Անցյալ շաբաթավերջին հայաստանյան լրատվամիջոցները բավարար իրազեկեցին մարտի 4-6-ը Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում անցկացված Եվրոպահայերի համագումարի մասին: «Հայությունը ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին » անվանյալ տեղեկատվական, հետազոտական խորհրդաժողովը մոտ 45 մասնակից էր համախմբելՙ Գերմանիայի տարբեր քաղաքներից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Չեխիայից, Հունաստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Վիեննայից, նաեւՙ Դուբայից, Երուսաղեմից, Բեյրութից:
«Ցեղասպանություն եւ պահանջատիրություն, Հայաստան- Սփյուռք հարաբերություններ, տարածաշրջանային զարգացումներ եւ մեր անելիքները» խիստ տարողունակ թեմաները եռօրյա խորհրդաժողովում թեպետ արծարծվեցին հնարավորինս աշխույժ ռիթմովՙ ելույթ, քննարկում, այնուհետՙ հարցեր, երբեմն սակայն ընդմիջվեցին երկարաշունչ ելույթներով, ինչը բնականաբար մանրամասնորեն դժվար կլինի ներկայացնել լրագրային մեկ հրապարակման շրջանակներում: Ուստիՙ մեր հպանցիկ հայացքըՙ ստորեւ:
Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանի աղոթքով մեկնարկած եռօրյա հանդիպումների առաջին ելույթը վերապահված էր ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանին : Նա նկատել տվեց, թե մասնակիցների մեջ փոքրաթիվ են կանայք ու երիտասարդները, հույս հայտնելով, թե հաջորդ ժողովին բացը կշտկվի: Եվրոպայում ձեւավորված հայ համայնքների մասին տեղեկատվական ամփոփ պատկեր ուրվագծեցին Գերմանիայիցՙ Ազատ Օրդուխանյանը , Հոլանդիայիցՙ Մաթո Հախվերդյանը : Ռուսաստանում ապրող հայերի խնդիրներին անդրադարձավ Մոսկվայում 2008 -ից ռուսերեն լույս տեսնող «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը: «Ասում ենք Ռուսաստանում գոյություն ունի Հայաստանից դուրս ապրող հայերի ամենամեծ համայնքը, բայց լռում ենք, որ այդ համայնքը չունի քաղաքական դիմագիծ, իրեն պաշտոնապես ներկայացնող քաղաքական ուժ: Դպրոցական, բուհական դասագրքերում հայության մասին ոչինչ չկա այն պարագայում, երբ պաշտոնական տվյալներով Ռուսաստանում ապրում է 2, 5 միլիոն հայ: Հայերի շրջանում հայոց լեզվի հանդեպ հետաքրքրությունը նվազում է: Ռուսաստանում հայ համայնքը որպես ինստիտուցիոնալ կառույց գոյություն չունի», ընդգծեց նա: «Միջին Արեւելքի, Իսրայելի հայ համայնքների խնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ Երուսաղեմում Սուրբ Թարգմանչաց վարժարանում մանկավարժական գործունեություն ծավալող, «Սիոն» պարբերականի խմբագիր Մինաս Գոճայանը: Նրա ներկայացմամբ, Տիգրան Մեծի ժամանակներից Երուսաղեմում բնակվող հայերի ներկայությունը վերջին տարիներին առավել ստվար է դարձելՙ ԽՍՀՄ փլուզումից հետո հրեա-հայ խառնամուսնությունների հետեւանքով ձեւավորված եւ առավելաբար Թել Ավիվում այժմ բնակություն հաստատած 11 հազար հայերը բացարձակապես կապ չունեն ցեղասպանությունից առաջ եւ դրանից հետո Իսրայելում իրենց հայությունը գործով շեշտող, «հայերի իրավունքները ակռաներով» պաշտպանող հին համայնքի հետ:
«Ասիկա արյունոտ վերք մըն է մեզի համար», ասաց բանախոսը, այնուհետ անդրադառնալով երկրի բազմաշերտ բնակիչներին, հրեա-հայ հարաբերություններին, քաղաքական կյանքին, Կնեսեթում հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներին:
Լավիայի հայ համայնքի խնդիրներին անդրադարձավ տեղի «Հավատք» հայկական միության նախագահ Սպարտակ Տեր-Ավետիսյանը , որ ծանուցեց նաեւ ջավախահայության արդի մարտահրավերների մասին:
Քննարկումներին հանդես եկան Ժիրայր Չոլաքյանը (Փարիզ), Զավեն Խաջավյանը (Շվեդիա), Երվանդ Խոսրովյանը (Գերմանիա), Պայծիկ Գալայճյանը (Բեյրութ), Մարտիրոս Չոլաքյանը (Դուբայ), Գեւորգ Հակոբյանը (Վիեննա), Մինաս Հովհաննիսյանը (Հունաստան), Հարություն Սիմոնյանը (Ամստերդամ), Անուշավան Կիրակոսյանը (Հոլանդիա): Արժե ընդգծել, որ ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանիՙ օրակարգը, ժամանակացույցը հարգելու պարտաճանաչությունն էր պատճառը, որ արտահայտվելու ցանկություն ունեցող բոլոր մասնակիցները խոսափողից օգտվելու հնարավորություն ունեցան:
Շաբաթ օրվա քննարկումը նվիրված էր Հայաստան-Սփյուռք համագործակցությանը: Արբանյակային կապի միջոցով Հայաստանի քաղաքական, տնտեսական, հասարակական ներկա վիճակի, ինչպես նաեւ ժողովրդավարացման մասին Երեւանից խոսեցին Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը , կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը եւ Մանվել Սարգսյանը , որի վերլուծության առարկան Արցախի արդի վիճակն էր եւ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ծավալվող զարգացումները: Ալեք Ենիգոմշյանը բազմաբեւեռ վերլուծության մեջ ընդգծեց, որ հայության բոլոր կարեւորագույն հարցերի լուծման նախապայմանն այսօր կենսունակ, հզոր Հայաստանի կերտումն է: Նրա ներկայացմամբ ներքին եւ արտաքին ճնշումների հետեւանքով խոր ճգնաժամում գտնվող Հայաստանի Հանրապետությունը կա՛մ չի գտնի ներքին ուժ եւ լիովին կփլուզվի, կամՙ այս փակուղուց դուրս կգա, կառաջանա լուսավոր ճանապարհով: Հայաստանն այս վիճակից դուրս բերելը նաեւ Սփյուռքի խնդիրն է, ընդգծեց Ենիգոմշյանը: Իրեն ուղղված հարցին, թե ինչո՞ւ է փոքրաթիվ ժողովուրդ դժգոհություն արտահայտելու համար փողոց դուրս գալիս, բանախոսը պատասխանեց, թե հավանաբար ժողովուրդը քաղաքական արդի ուժերի մեջ չի տեսնում իր համար վստահելի այն ուժը, որին մաս կազմի եւ գործնական քայլը արտագաղթն է դառնում:
Հարություն Մեսրոբյանն էլ ընդգծեց, թե հայության բոլոր հարցերը հնարավոր է լուծել, եթե գերակա դառնա հզոր Հայաստանի ստեղծումը: Նրա դիտարկմամբ հայը սոցիալական շարժմամբ հեղափոխություն չի անի, հայը ոտքի է ելնում բացառապես ազգային հարցերի համար, իսկ մեր ազգային հարցը հզոր Հայաստանի ստեղծումն է, ասաց Մեսրոբյանըՙ կոչ անելով ազգային հարցերի շուրջ համախմբման, վերացնելով բաժանարար գծերը եւ ստեղծելով ազգի ոսկե հիմնադրամը: Ժողովուրդը ընտրության մեջ չի տեսնում իր շահը, ասաց բանախոսը ի պատասխան ընտրություններով վիճակը փոփոխելու մասին հարցին, մենք լավին չենք առաջարկում, վատի եւ վատագույնի միջեւ ընտրությունն ենք առաջարկում, նա էլ վերցնում է 5000 դրամը եւ վատը ընտրում, ասաց Մեսրոբյանըՙ հիշեցնելով, թե համաշխարհային լրատվամիջոցները գտնում են մեր արժանիներին, իսկ մենք մեր ներուժը ման գալու պահանջ չենք էլ դրել, պատմականորեն ման ենք գալիս ոսկու հանքերի վրա եւ ոսկին չենք տեսնում:
Մանվել Սարգսյանը նախ հանգամանորեն ներկայացրեց Ղարաբաղյան հարցի արդի վիճակը, Ադրբեջանիՙ տարիներ չփոխվող ռազմավարությունը, մանավանդ վերջին շրջանում շփման գծում սրված արհեստական պատերազմական իրավիճակը, Ադրբեջանիՙ օրեցօր իր իրավունքների համար առավել բարձրաձայն խոսելու, Եվրոպայումՙ տարբեր կառույցների տարաբեւեռ մեկնաբանությունների, կարգավորման հնարավոր վտանգավոր զարգացումների մասին:
Ներկաներից միջազգային իրավունքի մասնագետ Րաֆֆի Գալֆայանը իրազեկեց, թե Հայաստանն ու Սփյուռքը պետք է ապացուցեն աշխարհին, թե Ադրբեջանի տիրապետության տակ մնալու պարագայում հայերի կյանքին վտանգ է սպառնումՙ կսպանվեն: Սա կարելի է օգտագործել լավ լոբբիինգի միջոցով, մեր դիվանագետները Վաշինգտոնում գիտեն այս ճամփան, բայց արտոնություն չունեն, ասաց Փարիզից ժամանած Գալֆայանը:
Մեկ ուրիշՙ նախկին հայաստանաբնակ, այսօր Եվրոպայում հաստատված մի մասնակից նկատեցՙ նախ ճշտենք մեր վերաբերմունքըՙ Ղարաբաղն անկա՞խ է, թե՞ Հայաստանի մաս է: Ո՞վ տվեցՙ Ղարաբաղը անկախ հռչակելով Հայաստանից հեռու պահելու միտքը: Սրան փորձեց պատասխանել հոլանդահայ Մաթո Հախվերդյանը ՙ եթե մի երկիր մյուս երկրի տարածքը գրավի, անեքսիա է, դրա համար էլ տարածքային ամբողջականության իրավունքին միջազգային օրենքով գտնվեց ինքնորոշման իրավունքը: Չեխիայից «Ուրարտու» հայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանն էլ հավելեցՙ ինչու կարող էր Կոսովոն անկախանալ, Ղարաբաղըՙ ոչ, չե՞ք տեսնում համաշխարհային տերությունները շախմատ են խաղում: Գնանք հողակտոր գնենք Ղարաբաղում ու պահենք այսօր Ղարաբաղը: Թե չէ կամաց-կամաց երկրից դուրս են գալիս, ի՞նչ ընտրություն, ժողովրդի վստահության խնդիրն է, խոսում ենք սաշիկներից, լֆիկներից, թե Եվրոպայում ինչ կապիտալ են ձեռք բերել, եւ ոչ մեկը նրանց ձեռքը չի բռնում, միավոր պիտի լինենք, որ մեր ձայնը տեղ հասնի, կոնկրետ առաջարկ արեց նա: Գալֆայանը նորից շեշտեց, թե ռեալիստ պիտի լինել եւ անընդհատ պնդել, թե Ադրբեջանի իրավասության տակ վտանգված է հայերի կյանքի իրավունքը: Քննարկմանը մասնակցում էին նաեւ Արեւմտահայոց Ազգային համագումարը ներկայացնող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանը եւ Կարեն Միքայելյանը :
