«Հիշողությունները մեր հասարակական կյանքի անբաժանելի մասն են կազմում եւ կրնկակոխ հետապնդում են մեզ ամենուրեք», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Քլիվելենդի (ԱՄՆ) պետական համալսարանի նախկին դասախոս եւ վարչական անդամ Պաուլա Բլոկը, գրախոսելով «Ուեսթ ըվ Ուեսթ Բուքս» հրատարակչատան լույս ընծայած Դանիել Մելնիքի «The Ash Tree» (Հացենին) վեպը, որն իր բնութագրմամբ պատմական իրադարձությունների եւ գեղարվեստական արձակի նրբագույն համամասնությամբ հյուսված մի պատմություն է Արարատ ազգանունը կրող մի ընտանիքի, որտեղ Արմեն (ծնված Թուրքիայում) եւ Արտեմիս Հարության (ծնված Կոնեկտիկուտում, ԱՄՆ) զույգը տարբեր խառնվածքների եւ հայացքների տեր մարդիկ են: Իրադարձությունները ծավալվում են 1915-1972 թվականներին: Արմենը Թուրքիայում մտավորականության սպանդին ականատես լինելուց մի քանի տարի անց հայտնվում է Մ. Նահանգներում եւ ընդունվում Բարքլի համալսարանը: Հետագայում դառնում է ճանաչված պոետ, ով չի կարողանում ձերբազատվել անցյալի հիշողություններից: Նոր աշխարհում ծնված Արտեմիսը, ով չէր ցանկանում տառապել անցյալի մղձավանջներով, ճակատագրի բերումով սիրահարվում է Արմենին եւ ընտանիք կազմում: Այստեղ է, որ անցյալն ու ներկան, հին ու նոր աշխարհները բախվում են միմյանց: Հարաբերությունները բարդանում են, երբ իրենց երեք զավակներըՙ Տիգրանը, Կարոն եւ Ջուլիետը մեծանում են, եւ Ջուլիետը ամուսնանում է հրեա Սեմի Ուայզբերգի հետ: Ջուլիետն ու Սեմին մարմնավորում են, ըստ գրախոսի, հեղինակին եւ կնոջըՙ Ժանետ Արաքս Մելնիքին, որի գեղանկարը դրոշմված է գրքի շապիկին: Բայց վեպը մի ընտանիքի կյանքը ներկայացնելուց անցնում է առավել լայն, սփյուռքյան կյանքի վերլուծությանը, որն էլ առավել արժեւորում է ստեղծագործությունը: Դանիել Մելնիքը միաժամանակ պատվում է ե՛ւ այն հայերին, ովքեր կորուստներ են տվել պատմական հայրենիքում եւ դարձել տարագիրներ, ե՛ւ բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր ցավը եւ փորձում ինչ-որ ձեւով ամոքել այն: