եմ, որ ես ապշած էի հայկական քոլեջի գեղեցկությամբ եւ պատմությամբ, էլ չասած՝ Վենետիկով, երբ առաջին անգամ ոտք դրեցի այնտեղ: Գրողը պիտի սիրահարվի այն վայրերին, որոնք նկարագրում է իր գործերում:
–Յուրաքանչյուր սփյուռքահայի անձնական պատմությունը կարող է նյութ դառնալ գրքերի եւ ֆիլմերի համար: Կարծում եմ՝ քո նախնիները բացառություն չեն:
-Իմ տատիկն ու պապիկը գաղթականներ էին Անատոլիայից, փրկվել են Ցեղասպանության վայրագություններից: Հորս հայրը՝ Համբարձումը, երբեք չապաքինվեց իր ցնցումներից: Նա անընդհատ պատմում էր, թե որքան գեղեցիկ էր Ադանան՝ իր հայրենի քաղաքը: Իմ վեպերում միշտ առկա են ինքնակենսագրական տարրեր՝ խելամտորեն հյուսված հորինովի մասերին: Ես չեմ սիրում գրել իմ ընտանիքի մասին, վախենում եմ, որ դա չափազանց եսակենտրոն եւ անձնական կլինի:
–Հունահայերը, գրեթե ամբողջությամբ ինտեգրված լինելով հունական հասարակությանը, սովորաբար պահպանում են հայոց լեզուն եւ ավանդույթները: Ինչպե՞ս ես պատկերացնում նրանց ապագան:
-Ավելորդ է ասել, որ ոչ մի մշակույթ չի կարող իսկապես գոյատեւել, եթե իր երկրի սահմաններում չի գտնվում: Ես չեմ ուզում հոռետես թվալ, բայց որքան էլ մենք ջանք գործադրենք՝ անպայման կկորցնենք մեր ինքնության մի մասը:
–Պատկերացում ունե՞ս հայ գրականության եւ կինոյի մասին:
-Հայ գրականության մասին իմ պատկերացումները սահմանափակված են այն ամենով, ինչ ինձ սովորեցրել են Աթենքի տարրական Զավարյան վարժարանում, ինչը վաղուց էր: Մեզ շատ բան են սովորեցրել Պետրոս Դուրյանի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի մասին: Ցեղասպանության ոգեկոչման միջոցառմանը ես նույնիսկ արտասանել եմ Սիլվա Կապուտիկյանի «Քո մայր լեզուն չմոռանա՛ս» բանաստեղծությունը: Ինչ վերաբերում է ֆիլմերին, ես ընդամենը մի քանիսն եմ տեսել, հիմնականում՝ միջազգային փառատոներում:
–Իսկ ի՞նչ հիշողություններ ունես Հայաստան կատարածդ այցերից:
-Ես երեք անգամ եմ եղել Հայաստանում, եւ դա, խոստովանում եմ, սեր էր առաջին հայացքից: Ամեն ինչ այնքա՜ն ծանոթ էր թվում: Հայաստան կատարած իմ այցելությունների ընթացքում ամենաշատը փայփայել եմ հայկական լեգենդար հյուրասիրությունը: Հստակ հիշում եմ, որ Սպիտակի ծայրամասում մենք կանգ առանք մի փոքրիկ տան մոտ՝ ինչ-որ բան հարցնելու, եւ տանտերերը հրավիրեցին մեզ միանալու իրենց ճաշկերույթին: Պարզապես ապշեցուցիչ էր…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