«Թուրքիան եւ տարածաշրջանային զարգացումները» վերնագրված նիստում հանգամանալից խոսեցին Էդուարդ Ֆիջիջյանը (Բեռլին) եւ Պոլսի «Նոր զարթօնք»-ից Ալեքսիս Քալքը : Հրանտ Դինքը օրինակ է եղել, 2004 թվականին մտավորական, մշակութային գործունեություն ծավալելու նպատակով email – իՙ վերոնշյալ անունով արձանագրված խումբը, ըստ դրա հիմնադիր անդամ, այժմ Գերմանիայում բարձրագույն կրթություն ստացող Ալեքսիսի, աշխույժ գործունեություն է ծավալել եւ այսօր աչքի է ընկնում նաեւ քաղաքական հարցերի հանդեպ իր հստակՙ ձախակողմյան դիրքորոշմամբ: (Ալեքսիս Քալքի հետ մեր հարցազրույցըՙ «Ազգի» առաջիկա համարում):
«Ցեղասպանություն եւ պահանջատիրություն» վերնագրյալ նիստում հանդես եկան Փարիզից ժամանած իրավաբաններՙ ֆրանսահայ իրավաբանների միության համանախագահ Վերժին Դյուսեն եւ մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի FIDH նախկին նախագահ Րաֆֆի Գալֆայանը : Նրա հետ մեր ծավալուն հարցազրույցը «Ազգի» առաջիկա համարում ներկայացնելով ծանուցենք միայն, թե հայկական ԶԼՄ-երը տարածեցին Գալֆայանի հատուցման պահանջի մասին խորհրդաժողովում հնչեցրած կարեւոր թեզերը, անուշադրության մատնելով առավել առաջնայինՙ տվյալների շտեմարան ստեղծելու վերջինիս գաղափարը: Ինչպես բոլոր բանախոսների պարագայում, Գալֆայանին էլ դժվար հարցեր ուղղեցին: 1915-ի ճանաչում, դատապարտում ենք պահանջում, իսկ հանցավոր համակարգի դեմ ինչո՞ւ չենք շարժվում, ասաց Շանթ Ոսկերչյանը ՙ հիշատակելով, թե ՀՀ 3 չընտրված նախագահների քաղաքականության պատճառով հայերն իրենց երկիրն են լքում:
Փարիզում լույս տեսնող «Նոր Յառաջ»-ի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը , որ արձանագրեց, թե զանազան պատճառներով Հայաստանի պատկերը դժբախտաբար սփյուռքահայի մեջ տկարանում է եւ անհրաժեշտ է կենդանի, արթուն պահել Հայաստանը, ընդգծեց Եվրոպայում հայկական լրատվական ցանցի ստեղծման կարեւորությունը: Հայաստանի տկարացող պատկերի մասին արտահայտվեց նաեւ ԵՀՀ Գերմանիայի մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Պետիկյանը : «Հայաստանի պատկերը նախկինում Վիկտոր Համբարձումյանն ու Պարուր Սեւակն էին, Մերգելյանը, այսօրՙ ԱԺ- ի մեջ վտանգավոր երեսներով մարդիկ: Բայց չմոռնանք, Հայաստանն ունի նաեւ Հասմիկ Պապյան», ասաց Պետիկյանը: «Եվ Հենրիկ Մխիթարյան», լսվեց շարունակությունըՙ նա Հայաստանն այնքան PR արեց, որքան չէին արել վերջին տարիներին: Երբ Ազատ Օրդուխանյանը նկատել տվեց, թե եկեղեցի կառուցելու փող միշտ կա, իսկ իրենց մշակութային ծրագրերը հենց նույն պատճառով ուշադրության չեն արժանացնում, Գալֆայանը այսպես պատասխանեցՙ ինծի համար փողի հարցը երկրորդական է, եթե լավ ծրագիր կա, փող կգտնվի: Չպետք է կիսել Հայաստանի եւ Սփյուռքի ապագան: Եթե Հայաստանը չլինի, Սփյուռքը կմեռնի, եվրոպական ինքնությունը կճնշե, ասիմիլյացիանՙ ուծացումը կճնշե: Շանթ Ոսկերչյանը գիտե, որ ներքաղաքական կյանքը Հայաստանում լավ չէ, բայց կփոխվի: Ի՞նչ կոնկրետ որոշում եք ընդունելու, որ Հայաստանում կյանքը փոխվի, ասաց Հայաստանից արտագաղթած մեկը, որ չսպասեց պատասխանի, ձեւակերպեցՙ ասում եք մյուս անգամ… Բայց կարող է մյուս անգամ էլ Հայաստան չլինի:
Դուիսբուրգ, Գերմանիա