Զրուցեց Արամ Արքունը, «Armenian Mirror-Spectator», Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Վարազդատ Ավոյանն անդամակցեց ՌԱԿ-ին 1991-ին եւ շատ շուտով դարձավ ամենաաչքի ընկնող առաջնորդներց մեկը Հայաստանի խորհրդարանում: Շիրակի մարզում ծնված հայորդին անձնական մեծ կորուստ կրեց 1988-ի երկրաշարժի ժամանակ, բայց հետագայում իր կյանքը նվիրեց իր ծննդավայրի վերակառուցման աշխատանքներին:
Ավոյանը ծնվել է Մեծ Սարիար գյուղում 1947-ին: Ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը 1969-ին, մասնագիտանալով ուսուցչության եւ հոգեբանության ոլորտներում: 1970-ից սկսած աշխատել է որպես լրագրող, Մանկավարժական ինստիտուտի կոմերիտմիության քարտուղար, Կոմունիստական կուսակցության քաղաքային խորհրդի անդամ եւ Գյումրիի քաղաքային խորհրդի մշակույթի բաժնի տնօրեն: Քաղաքական ասպարեզում առաջ գնալով 1985-90 թթ. նա դարձավ Հայաստանի կոմկուսի «Մոսկովյան» շրջանային կոմիտեի նախ երկրորդ, հետո առաջին քարտուղարը:
1988-ին, դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի ժամանակ նա կորցրեց իր կողակցին, որից հետո առանձին մեծացրեց իր միակ դստերը:
Վերջերս Վաշինգտոն կատարած իր այցելության ժամանակ նա ասաց, որ «1980-ականների դեպքերը եւ հատկապես ղարաբաղյան շարժումը նոր լիցք հաղորդեցին մեր ազգային գաղափարախոսությանը: Միաժամանակ նախկին վարչակարգի գլխավոր դեմքերը բոլորի հետ կիսեցին այն մտահոգությունը, որ Խորհրդային Միության փլուզման ընթացքում Հայաստանը չմնա փլատակների տակ: Այդ ժամանակ չափազանց զգուշավոր եւ շրջահայաց քաղաքականություն էր անհրաժեշտ վարել Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար եւ պետք է ասել, որ ընդհանուր առմամբ դա մեզ հաջողվեց»:
1990-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ, որը դառնալու էր անկախ Հայաստանի առաջին խորհրդարանը, գործընկերները առաջադրեցին Ավոյանի թեկնածությունը եւ նա պատգամավոր ընտրվեց Գյումրիի «Վերածնունդ» 91-րդ ընտրատարածքից: Նա առաջին պատգամավորներից էր, որ անդամակցեց ՌԱԿ-ին հենց որ կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց երկրում որպես քաղաքական միավոր:
Հենց հնարավոր եղավ ազատորեն քաղաքականություն քննարկել Հայաստանի Ազգային ժողովում, սկսեցին կազմվել ֆրակցիաները եւ Հայաստանի Գրողների միության նախկին նախագահ Վարդգես Պետրոսյանն ու Վարազդատ Ավոյանը երդվեցին անդամակցել ՌԱԿ-ին: ՌԱԿ ֆրակցիան շուտով խորհրդարանում ունեցավ 10 ներկայացուցիչ, եւ այնուհետ այդ թիվը հասավ 18-ի: «Մոտ մեկ տարվա ընթացքում ՌԱԿ-ը դարձավ առաջին խորհրդարանի երկրորդ ամենակարեւոր քաղաքական ուժը, ակտիվ գործունեություն ծավալելով տնտեսական, քաղաքական եւ սոցիալական բնագավառներում: Դա ՌԱԿ-ի հաջողությունների շրջանն էր: Իր 130 տարվա փորձառությամբ, ՌԱԿ-ի գաղափարախոսությունն այն է, որ Հայաստանը պետք է լինի ազատ ու անկախ պետություն, ազատ շուկայով, ազատ տնտեսությամբ եւ մարդկանց անհատական իրավունքներով», հայտնեց Ավոյանը:
Հայաստանի անկախացման տարիներին Ավոյանը ընտրվեց հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, իսկւ 1992-ինՙ խորհրդարանի քարտուղար եւ այդ բարձր պաշտոնում մնաց մինչեւ 1995 թվականը, երբ ավարտվեց առաջին խորհրդարանական գումարումը: «Այդ ընթացքում մենք պետք է հասարակությունը կառավարելու օրենքներ մշակեինք: ՌԱԿ-ն իր առաջարկներով լուրջ ներդրում ունեցավ քննարկումների եւ հատկապես տնտեսության եւ մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ որոշակի օրենքների ընդունման ժամանակ: Մենք, ՌԱԿ-ի անդամներս, մշակեցինք որոշ օրենքների բանաձեւերը: Որպես կուսակցություն մենք կապեր էինք հաստատել ազատական գաղափարախոսության ջատագով աշխարհի տարբեր մասերում գործող քաղաքական կուսակցությունների հետ եւ մասնակցում էինք խորհրդարանական զարգացմանը նվիրված ամենատաբրեր ժողովների», հիշեց Ավոյանը, ով պատգամավոր վերընտրվել էր արդեն Ազգային ժողով վերանվանված խորհրդարանի երկրորդ գումարմանը, որը տեւեց մինչեւ 1999 թվականը: Այս երկրորդ շրջանում, Ավոյանը միակ ՌԱԿ ներկայացուցիչն էր խորհրդարանում: Պատճա՞ռն, իր խոսքերով, «դժբախտաբար, ներքին երկպառակության եւ արտաքին միջամտության հետեւանքով կուսակցության մասնատումն էր, որը նաեւ հեղինակազրկեց նրան»: Ավոյանը, սակայն, մնաց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբում մինչեւ 1998 թիվը, երբ անցավ Երեւանի ջրամատակարարման համակարգի ծրագրերը ղեկավարելու աշխատանքին, որը տեւեց մինչեւ 2012 թվականը: Այդ ընթացքում նա Համաշխարհային բանկի ֆինանսավորած մունիցիպալ զարգացման ծրագրի ղեկավարը դարձավ:
Նա շարունակեց մնալ ՌԱԿ-ի անդամ եւ ներկայիս ՀՏՀ-ի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության ամենաակտիվ անդամներից է: Կուսակցությունը վերակազմավորելու եւ վերակենդանացնելու ջանքերը հանգեցրին դրան, որ հինգ տարի առաջ գումարված համագումարի ընթացքում միավորվեցին Արմենական եւ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունները: 2015 թվի հոկտեմբերին տեղի ունեցավ ՌԱԿ-ի 23-րդ ներկայացուցչական ժողովը (2-րդը վերակազմավորումից հետո), որի ընթացքում հստակեցվեցին կուսակցության ապագա նպատակներն ու ծրագրերը: Ժողովի, որին մասնակցում էին նաեւ սփյուռքի ՌԱԿ ներկայացուցիչները, նախագահ ընտրվեց Ավոյանը:
Կուսակցությունը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել կառավարական մարմինների տեղական ընտրություններին նպատակ ունենալով որոշակի պաշտոններ զբաղեցնել 2017-ի խորհդարանական ընտրությունների արդյունքում: «Մեր հաջողությունը մեծապես կախված է մի շարք գործոններից, որոնք անհրաժեշտ են կուսակցությունը Հայաստանում ամրապնդելու համար», ասում է Ավոյանը: Կուսակցությունը պետք է միասնաբար գործի եւ միջոցառումներ կազմակերպի: Նա կոչ արեց կուսակցության բոլոր մարմիններին, հայրենիքում թե սփյուռքում, միավորվել, ավելացնել անդամների քանակը եւ կենտրոնանալ Հայաստանի վրա: «Հավատացած եմ, որ նոր մարտահրավերների առաջ ենք կանգնած եւ այն կուսակցությունը, որ ճիշտ ուղիով կկարողանա քարոզչություն առաջ տանել, նա էլ հաջողության կհասնի», նշեց նա, շեշտելով, որ ՌԱԿ-ը պետության եւ հայրենիքի կողքին է միշտ, բայց ոչ անպայմանորեն իշխող ուժի կողքին: Այդ պատճառով էլ, ընդհանուր առմամբ հավանություն է տալիս պետության արտաքին քաղաքականությանը, պաշտպանում է այն հայրենիքում եւ սփյուռքում, չնայած երբեմն կարող է նաեւ հնչեցնել որոշ մտահոգություններ: Երբ սահմանադրական փոփոխություններն էին առաջ քաշվում, կուսակցությունն, օրինակ, ըստ Ավոյանի, մտահոգված էր մասնավորապես երկրի անվտանգության հարցերի վերաբերյալ կետերով, որոնցից մեկը պատերազմական իրավիճակում ընդհանուր հրամանատարի պաշտոնակատարի խնդիրն էր: Արդյունքում փոփոխություններ մտցվեցին վերջնական փաստաթղթում: Ավոյանը մաս էր կազմում ՌԱԿ պատվիրակությանը, որն անցյալ տարվա սեպտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, «իրականում չենք կարող ասել, թե Հայաստանում տնտեսական հարաբերությունները ազատ են», հավաստեց Ավոյանը, ավելացնելով. «Մոնոպոլիան խեղդում է փոքր բիզնեսին: Անձնական շահը գերակշռում է տնտեսության հավասար բաշխմանը: Օրենքի պաշտպանությունը, հասարակության միջին խավի ձեւավորումը եւ փոքր բիզնեսների կայացումը երկրում պետք է իրականացվեն առանց արգելքների»: Իր կարծիքով ՌԱԿ-ը միշտ պետք է բարձրաձայնի իր մտահոգությունները: «Սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է, որն առաջ պետք է տանենք որպես քաղաքական ուժ, նույնիսկ մեկուսացվելու սպառնալիքի առաջ կանգնելով: Եթե այլ քաղաքական կուսակցություններին ղեկավարում են անհատները, ապա ՌԱԿ-ին ղեկավարում են մտավորականները, որոնք հեղինակություն են վայելում», նշեց նա:
Կուսակցության գաղափարախոսությունը չափազանց կարեւոր է, քանի որ առանց գաղափարախոսության կուսակցությունները գերակշռում են Հայաստանում: «Ազատական մտածողությունը հեշտորեն ընդունելի չէր նորանկախ Հայաստանում: Նախկին սոցիալական վարչակազմի հոգեբանական ազդեցությունը շատ մեծ էր եւ դժվարություններ էր հարուցում շուկայի ազատականացման խնդրում: Բոլոր կուսակցությունները սոցիալական խնդիրները լուծելիս դիմում էին սոցիալիստական մեթոդներին: ՌԱԿ-ը անհողդողդ մնաց իր սկզբունքներին», հայտարարեց Ավոյանը:
Քսանհինգ տարիներ անց նոր սերունդ է աճել Հայաստանում եւ ճիշտ ժամանակն է քարոզել ազատական գաղափարները: Դրա համար ՌԱԿ-ը պետք է ընդլայնի իր քարոզչությունը հեռուստատեսության, համացանցի եւ տպագիր մամուլի միջոցով: Ավոյանի մեկնաբանությամբ սոցիալ-տնտեսական շատ բարդ իրավիճակ է իշխում ներկայիս Հայաստանում: Գլխավոր խնդիրը շրջափակումն է: Դժվար է արտաքին շուկաների (ինչպիսին Եվրոպան է, օրինակ) հետ առեւտուր կազմակերպել: Եվրասիական տնտեսական միությունն էլ նոր է կազմավորված: Հայաստանի մաքսային օրենքներն էլ որոշ դժվարություններ են հարուցում, մինչ մոնոպոլիաներն ու կաշառակերությունը չեն նպաստում երկրի համընդհանուր բարգավաճմանը: Գործազրկությունը շատ բարձր է, առնվազն 30 տոկոս ընդհանուր առմամբ, իսկ Գյումրիումՙ 40-45 տոկոս: Արցախի պաշտպանությունը կարեւոր է Հայաստանի անվտանգության համար, բայց դա ազդում է տնտեսությանը:
2012-ից սկսած Ավոյանն իր ուշադրությունը սեւեռեց Շիրակի մարզի խնդիրների վրա: Նա ընտրվեց «Շիրակի Հայրենակցական միության» (ՇՀՄ) նախագահ: Շահ չհետապնդող այս կազմակերպությունը հիմնվել էր 2000 թվականին եւ առաջին նախագահ էր ընտրվել Հայաստանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների անդամ Սերգեյ Համբարձումյանը: Շուտով ավելի քան հազար հոգի միացել էին կազմակերպությանը եւ 10-ը հանձնախմբեր էին ստեղծվել, որոնք զբաղվում էին Շիրակի մարզի մարդկանց մտահոգություններով:
«Մենք ցանկանում ենք մեր հայրենակիցներին մասնակից դարձնել մեր գործունեությանը: Նոր հայրենակցական միություններ եւս կարող են ստեղծվել եւ համախմբել մարդկանց, ինչպես անցյալում անում էին սփյուռքում», բացատրեց Ավոյանը:
Կազմակերպության գլխավոր նպատակն է վերականգնել արդյունաբերությունն ու առեւտուրը Շիրակի մարզում եւ նրա մայրաքաղաքՙ Գյումրիում, բարելավել գյուղատնտեսական աշխատանքները եւ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Երկու տասնամյակից էլ ավելի ժամանակ է անցել երկրաշարժից ի վեր, սակայն գործազրկությունը, աղքատությունը եւ անապաստան մարդկանց թիվը չի նվազում, որի հետեւանքում արտագաղթը շարունակվում է: «Տեղական կառավարությունը այդքան միջոցներ չունի զբաղվելու այս բոլոր հարցերով», նշեց նա: Արտագաղթը Շիրակի բնակիչներին ստիպել է ցրվել աշխարհով մեկ, Մ. Նահանգներից սկսած մինչեւ Եվրոպա եւ Ռուսաստան: Դիմելով Շիրակից հեռացողներին Ավոյանը կոչ արեց. «Ձեր ծննդավայրը թողնելու պարագայում անգամ, դուք իրավունք չունեք մոռանալ այն: Նյութական օժանդակություն ցուցաբերելը գլխավոր նպատակ չպետք է լինի: Սփյուռքը «փողի տրցակ» չէ միայն: Եթե ձեր ծննդավայրի դպրոցին կարող եք օգնել, օգնեցեք, ինչ որ գործով ապացուցեք ձեր նվիրվածությունը: Եթե չեք կարող, գոնե ձեր զավակին կամ ազգականին ուղարկեք այցելելու հայրենիքը եւ դրանով զորացնելու այն»:
Իր կարծիքով սխալ է մտածել, որ հոռետեսական իրավիճակ գոյություն ունի Հայաստանում: «Սփյուռքը պետք է իմանա, որ Հայաստանը կա, գոյություն ունի, ապրում է: Հակառակ դժվարություններին առողջ ուժերն այնքան հզոր են, որ կարողանալու են, թեկուզ դանդաղ, հզորացնել մեր հայրենիքը: Պետք է լավատես լինել», հորդորեց Ավոյանը, ավելացնելով, որ քննադատությունը պետք է զուգակցվի երկրի զարգացմանը մասնակից դառնալուն:
Զրույցի վերջում Ավոյանը, որպես ՇՀՄ-ի նախագահ, եւ ՌԱԿ-ի գործունյա ղեկավար, կոչ արեց բոլոր հայկական կազմակերպություններին, բարեգործական միություններին եւ քաղաքական կառույցներին նեցուկ կանգնել կարեւորագույն այս ծրագրին:
(կրճատումներով)