Տեւական ընդմիջումից հետո ընդարմացումից դուրս ենք գալիս կամաց-կամաց: Վերսկսում մեր աշխատանքը ափսոսալով անգործության 2,5 շաբաթվա համար, որ պարտադրված «վայելեցինք» բոլորս: (Ի դեպ, այս տեսանկյունից էլ մեր երկիրը օրիգինալ է. աշխարհի մնացած մասում լրատվամիջոցները եւ հատկապես տպագիր մամուլը ավելի բուռն են աշխատում, լույս են տեսնում կրկնակի ու քառակի ծավալներովՙ գովազդային գումարներ վաստակելու իսկական պահն է Ամանորը: Եվ այս երեւույթը յուրօրինակ ցուցիչն է մեր երկրի տնտեսական վիճակի, գովազդային շուկայի իրական կացության): Մի պահ մտորում ենք սկսվող տարվա գործերի ու գործունեության մասին, որոնք սովորականից տարբերվելու են անկասկած, գուցե շատ ավելի փորձանավոր, քանզի աշխարհում եւ մեր տարածաշրջանում նախորդ տարի թափ առած գործընթացներն ու զարգացումները դժբախտաբար չեն ընդմիջվում որեւէ Ամանորով: Դրանք շարունակվում են եւ խոստանում նորանոր մարտահրավերներ նաեւ մեզ համար:
Օրինակ, ի տարբերություն մեր ոխերիմ հարեւան Ադրբեջանի ներկայիս տնտեսաֆինանսական վատթար կացությամբ հրճվողների, ես մտահոգ եմ ալիեւյան կլանի ռազմական արկածախնդրության դիմելու հավանականությամբ: Պատմական փորձառությունը ցույց է տալիս, որ նեղ իրավիճակում հայտնված բռնատերերն են դիմում արկածախնդիր քայլերիՙ իրադրությունը հօգուտ իրենց փոխելու հույսով: Վերջապես չմոռանանք մեր Պատմահոր նշանավոր խոսքերից մեկըՙ «Օրհասի մեջ գտնվող արջերն են առավել վտանգավոր»: Ու թեեւ Ալիեւը մեզ համար արջ չէ, սակայն ռազմական որեւէ գործողություն, լայնածավալ թե սահմանափակ, մեզ ամենեւին էլ պետք չէ:
Հաշվարկել է պետք նաեւ տարածաշրջանային զարգացումները, որոնք խոստանում են շատ ավելի ցնցիչ լինել նոր սկսված տարումՙ հեղակարծ փոփոխությունների սպառնալիքով: Փոթորկոտ ծովում թիավարելու խնդիր ունենք, եւ խոչուխութերը բարեհաջող հաղթահարելու պատասխանատվությունը բոլորինս է:
Այսուհանդերձ, մռայլ կանխատեսումների ու մտավախությունների հորձանքից դուրս գալ է պետք Նոր տարին սկսող այս սյունակում: Եվ լավատեսություն ներշնչող առիթներ ունենք բարեբախտաբար: Ու դրանց մեջ ամենակարեւորը մեր Անկախ պետականության 25-ամյակն է: Դա այն քառորդ դարն է, որը խլել ենք մեր բազմադարյա պատմության ամենադժխեմ վերջին 600 տարիների անէացնող, խժռող երախից: Դա այն ժամանակաշրջանն է, որը դեռեւս կարիք ունի իմաստավորման, ամրապնդման, հզորացման, հավերժացման: Իսկ հզորացումն ու հավերժացումը լինում է միայն եւ միայն համառ աշխատանքով, տքնությամբ: Բոլո՛ր բնագավառներում, բոլո՛ր մարզերում, բոլո՛ր մակարդակներում եւ բոլորի՛ս կողմից:
Թող բարին լինի: