Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:
ԱՀ ՄԻՊ-ի գրառումը՝ ստորև.
«Ողջունելի է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:
Հպարտ եմ, որ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և զեկույցները հիմք են դարձել ՀՀ կառավարության այդ հայցի և այս որոշման համար:
Ողջունելի ու շատ կարևոր է նաև, որ դատարանն ամբողջությամբ ու միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ՝ ականների կեղծ թեմայով:
Տարօրինակ ու ցավալի է սակայն, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ՝ ապացուցված չհամարելով, որ խափանումները տեղի են ունենում Ադրբեջանի կողմից: Այնինչ մենք չենք կարող համապարփակ ապացույցներ ներկայացնել դրա վերաբերյալ, քանի որ ընդհանրապես մուտք չունենք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այդ թվում՝ մեր կենսական ենթակառուցվածքների վնասման վայրեր:
Ամեն դեպքում շատ կարևոր եմ համարում առաջին երկու որոշումները և կուզեի շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի թիմին՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, իրավաբանական թիմին և բոլոր անձանց, ովքեր ներդրում ունեն այս նշանակալի հաջողության մեջ:
Պայքարը շարունակվում է, և մենք պետք է կարողանանք միջազգային հանրությանը պատշաճորեն ու հետևողականորեն ներկայացնել ադրբեջանական հանցագործությունները Արցախի ժողովրդի դեմ»: